Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը նախատեսվում է 2017թ. հոկտեմբերին
Բաքու- Թբիլիսի—Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի սեպտեմբերին, ասել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարար Ահմեթ Արսլանը TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով՝ այս պահին աշխատանքներ են տարվում Վրաստանի տարածքում նախագծի աշխատանքներն ավարտելու ուղղությամբ:
Արսլանը նշել է, որ սեպտեմբերին ԲԹԿ շինարարության ավարտից հետո հաջորդ ամսվա ընթացքում, այսինքն 2017թ. հոկտեմբերին, տեղի կունենա երկաթուղու բացումը:
Արսլանի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև Կարսում լոգիստիկ կենտրոնի շինարարության ուղղությամբ: «Բաքու—Թբիլիսի—Կարս նախագիծի Մարմարայի նախագծի հետ կստեղծի երկաթուղային միջանցք, որը կմիավորի Եվրոպան Ասիայի հետ: Թուրքական հատվածում այժմ թեսթավորում է ընթանում, իսկ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Գրեթե ամեն ինչ պատրաստ է նաև Վրաստանում՝ բացառությամբ սահմանային հատվածի: Այս աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին: Այդ նախագծի իրականացման արդյունքում, օրինակ, Լոնդոնից եկող բեռները կարող են առանց խոչընդոտների ուղարկվել Պեկին: Ակտաու և Թուրքմենբաշի նավահանգիստներով մենք կարող ենք բեռներ մատակարարել Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Աֆղանստան»,- ասել է Ահմեթ Արսլանը:
ԲԹԿ երկաթուղին կառուցվում է ադրբեջանա—վրացա—թուրքական միջպետական համաձայնագրով: ԲԹԿ միջանցքով բեռնափոխադրման առավելագույն ծավալը կանխատեսվում է տարեկան 17 մլն տոննայի չափով: Նախնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի 1 մլն ուղևորի և 6.5 տոննա բեռների մակարդակի վրա:
Նախապես Բաքու—Թբիլիսի—Կարս նախագծի արժեքը կազմում էր 422 մլն դոլար, դրանից 202 մլն դոլարը պետք է ուղղվեր վրացական, 220 մլն դոլարը՝ թուրքական հատվածի կառուցման վրա, սակայն ավելի ուշ արժեքը վերանայվեց՝ հօգուտ ավելացման: 2008թ. վերջին նախագծի ընդհանուր արժեքը տարբեր գնահատականներով գերազանցում էր 600 մլն ԱՄՆ դոլարը: