Բայդենի և Պուտինի բանակցությունները․ պատժամիջոցների սպառնալիք և Կրեմլի պահանջները
Բայդենի և Պուտինի բանակցություններն Ուկրաինայի շուրջ
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները տեսահանդիպում են անցկացրել, որի ընթացքում հիմնականում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ջո Բայդենը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն լուրջ տնտեսական և այլ միջոցներով կպատասխանի Ուկրաինայի սահմանին ռազմական սրացման դեպքում։ Իսկ Պուտինը երաշխիքներ է պահանջում, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք։
Ինչպես հաղորդում է ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերությունը, վկայակոչելով Սպիտակ տան և Կրեմլի պաշտոնական հայտարարությունները, կողմերը կարծիքներով են փոխանակվել ստեղծված ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ։
- «Իսկանդերներ» և Կիևի օկուպացիա։ Ի՞նչ են Ուկրաինայում խոսում ռուսական ագրեսիայի պլանների մասին
- Ինչո՞ւ է ցրվում Զելենսկու թիմը, և ո՞ւր է գնում Ուկրաինան
- Գնալ «Եվրոպա»՝ հացի։ Կյանքն ուկրաինական ճակատամերձ գյուղում
Բայդենն ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խորը անհանգստությունն է հայտնել ուկրաինական սահմանին Ռուսաստանի ռազմական ուժերի կուտակման առնչությամբ։ Նա ընդգծել է․ ռազմական սրացման դեպքում ԱՄՆ-ն ու դաշնակից երկրները կպատասխանեն Ռուսաստանի դեմ «լուրջ տնտեսական և այլ միջոցներով»։
ԱՄՆ նախագահը վերահաստատել է աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և դեէսկալացիայի ու դիվանագիտությանը վերադառնալու կոչ է արել։
Բայդենի հայտարարությանը Պուտինը պատասխանել է, որ «չարժե պատասխանատվությունը Ռուսաստանի ուսերին գցել», որովհետև ՆԱՏՕ-ն իբր «ուկրաինական տարածքների յուրացման» վտանգավոր քայլեր է ձեռնարկում և մեծացնում է ռազմական ներուժը ՌԴ տարածքների հարևանությամբ։

Կրեմլը նշում է, որ Ռուսաստանն ուզում է ստանալ «իրավաբանորեն ամրագրված երաշխիքներ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի արևելյան ուղղությամբ» և որ ՌԴ հարևան երկրներում չեն տեղակայվի հարվածային գրոհային համակարգեր։
Բացի այդ, Կրեմլը հայտարարել է Մինսկի պայմանավորվածությունների և «նորմանդական ձևաչափի» վերաբերյալ «Կիևի ապակառուցողական քաղաքականության» մասին։
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները բանակցությունները սկսել են տեսակոնֆերանսի ձևաչափով, Կիևի ժամանակով 17:00-ին և ավարտել երկու ժամից։
ՌԴ և ԱՄՆ նախագահները շփման այդ ձևաչափն առաջին անգամ են օգտագործում։ Պուտինը գտնվում էր Սոչիի իր նստավայրում, իսկ Բայդենը՝ Սպիտակ տանը, Վաշինգտոնում։
Բանակցություններն անցկացվել են փակ ձևաչափով, ռուս-ուկրաինական սահմանին նոր սրացման և այն տեղեկության ֆոնին, որ Ռուսաստանը կարող է լայնամասշտաբ ռազմական ներխուժում նախապատրաստել Ուկրաինայի տարածք 2022 թ-ի սկզբին։
Այս զրույցից առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն Արևմուտքին առաջարկում է բանակցություններ սկսել այն բանի շուրջ, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվի դեպի արևելք։ Բայդենն, իր հերթին, ընդգծել էր, որ չի ճանաչում ոչ մի «կարմիր գիծ», որը Կրեմլը փորձում է գծել ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հարցում։