Բաքուն կվճարի 2014 թ.-ին գերեվարված երկու հայերի իրավունքների ոտնահարման համար
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է վճարել 40.000-ական եվրո երկու հայ գերիների իրավունքների ոտնահարման համար։ Խոսքը 2014 թ․-ին գերեվարված Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի մասին է։ Քիչ առաջ որոշումները հրապարակվել են ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում։
- Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան
- Ի՞նչ կտա ԵԽԽՎ ընդունած բանաձևը Հայաստանին։ Հայ փորձագետները լավատես են
- Եվրոպական դատարանն Ադրբեջանին տուգանել է ևս 118 հազար եվրոյով
Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ՝ գերիներից յուրաքանչյուրի իրավունքների ոտնահարման համար պաշտոնական Բաքուն պետք է վճարի 40.000-ական եվրո։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014 թ․ հունվարին։ Ադրբեջանական կողմը 77-ամյա Խոջոյանին հայրենիք էր վերադարձրել ամիսներ անց՝ մարտի 4-ին։ Որոշ ժամանակ անց, սակայն, Մամիկոն Խոջոյանը մահացել էր։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ մահվան պատճառը եղել էր օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:
Տավուշի մարզից էր նաև Կարեն Պետրոսյանը։ Չինարի գյուղի բնակիչը մոլորվելու արդյունքում ադրբեջանական կողմում էր հայտնվել 2014 թ. օգոստոսի 7-ին։ Կարճ ժամանակ անց նրան ձերբակալել էին, հաջորդ օրն էլ հայտարարել, թե՝ մահացել է սրտի կաթվածից:
Փորձելով թաքցնել բռնության հետքերը՝ Բաքուն Կարեն Պետրոսյանի աճյունը հայկական կողմին էր փոխանցել 2014 թ․ հոկտեմբերին։