Բարեկենդան` հայկական դիմակահանդես
Դիմակներով, երգով, պարով և ամենակարևորը՝ ուրախ տրամադրությամբ են նշում հավատացյալ և նույնիսկ ոչ շատ հավատացյալ երևանցիները Բարեկենդանը, գարնան սկիզբն ազդարարող տոնը:
Այն Հայ Առաքելական եղեկեցու շարժական տոներից է: Նշվում է Մեծ պահքին նախորդող օրը: Այդ պատճառով մարդիկ այդ օրը ոչ միայն խաղեր և տոնակատարություններ են կազմակերպում, այլ և ճոխ սեղաններ են բացում՝ պատրաստվելով երկարատև՝ 48-օրյա պահքին:
Բարեկենդանը հիշեցում է երջանկության մասին, այն դրախտային կյանքի, որից զրկվեցին Ադամն ու Եվան՝ ճաշակելով Կենաց ծառի պտուղը: Այս տոնը նշելով՝ մարդիկ քայլ են անում դեպի առաքինի կյանք, սգից անցնում են ուրախության, չարքից՝ բարության: Այդ է պատճառը, որ յուրաքանչյուր քրիստոնյա ապաշխարհությամբ է մտնում Մեծ պահք:
Նախկինում Բարեկենդանին շատերը չարի դիմակներով, սարսափազդու կերպարներով են հանդես գալիս, որպեսզի վախեցնեն չարքերին և հեռացնեն իրենցից: Այսօր էլ շատերը նման դիմակներ են նախընտրում:
Երևանում տոնի հիմնական կազմակերպիչը սովորաբար Արարատյան հայրապետական թեմն է։ Դիմակներով երիտասարդները Սուրբ Սարգիս եկեղեցուց են սկսում տոնակատարությունն ու շարժվում երգով ու պարով դեպի դեպի Ազատության հրապարակ:
Թատերական ներկայացումներ, խաղեր, մրցույթներ, ուտեստների ցուցադրություն-վաճառք՝ այս ամենը ուրախ մթնոլորտ է ստեղծում։
Եվ, իհարկե, տոնը նշում են ոչ միայն մայրաքաղաքում, այն սիրված է ամբողջ Հայաստանում: Կազմակերպիչների կարծիքով, տոնակատարության այս ձևը նպաստում է ազգային ավանդույթների պահպանմանը: