Բաքվում ոստիկանությունը խանգարել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հանրահավաքի անցկացմանը, մեկ մարդ է կալանավորվել
Գրեթե երկու ամիս է, ինչ Բաքվում շարունակվում են ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հանրահավաքները։ Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Թորգուլ Գոջաևը 30 օրով կալանավորվել է ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։ Ցուցարարները միանվագ դրամական փոխհատուցում են պահանջում իրենց զոհված կամ անհետ կորած ազգականների համար։ Իսկ իշխանությունները կարծում են, որ նրանց փոխհատուցում չի հասնում։
Հակամարտության էությունը
Ապրիլին նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ղարաբաղյան պատերազմում զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին 11 հազար մանաթ (մոտ 6470 դոլար) միանվագ դրամական փոխհատուցում վճարելու մասին։ Վճարումը սկսվել է հոկտեմբերի 9-ին, սակայն որոշ ընտանիքների մերժել են գումար տրամադրել։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նրանք փոխհատուցում են ստացել 90-աններին, սակայն դա հաստատող որևէ փաստաթուղթ չկա։ Այդ պատճառով էլ, սկսած հոկտեմբերի 16-ից, մի քանի տասնյակ մարդ բողոք են ներկայացնում նախագահի աշխատակազմ և այլ պետական հաստատություններ։ Այդ հանրահավաքները ոչ մի արդյունք մինչև հիմա չեն տվել, սակայն խաղաղ են անցկացվել՝ չհաշված այն փաստը, որ դրանցից մեկի ժամանակ կալանավորվել է լրագրող Աֆղան Սադիղովը.
Իրավիճակը թեժանո՞ւմ է
Երեկվա հանրահավաքը նախորդներին նման չէր։ Առաջին անգամ է, որ մասնակիցներից մեկին կալանավորում են։ Ըստ ականատեսների՝ երբ իրենք մոտեցել են նախագահի աշխատակազմին, Թորգուլ Հոջաևին քաղաքացիական հագուստով երկու մարդ է մոտեցել, նրան մեքենա են նստեցրել և տարել։
• Ցույցերի և Ադրբեջանում բռնի տեղահանվածների կալանքի պատմությունը
• Չլուծված ղարաբաղյան հակամարտության արձագանքներն Ադրբեջանի առօրյա կյանքում
Ցույցի մեկ այլ մասնակից Սևինջ Գուլուզադեն «Կավկազսկի ուզել» կայքին պատմել է, որ դա այնտեղ տեղի ունեցած միակ միջադեպը չէր։
«Նախկինում մեզ գոնե ինչ-որ մեկը լսում էր։ Իսկ այս անգամ ոստիկնությունը փակեց դեպի աշխատակազմի շենք տանող ճանապարհը և թույլ չտվեց հասնել այնտեղ։ Մեզ սկսեցին հետ հրել։ Մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ, նա ընկավ», — պատմել է Գուլուզադեն։
Պաշտոնական կառույցների դիրքորոշումը
Կալանքի փաստը հաստատում են նաև Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանում, սակայն այդ հարցով ոչ մի այլ մեկնաբանություն իրավապահ մարմինները չեն տալիս։ Ինչ վերաբերում է ընհանուր իրավիճակին, ապա դեռ նոյեմբերի սկզբին աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևն ասել էր․
«Այդ մարդիկ բանկային փաստաթուղթ են պահանջում, որը չէր կարող 26 տարի պահպանվել։ Օրենքի համաձայն՝ դրա համար հինգ տարի ժամկետ է նախատեսվում, որից հետո այդ փաստաթղթերը հանձնվում են արխիվ և ոչնչացվում։ Նրանք կարող են դիմել դատարան։ Ճիշտ չէ պատերազմում զոհվածի՝ յուրաքանչյուրիս համար սուրբ անունով մանիպուլյացիա անել»։