Բաքվում նկուղը, որտեղ մարդկանց են հարցաքննել և գնդակահարել, դարձել է խորհրդային բռնաճնշումների հիշատակի թանգարան
Բաքվում բացվել է 1920-1950-ականների քաղաքական բռնաճնշումների թանգարան, երբ Ադրբեջանի և ողջ նախկին Խորհդային Միության հարյուր հազարավոր քաղաքացիներ գնդակահարվել և ճանբարներ էին ուղարկվել քաղաքական շարժառիթներով։
• Հարավային Կովկասը հիշում և հաշվում է «Մեծ տեռորի» զոհերին
• Քաղբանտարկյալների ներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում
Թանգարանի մասին
Թանգարանի բացումը կապված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության 100-ամյա հոբելյանի հետ, փոխանցում է Trend-ը։ Թանգարանը սահմանային ծառայության աշխատակազմի վարչական շենքի նկուղում է, որտեղ 1925թ-ից հետո քաղաքական հոդվածներով դատապարտված մարդկանց են պահել, հարցաքննել և գնդակահարել։ Մարդիկ բռնաճնշումների էին ենթարկվում այլախոհության ցանկացած դրսևորումների և «ժողովրդի թշնամիների» հետ պարզապես ազգակցական կապերի համար, այդ պատճառով էլ զինվորականների, գրողների, պոետների, եվրոպական կրթությամբ մասնագետների ճակատագրերը կիսում էին նրանց կանայք և երեխաները։
Թանգարանում հավաքված են բռնաճնշումներին վերաբերող լուսանկարներ և փաստաթղթեր։ Փաստաթղթերից ամենաառաջինը թվագրված է 1920 թ-ի մայիսի 26, այդ օրը Ադրբեջանը խորհրդային կայսրության մաս էր դարձել։ Ցուցադրված են նաև վերականգնված բանտախցերը, պատժախցերն ու այն սենյակները, որոնցում մարդկանց են հարցաքննել և գնդակահարել։
Բռնաճնշումները ԽՍՀՄ-ում
ԽՍՀՄ-ում բռնաճնշումների գագաթնակետը կարելի է համարել 1937-38թթ-ը։ Այս ժամանակահատվածը կոչում են «Մեծ տեռոր» կամ «ստալինյան բռնաճնշումներ», քանի որ այդ ժամանակ ԽՍՀՄ ղեկավարն Իոսիֆ Ստալինն էր։
«Ամենահամեստ» հաշվարկներով՝ այս տարիներին բռնաճնշումների է ենթարկվել ԽՍՀՄ 13 մլն քաղաքացի։ Ադրբեջանի մասով հստակ թվեր չկան, խոսքը մոտ 70-120 հազար մարդու մասին է (այն դեպքում, երբ այն ժամանակ բնակչության ընդհանուր թվաքանակը 3 միլիոնից մի փոքր ավելին էր)։
Սակայն բռնաճնշումների ժամանակաշրջանն ավելի երկար է տևել՝ 20-ականներից (խորհրդային իշխանության հաստատում) մինչև 1953թ-ը (Ստալինի մահը)։ Երկար ժամանակ այս թեման հասարակությունում չէր բարձրաձայնվում։ Առաջին անգամ բռնաճնշումների մասին սկսել են խոսել 80-ականների վերջին։
Հասարակության արձագանքը
Սոցցանցերում թանգարանի բացումը հեգնական արձագանք է առաջացրել։
Շատ օգտատերեր հիշեցրել են, որ ժամանակակից Ադրբեջանում նույնպես շատ են քաղբանտարկյալներն, ու միջազգային կազմակերպությունները ներկայիս իշխանություններին պարբերաբար մեղադրում են ռեպրեսիվ քաղաքականության համար․
«Իսկ Ադրբեջանի նորագույն պատմության մասին այդ թանգարանում պատահաբար չե՞ն պատմում»;
«Հավանաբար այն գաղութներում, որտեղ հիմա քաղբանտարկյալներին են պահում, հետո այդ թանգարանի մասնաճյուղերն են բացելու»։
Սակայն, ընդհանուր առմամբ, թանգարանը հանրությանը հետաքրքրել է․
«Հաճույքով առաջին իսկ հնարավորության դեպքում կայցելեմ այդ թանգարան։ Պետք է իմանալ սեփական պատմությունը»;
«Այնտեղ պետք է ստիպողաբար տանել բոլոր նրանց, ովքեր Ստալինին մեծ ղեկավար են համարում»։