Բաքվում «կօրինականացնեն» փողոցային արտիստներին, բայց միայն ընտրյալներին
Փողոցային արտիստներին կթույլատրեն հանդես գալ Բաքվի կենտրունում, բայց միայն եթե պետական գերատեսչությունը հավանություն տա նրանց արվեստին։
• Անդերգրաունդ արվեստն Ադրբեջանում. գրաքննություն օգնության դիմաց
• Ժամանակակից ադրբեջանական գրականություն. ի՞նչ է դա
Դեպի փողոց՝ քասթինգի միջոցով
Փողոցային արվեստի զարգացման նախագիծը մշակել է Զբոսաշրջության պետական գործակալությունը՝ զբոսաշրջիկներ գրավելու համար:
Երաժիշտները, արտիստները, նկարիչները, պարողները և փողոցում ելույթ ունենալու ցանկություն ունեցող մյուս արտիստները պետք է հատուկ ընտրական գործընթացով անցնեն:
Նրանք, ովքեր կանցնեն քասթինգը, Բաքվի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից պաշտոնական թույլտվություն կստանան քաղաքի կենտրոնում հանդես գալու համար, և նրանց աշխատանքի համար կստեղծվեն բոլոր պայմանները, գրում է Report-ը:
Թե ինչ չափանիշներով կկատարվի ընտրություն և ինչ պայմաններ կստեղծվեն փողոցային արտիստների համար՝ առայժմ հայտնի չէ:
Ոստիկանությունը քշում է, անցորդները վճարում են
Այսօր Բաքվում փողոցային արտիստները շատ քիչ են: Սուլեյման Քերիմովը երաժիշտ ընկերների հետ մի քանի անգամ փորձել է ելույթ ունենալ Բաքվի փողոցներում և պատմում է, որ առավելագույնը կես ժամ հետո ոստիկանությունն իրենց հեռացրել է:
«Փոխարենը մարդիկ լավ էին արձագանքում և առատ վարձատրում էին», — ավելացնում է նա:
Սուլեյմանը կարծում է, որ փողոցային արտիստներին, իսկապես, պետք է «մաղով անցկացնել»: Բայց նա մտավախություն ունի, որ Ադրբեջանում այդպիսի քասթինգը պարզապես կվերածվի գրաքննության և ցանկացած բանի արգելքի, որը «չի համապատասխանում ազգային մենթալիտետին»:
Սոցիալական ցանցերի արձագանքը
Սոցցանցերի օգտատերերն այդ նախաձեռնությունը քննադատել են.
«Ի՞նչ ընտրություն: Ո՞վ է նման բան տեսել: Փողոցային արտիստներին պետք է «ընտրեն» և գնահատեն անցորդները, ոչ թե պաշտոնյաները»:
«Հիմա քաղաքի կենտրոնով ընդհանրապես հնարավոր չի լինի քայլել»:
«Մի անգամ տեսել եմ՝ ինչպես է ոստիկանությունը քաշքշում երկու երիտասարդների, որոնք պարզապես երգում էին փողոցում և անգամ փող չէին հավաքում»:
«Դե, վերջ, հիմա ամեն քայլափոխի դրանք կլինեն, կիթառներով, նվնվան թուրքական երգերով»: