Բայդենը դառնում է ԱՄՆ նոր նախագահը. ինչո՞ւ են շատերը դեռ համակրում Թրամփին
Ջո Բայդենը փաստացի հաղթեց ԱՄՆ-ի, ամենայն հավանականությամբ, ամենաբարդ նախագահական ընտրություններում: Հաղթանակը դեռ չի հայտարարվել, դեռ մնացել է ձայների մի փոքր տոկոս հաշվել:
Ինչո՞ւ էր Բայդենի հաղթանակը Թրամփի հետ պայքարում այդչափ բարդ, չնայած նախկին նախագահի թերություններին, որոնք լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում անվանում են «ճչացող»:
Գիշերը (Հարավային Կովկասի ժամանակով առավոտյան ժամը 8-ին) Ջո Բայդենը հայտարարությամբ հանդես եկավ և նաև թվարկեց իր առաջնահերթությունները.
- պայքար կորոնավիրուսի դեմ,
- տնտեսության վերածնունդ,
- պայքար կլիմայի փոփոխության դեմ,
- պայքար համակարգային ռասիզմի դեմ։
Բայդենը կոչ է արել մարդկանց համբերատար լինել և վստահել ժողովրդավարական համակարգին:
«Մենք կրկին կապացուցենք այն, ինչը ապացուցել ենք 244 տարվա ընթացքում այս երկրում. ժողովրդավարությունը գործում է: Ձեր ձայնը հաշվի կառնվի», — ասել է նա:
Սպասվում է, որ ընդհանուր մասնակցությունը 120 տարվա մեջ ամենաբարձրը կլինի ԱՄՆ ընտրություններում և կկազմի 66,9%: Ջո Բայդենը և նրա ապագա փոխնախագահ Քամալա Խարիսը ստացել են շուրջ 74 միլիոն ձայն:
ԱՄՆ ընտրությունների ընթացքում հիմնական իրավիճակների և նոր նախագահի ու նրա Ժողովրդավարական կուսակցության ղեկավարությամբ երկրի հեռանկարների մասին։
Սուտը՝ որպես Թրամփի նախագահության ֆիրմային նշան
Սուտը ուղեկցել է Դոնալդ Թրամփին նրա նախագահության ողջ ընթացքում: Բայց նրա վերջին ելույթը դրա գագաթնակետն էր, և ամերիկյան մի քանի հեռուստաընկերություններ նույնիսկ հրաժարվեցին այն հեռարձակել:
Մասնավորապես, ամերիկյան MNBC հեռուստաալիքի հաղորդավարը հայտարարեց.
«Մենք ընդհատում ենք Դոնալդ Թրամփի ելույթի հեռարձակումը, քանի որ այն պարունակում է փաստերին հակասող պնդումներ»:
Դա աննախադեպ էր ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ:
- Կարծիք․ Պուտինն օգտագործում է Թրամփին, Եվրոպան պետք է աչալուրջ լինի
- ԱՄՆ, ցույցեր․ ինչո՞ւ են գեներալներն ու նախկին նախագահները դեմ Թրամփին
Իսկ Դոնալդ Թրամփն ինքը՝ որպես քաղաքական կերպար, չունի նախատիպեր:
Ամերիկյան լրատվամիջոցները հաշվել են, որ նախագահի պաշտոնում Թրամփը ավելի քան 5 հազար անգամ փաստերին հակասող հայտարարություններ է արել:
Դրանցից ամենահայտնիները.
- «Կորոնավիրուսը սովորական գրիպ է, որը արագ կանցնի» (համավարակի կիզակետում),
- «ՆԱՏՕ-ն թալանում է ԱՄՆ-ն» (այն մասին, թե այդ կազմակերպության բյուջեն անարդար է ձևավորվում),
- «Համավարակը ԱՄՆ-ի տնտեսությանը չի վնասել» (ևս 6 միլիոն մարդ այդ ընթացքում աղքատության շեմին են հասել)։
Էլ ինչո՞ւմ են մեղադրում Դոնալդ Թրամփին
Համակարգված սուտը գործող նախագահի միակ թերությունը չէ:
Նրա օրոք և նրա ուղղակի դրդմամբ ամերիկյան հասարակության մեջ հակասությունները կտրուկ սրվեցին: Նախևառաջ՝ ռասայական:
Զգալիորեն աճեց ոչ սպիտակամորթ մարդկանց, ԼԳԲՏ անձանց, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնության դեպքերի թիվը:
Դոնալդ Թրամփը մեղադրվում է նաև ամբողջ աշխարհում բռնապետական ռեժիմների նկատմամբ չափազանց հանդուրժող լինելու մեջ: Առաջին հերթին օրինակ են բերում նրա համակրանքը այնպիսի առաջնորդների հանդեպ, ինչպիսիք են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինը և Էրդողանը:
Բացի դրանից, Թրամփը վարել է մեկուսացման արտաքին քաղաքականություն. նա հաշվի չի առել, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում երկրի սահմաններից դուրս իրավիճակի համար: Համարվում է, որ դա դեր է խաղացել աշխարհում մի քանի զինված հակամարտությունների սրման գործում, այդ թվում Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում:
Ինչո՞ւ Դոնալդ Թրամփը եկավ իշխանության և հայտնի դարձավ
Թրամփի և Հանրապետական կուսակցության հաղթանակը 2016-ի ընտրություններին հնարավոր եղավ ԱՄՆ Ժողովրդավարական կուսակցության վերջին 50 տարիների ձախողված քաղաքականության պատճառով, կարծում է բրիտանական The Guardian թերթի մեկնաբան Օուեն Ջոնսը:
Նախորդ կառավարության հիմնական սխալների մասին, երբ իշխանության էին Բարաք Օբաման և Ժողովրդավարական կուսակցությունը.
- Անխոհեմ ֆինանսական աջակցություն նրանց, ովքեր նախընտրում են չաշխատել և օգտվել արտոնություններից՝ բարեխիղճ հարկատուների հաշվին:
- Էթնիկ փոքրամասնությունների արմատականներին ոչ բավարար կոշտ հակադրություն՝ այն հաշվով, որ ոչ սպիտակամորթ բնակչությունը ի պատասխան ընտրություններում կաջակցի Դեմոկրատական կուսակցությանը:
- ԱՄՆ-ում աշխատատեղերի վերացում. խոշոր կորպորացիաների դեմ վարվող քաղաքականությունը նրանց թույլ տվեց արտադրությունը անպատժելիորեն տեղափոխել այլ երկրներ:
Հենց այս խնդիրների պատճառով Ջո Բայդենի հաղթանակը այնքան էլ տպավորիչ չեղավ. նրա առավելությունը Թրամփի նկատմամբ մի քանի նահանգներում տարբերվել է ընդամենը մի քանի հազար ձայնով:
Եվ Սպիտակ տանը Բայդենի հայտնվելուց հետո այդ խնդիրները չեն վերանա: