«Ոչ ոք, ոչինչ չի մոռացվել»․ Բաքվի ջարդերից անցել է 35 տարի
Բաքվի ջարդերի 35-ամյակը
35 տարի առաջ այս օրերին՝ հունվարի 13-20-ը Ադրբեջանի Բաքու քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր։ Դրանք իրականացրել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» շարժումը՝ համագործակցելով օրվա իշխանությունների հետ։
Տարբեր գնահատականների համաձայն՝ ջարդերի հետևանքով զոհվել է 50-100 մարդ։ Հայկական կողմի տեղեկություններով՝ սպանվել է ավելի շատ՝ 150-300 մարդ։ Ջարդերի երրորդ օրը՝ հունվարի 15-ին «Լոս Անջելես Թայմս»-ը գրել է․
«Տղամարդիկ, կանայք և երեխաներ՝ ինչպես երիտասարդներ, այնպես էլ ծերեր, ենթարկվում էին հարձակման և հաճախ սպանվում հայ լինելու պատճառով: Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր»։
Ջարդերից հետո ողջ մնացած հայերը ստիպված էին թողնել իրենց տներն ու հեռանալ Ադրբեջանից։
«Մի քանի օրում Բաքվից բռնագաղթեց ավելի քան 200 հազար հայ: Սպանվեցին հարյուրավոր հայեր: Այսքանից հետո Ադրբեջանի բռնապետը Հայաստանն է անվանում «ֆաշիստական պետություն»,- հայտարարել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը։
Ադրբեջանում սա փակ թեմա է, որը չի շոշափվում։ Վկայություններ են հրապարակում միայն այն ադրբեջանցիները, որոնք ապրում են արտերկրում։
«Նրանց վրա բենզին լցրեցին և այրեցին»․ ի՞նչ են պատմել ականատեսները
Ականատեսները պատմել են, որ ջարդերը հաջորդել են հունվարի 13-ին Բաքվում կայացած բազմահազարանոց հանրահավաքին։ Դրանք, ըստ նրանց, տեղի են ունեցել թեժացող ղարաբաղյան հակամարտության ֆոնին, «ազգամիջյան սրացման և Հայաստանից փախստականների հոսքի հետևանքով»։
«Եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դու՛րս», «Մահ հայերին»․ այս և այլլ հակահայկական կարգախոսներով շարժման ներկայացուցիչները ներխուժել են հայերի բնակարաններ, աշխատավայրեր։ Վկայությունների համաձայն՝ գրանցվել են հայերին ողջ-ողջ այրելու, խոշտանգելու, մասնատելու և տանջամահ անելու, ինչպես նաև աղջիկներին և կանանց բռնաբարելու դեպքեր։
«Ես տեսա, թե ինչպես 9-րդ հարկից մի կնոջ ցած նետեցին»,- հետագայում պատմել է ադրբեջանցի քաղաքագետ, փախստական Արիֆ Յունուսովը։
Ջարդերից օրեր անց «Ադրբեջանի ժողովրդական ճակատի» առաջնորդներից Էթիբար Մամեդովը պատմել է, թե ինչպես են երկաթուղային կայարանում սպանվել երկու հայեր․
«Հավաքված ամբոխը նրանց վրա բենզին լցրեց և այրեց, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, որտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվորներ, որոնք մեքենայով մոտ 20 մետր հեռավորությամբ անցան այդ ածխացած դիակների մոտով։ Ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»։
«Ջարդերի կազմակերպիչը Հեյդար Ալիևն էր»
Տարիներ առաջ արված հարցազրույցներից մեկում քաղաքագետ Արիֆ Յունուսովն ասել է՝ ջարդերը կազմակերպվել էին Հեյդար Ալիևի հրամանով։ Նրա խոսքով՝ 1990 թ․-ի հունվարի վերջին պետք է տեղի ունենար Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի պլենումը, Հեյդար Ալիևը և նրա ողջ թիմը պետք է հեռացվեին կուսակցությունից և անհետանային երկրի քաղաքական ասպարեզից։
«Հեյդար Ալիևը, իհարկե, տեղյակ էր այս ամենից և հանրապետությունում իր մարդկանց միջոցով սկսեց բուռն հակազդեցություններ։ Ադրբեջանի ժողովրդական ճակատում առաջատար դեր ուներ Նեմաթ Փանահլին։ Նրա հետ հանդիպումներից մեկի ժամանակ Հեյդար Ալիևն ասել է՝ «Մեզ շատ արյուն է պետք, շատ արյուն»»։
Յունուսովի փոխանցմամբ՝ հենց Նեմաթ Փանահլին է 1989 թվականի դեկտեմբերի 31-ին կազմակերպել Նախիջևանի պետական սահմանի ոչնչացումը, թեև Մոսկվան արդեն ստորագրել էր համաձայնագիր, որը թույլ էր տալիս բացել սահմանը և խոստացել, որ ՊԱԿ-ի սահմանապահները կրակ չեն բացի։
«Իսկ 1990 թվականի հունվարի սկզբին Փանահլին դարձավ հայկական ջարդերի կազմակերպիչը»,- պատմել է նա։
Հանցագործներն անպատիժ մնացին
Մինչ օրս ստույգ հայտնի չէ՝ քանի հայ է սպանվել Բաքվի ջարդերի հետևանքով։ Այս գործով հետաքննություն չի իրականացվել։ Կատարվածի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել։
Ջարդարարներից մի քանիսը դատական գործընթացով են անցել, ազատազրկման դատապարտվել, սակայն ազատ են արձակվել Ղարաբաղյան առաջին պատերազմի մեկնարկից հետո։
Մեկնաբանություններ
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«35 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած Բաքվի ջարդերը Ադրբեջանի կողմից հայերի և հայկականության նկատմամբ կատարված արյունալի ողբերգություններից ընդամենը հերթականն էին։ Տեղի ունեցածն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության արժանի գնահատականին, ինչը հետագա հանցագործությունների հիմք հանդիսացավ։
Եվ ահա, 35 տարի անց էլ Բաքվում են գտնվում մի քանի տասնյակ հայ գերիներ, ինչը տասնամյակներով շարունակվող հակահայ քաղաքականության հերթական դրսևորումն է։
Կասկած չունեմ՝ սերունդները սա մոռացության չեն տալու, և հայոց պատմությունը մոռացության տալ ցանկացողներին նետելու են պատմության աղբամանը։ Որովհետև հիշել նշանակում է թույլ չտալ կրկնվել»։
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը 168․am-ի հետ զրույցում ասել է․
«Բաքվում հայության ջարդերը ծանր են եղել, լայնամասշտաբ, ծովում մի ամբողջ լաստանավ շրջել են ու կոտորել են այդ մարդկանց։ Նրանց մասին որևէ բան չեն խոսում, ասում են՝ անհետ կորել են։ Բաքվի ջարդերը դաժան էին, փողոցներով համատարած հայությանը կոտորում էին ու ենթարկում էթնիկ զտման։
Ադրբեջանում տեղի ունեցած հայության ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էին, ինչը շարունակվեց նաև 2020 և 2023 թվականներին Արցախում։ Ցավոք, այս մասին այսօր արդեն քիչ են խոսում։ Իսկ ադրբեջանական քարոզչության դեմ աշխատանք տանելը մնացել է մի քանի լրատվամիջոցների ուսերին։ Մինչդեռ պետական մակարդակով այսօր անընդհատ պետք է հիշեցնեն տեղի ունեցածի մասին»։
ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան Տարոն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։ 35 տարի առաջ այս օրերին ԽՍՀՄ ղեկավարության «կանխամտածված լռության» պայմաններում Բաքվում սկսվեցին իրագործվել հայերի էթնիկ զտումներ, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած ցեղասպանական գործողությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ և անհետ կորածներ:
Սումգայիթով, Շուշիով և Գանձակով սկսվեց, Բաքվի Շահումյանի ենթաշրջանի իրադարձություններով ավարտին հասցվեց նախկին Ադրբեջանական ԽՍՀՄ-ի տարածքի հայաթափման գործընթացը, որի հետևանքով շուրջ կես միլիոն էթնիկ հայեր դարձան փախստական:
Իսկ արդեն 21-րդ դարում միջազգային հանրության կողմից անպատժելիության, ինչպես նաև ռուս-թուրք-ադրբեջանական մերձեցման ֆոնին Ադրբեջանը շարունակեց ուժի կիրառման քաղաքականությունը, որի հետևանքով ցեղասպանության ենթարկվեց Արցախում բնիկ ապրող հայությունը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքվի ջարդերի 35-ամյակը