«Բաքվի մեծ պատ»․ Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները վրդովված են 10-մետրանոց հետիոտնային վերնանցումով
Բաքվում նոր վերնանցումի շինարարությունը վրդովմունք է առաջացրել քաղաքացիների շրջանում․ մեծ մասն այն անհեթեթ և շատ անհարմար է համարում։ Այդ հսկայական և պաճուճավոր կառույցի անունն արդեն կնքել են «Բաքվի մեծ պատ» (Չինական մեծ պատի նմանությամբ)։ Իսկ պաշտոնյաներն ասում են, որ ընդամենը հոգ են տանում հետիոտնի անվտանգության մասին։
• Անհետացած երկաթուղի․ ֆոտոպատմություն Վրաստանից
10 մետր՝ ճանապարհից բարձր
Նոր վերնանցումը ճանապարհից գրեթե 10 մետր բարձր է, կրկնակի ավելի, քան սովորականի դեպքում, պատմում է 1news կայքը։ Դրա երկարությունը կլինի 76 մ, իսկ լայնությունը՝ մոտ 4 մ։ Կամուրջը կմիացնի մետրոյի կայարանն ու այգին։
Ճանապարհի այս հատվածում արդեն կա գծանշում, սակայն պաշտոնյաները կարծում են, որ անվտանգության համար դա քիչ է։
«Այստեղ մշտապես մարդ են մեքենայի տակ գցում», — պարզաբանում է «Ադրբեջանական ավտոճանապարհներ» պետական գործակալության ներկայացուցիչ Անար Նաջաֆլին։
Նա կոչ է անում չվախենալ կամրջի չափսերից և խոստանում է, որ վերնանցումում կտեղադրվի երկու ավտոմատ թեքահարթակ և վերելակներ։ Շարժասանդուղքի մասին ոչինչ չի նշվել։
Ինչո՞ւ բարդացնել
Բաքվեցիները պաշտոնյայի պնդումներին չեն հավատում, նոր կամուրջն անճոռնի են անվանում և քննադատում ամեն ինչի համար․
«Ո՞րտեղ են թեքահարթակներ կառուցելու։ Եթե նույնիսկ սարքեն, քանի՞ օր են դրանք աշխատելու»;
«Ոչ գեղեցիկ է, ոչ էլ հարմար։ Անճոռնի թրթուր է»;
«Այս անցումը վատնողության և կոռուպցիայի խորհրդանիշ է»;
Ցավոտ թեմայի սրացում
Վերգետնյա և ստորգետնյա անցումները բաքվեցիների համար «ցավոտ թեմա» են։ Շատերը համարում են, որ դրանք ոչ թե թեթևացնում են, այլ, ընդհակառակը, բարդացնում են մարդկանց կյանքը։
Օրինակ, նման անցումներում և կամուրջների վրա մշտապես չի աշխատում շարժասանդուղքներից մեկը (եթե այն ընդհանրապես կա)։
Բացի այդ, երբեմն այդ անցումները կառուցվում են թույլ երթևեկությամբ նեղ փողոցներում, և պարզ չէ, թե ինչի համար են պետք։