Բաքուն սպառնում է Երևանին իր ողջ զինանոցի կիրառմամբ․ ո՞րն է նպատակը
Բաքուն սպառնում է Երևանին «ողջ զինանոցով»
Նախօրեին Բաքուն Երևանին մեղադրել է «սադրիչ գործողություններ» իրականացնելու մեջ և հայտարարել, որ եթե դրանք չդադարեն, «ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»։ Պաշտոնական Երևանը հերքել է «սադրանքների» մասին տեղեկատվությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակն էլ ընդգծել է, որ Հայաստանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են:
Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ այս հայտարարությունն արվում է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի երևանյան այցի ֆոնին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան փոխանցմամբ՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։
«Այժմ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,- շեշտել է դեսպանատունը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ներկա պահին Ադրբեջանը ՀՀ դեմ լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկելու նպատակ չունի, հայտարարությունները «դիվանագիտական խաղի» մաս են։
«ԱՄՆ-ն ուզում է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև ինչ-որ բան ստորագրվի, ինչը կարելի կլինի ներկայացնել որպես Արևմուտքի, մասնավորապես՝ Նահանգների դիվանագիտական հաղթանակ։ Իսկ Ադրբեջանը ամեն կերպ դիմադրում է դրան և փորձում է ժամանակ ձգել մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններ՝ հույս ունենալով, որ Թրամփը կարող է հաղթել, և իրենք ավելին կարող են ձեռք բերել»,- JAMnews-ի հետ զրույցում պարզաբանել է Ղևոնդյանը։
Ի՞նչ է հայտարարել Բաքուն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 25-ի երեկոյան հանդես է եկել հաղորդագրությամբ և պնդել, որ վերջին շրջանում հայկական ուժերը «ծանր զինատեսակներ են կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ»։ Գերատեսչությունից նշել են, որ եթե «սադրիչ գործողությունները չդադարեն», ապա ադրբեջանական Զինված ուժերը կկիրառեն զինանոցում առկա բոլոր միջոցները․
«Հայաստանն ու իր հովանավորները պետք է զերծ մնան նոր պատերազմի օջախ ձևավորելու մտադրությունից»։
Թե ովքեր են հայկական կողմի հովանավորները՝ Բաքուն չի մատնանշել, սակայն քննադատություն է հնչեցրել այն երկրների հասցեին, որոնք խորացնում են Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը․
«ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի»,- ասված է հաղորդագրությունում։
«Հայաստանն իր տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի»
Բաքվի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ այն բնորոշելով «անհասկանալի»։ Հիշեցրել է՝ ադրբեջանական կողմն է անարձագանք թողել սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին Երևանի առաջարկը, որն արվել է հրապարակայնորեն, փոխանցվել է նաև դիվանագիտական խողովակներով։
Մեխանիզմն, ըստ նրա, հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը․
«Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից»։
Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։
«Հայաստանը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում ՀՀ-ն գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում»,- նշել է նա։
Բադալյանը նկատել է՝ ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկել է ստեղծել նաև սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ և կնքել համապատասխան պայմանագիր։ Այդ առաջարկը նույնպես անպատասխան է մնացել։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Ադրբեջանի հայտարարություններն ունեն մի քանի նպատակ։ Ասում է՝ Արևմուտքը Բաքվին ստիպում է փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, ադրբեջանական կողմն այս կերպ փորձում է դիմակայել դրան, բայց ոչ միայն դա։
«Բաքուն փորձում է թիրախավորել բոլոր այն ուժային կենտրոնները, որոնք ՀՀ և Ադրբեջանի միջև հավասար հնարավորությունների քաղաքականություն են վարում։ Իսկ ԱՄՆ և ԵՄ երկրների մեծ մասը նման քաղաքականության կողմնակից են»,- նկատում է Ղևոնդյանը։
Հենց դրանով է նա պայմանավորում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Եվրամիության թիրախավորումը Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմի համար նախընտրելի է բանակցությունների ռուսական, ոչ թե արևմտյան հարթակը։ Հիշեցնում է՝ դեռևս նախորդ տարեվերջից, երբ Ալիևը բոյկոտեց Արևմուտքի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները, Ադրբեջանը հայտարարում է, որ «պատրաստ է բանակցել Մոսկվայում»․
«Այս պահին Ռուսաստանի ու Ադրբեջանի մոտեցումները նույնական են, ունեն համադրվող շահերի շատ մեծ շրջանակ, որոնք հնարավորություն են տալիս Ադրբեջանին այդ հարթակում ՀՀ նկատմամբ լուրջ առավելություն ձեռք բերել։ Հենց դրա համար էլ Երևանը մերժում է ՌԴ-ում բանակցություններ անցկացնելու առաջարկները»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ մինչև 2025 թ․-ի գարուն Բաքուն դժվար թե լայնածավալ ռազմական գործողությունների գնա։
Ասում է՝ չեն ցանկանա կասկածի տակ դնել COP 29-ի իրականացումը, իսկ հետո՝ ձմռանը, հատկապես՝ Հայաստանի լեռնային հատվածներում գործողություններ ձեռնարկելը շատ բարդ կլինի։
«Բացի այդ, այս պահին Բաքուն լայնածավալ գործողություններ սկսելու նպատակ չունի։ Միակ նպատակը, որի մասին հայտարարում են, «Հայաստանի զսպումն» է։ Իսկ Բաքվի համար այս պահին նպատակահարմար չէ զսպում իրականացնել պատերազմի միջոցով»,- ընդգծում է Ղևոնդյանը։
Ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանն էլ այլևս նույնը չէ, ինչը 2021-22 թվականներին, «ավելի մարտունակ» է, «շատ ավելի բարվոք» վիճակում է նաև ՀՀ-Ադրբեջան ռազմական հավասարակշռությունը։ Ուստի հնարավոր գործողությունների արդյունքը շատ ավելի անորոշ է, քան նախկինում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բաքուն սպառնում է Երևանին «ողջ զինանոցով»