Բաքուն ու Թեհրանը նախագծեր են համաձայնեցրել, որոնք կկապեն Իրանն ու Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկօրյա այցն Ադրբեջան բավականին արդյունավետ էր: Այցի արդյունքում 8 միջպետական համաձայնագիր է ստորագրվել, երկաթուղի, համատեղ ավտոմոբիլային ձեռնարկություն է բացվել: Եվ, որ ամենակարևորն է, համաձայնեցվել են նախագծեր Իրանը Ռուսաստանին Ադրբջանի տարածքով կապող «Հյուսիս-Հարավ» զարգացման միջանցքի շրջանակում:
Հետևյալ համաձայնագրերն են ստորագրվել.
- ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով զբաղվող կոմիտեների միջև համագործակցության ծրագիր;
- երիտասարդության և սպորտի նախարարությունների միջև համագործակցության գործադիր պլան;
- մշակույթի և արվեստի ոլորտում փոխանակման ծրագիր;
- առողջապահության ոլորտում համագործակցության գործողությունների ծրագիր;
- Կասպից ծովում էներգետիկ բլոկների համատեղ մշակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր;
- արդյունաբերության ոլորտում համագործակցության ամրապնդման և փոխըմբռնման հուշագիր;
- Տնտեսության և ֆինանսների ոլորտում համագործակցության մասին հուշագիր;
- Աստարա—Ռեշտ երկաթուղու Իրանի տարածքում գտնվող հատվածի շինարարության ֆինանսավորման մասին համաձայնագիր:
Վերջին կետը մեկնաբաններն առավել կարևոր են համարում: Նախագծի բյուջեն կազմում է 500մլն ԱՄՆ դոլար: 2018թ—ի փետրվարին Աստարա (Ադրբեջան)-Ռեստ (Իրան) ուղղությամբ առաջին փորձնական բեռնատար գնացքն է ուղարկվել, այդպիսով Ադրբեջանի տարածքով Ռուսաստանն ու Իրանը կապող «Հյուսիս—Հարավ» տրանսպորտային միջանցքի հիմքն էր դրվել:
Ռոհանիի այցի շրջանակում տեղի ունեցավ նաև ադրբեջանաիրանական առաջին համատեղ ավտոմոբիլային գործարանի բացումը: «Հիմնադիրները Iran Khodro և Azeurocar ընկերություններն են: Ձեռնարկությունում կարտադրվեն Dena, Rana, Soren և Samand մակնիշի մեքենաներ, ինչպես նաև Peugeot—ի մի շարք մոդելներ: Նախագիծը գնահատվում է 25մլն դոլար, գործարանի առավելագույն հզորությունը կազմելու է տարեկան 10 հազար մեքենա: Ավտոմեքենաները պլանավորվում է արտահանել ԱՊՀ շուկաներ», — գրում է moscow—baku.ru կայքը:
Իրանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության մակարդակը:
«Մենք Ադրբեջանի կողքին ենք: Եթե Իրանն անվտանգության մեջ լինի, Ադրբեջանը նույնպես անվտանգության մեջ կլինի: Եթե Ադրբեջանը զարգանա, Իրանը նույնպես կզարգանա», — ասել է Ռոհանին: