Ադրբեջանցի ակտիվիստը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման. «Ոչ թե կալանք, այլ ռեժիմի դիմանկար»
Բահրուզ Սամեդովը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման
Ադրբեջանցի հետազոտող, խաղաղության ակտիվիստ և ասպիրանտ Բահրուզ Սամեդովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, սակայն փաստաբանի խոսքով՝ մեղքը ապացուցված չէ:
Որոշումը հունիսի 23-ին կայացրել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը: Մեղադրող դատախազը նախորդ նիստում Բահրուզի համար որպես պատիժ պահանջել էր 16 տարվա ազատազրկում: Դատավճռի հրապարակումից առաջ Սամեդովն ի նշան բողոքի հացադուլ էր հայտարարել, այնուհետև ինքնասպանության փորձ արել:
Բահրուզի տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան «Meydan TV»-ին տված հարցազրույցում պատմել է, որ վերջին պահին նրան փրկել է բանտի խցակից ընկերը:
Բահրուզ Սամեդովը ծնվել է 1995 թվականին Բաքվում: Նա սովորում է Կառլի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում։ Վերջին տարիներին հայտնի է դարձել Ադրբեջանի քաղաքական համակարգի, ավտորիտար միտումների և ղարաբաղյան հակամարտության հարցերի վերաբերյալ իր խաղաղարար դիրքորոշումներով: Նրա հոդվածները հրապարակվել են միջազգային հարթակներում, ինչպիսիք են OC Media-ն, Eurasianet-ը, OpenDemocracy-ն, IWPR-ը և այլք:
2020 թվականի ղարաբաղյան պատերազմի դեմ իր դիրքորոշման, խաղաղության ու համակեցության պաշտպանության համար պաշտոնական ԶԼՄ-ները նրան ներկայացրել են որպես «դավաճան» և «հայամետ»:
- Ադրբեջանցի ակտիվիստը բանտից աջակցություն է խնդրել Հայաստանի վարչապետից
- Ադրբեջանին մեղադրում են Իսրայելի օգտին լրտեսության մեջ, Բաքուն հերքում է
- «Դիվանագիտական ճեղքումներ չեղան». Փաշինյան-Էրդողան ստամբուլյան հանդիպման մասին
2024 թվականի օգոստոսին Սամեդովը ձերբակալվել էր Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Նրա ընտանիքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալության ժամանակ տանը իրականացվել էր խուզարկություն, առգրավվել էին համակարգիչն ու անձնական փաստաթղթերը: Դրանից հետո ընտանիքը երկու օր շարունակ չէր կարողացել կապ հաստատել նրա հետ:
Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը Բահրուզի դեմ քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) և խափանման միջոց ընտրել չորս ամիս կալանավորումը: Բահրուզ Սամեդովը մեղքը չէր ընդունել և հայտարարել էր, որ չնայած Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքներին՝ դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել:
Ակտիվիստը նշել էր, որ իրեն պատժում են խաղաղության կոչ անող և պատերազմի դեմ հոդվածների համար: Նա նաև տեղեկացրել էր Պետական անվտանգության ծառայությունում գտնվելու ժամանակ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ենթարկվելու մասին:
«Ալիևի ռեժիմը թշնամաբար է տրամադրված ոչ միայն մտքի ազատության, այլև խաղաղության հանդեպ»
Բահրուզ Սամեդովի կալանավորումը դատապարտել են մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ: Չեխիայի Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել նրա դեմ հարուցված գործի առնչությամբ: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Բրյուսելը ուշադրությամբ հետևում է այս միջադեպին: Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել Բահրուզ Սամեդովի դեմ քրեական հետապնդումը:

Ֆեմինիստ և խաղաղ ակտիվիստ Սևինջ Սամեդզադեն սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ Բահրուզի մասին գրում է հետևյալը.
«Նրա հանցանքը լրտեսությունը չէ: Սաբոտաժը չէ: Նա «ոչ» է ասել պատերազմին»:
Սամեդզադեի կարծիքով՝ Բահրուզը պատժվել է խաղաղության հանդեպ հավատի համար:
«Սա միայն Բահրուզին չի վերաբերում: Սա վերաբերում է ողջ համակարգին։ Ալիևի ռեժիմը թշնամաբար է տրամադրված ոչ միայն մտքի ազատության, այլև խաղաղության հանդեպ», — հայտարարել է նա:
Սամեդզադեն նաև քննադատել է ադրբեջանական կառավարության դերը միջազգային քաղաքականության մեջ: Նրա խոսքով՝ Իսրայելին նավթ վաճառելով՝ երկիրն անուղղակիորեն աջակցում է Գազայում տեղի ունեցողին, Ռուսաստանին լոգիստիկ հնարավորություններ տրամադրելով՝ անուղղակիորեն նպաստում Ուկրաինայի դեմ պատերազմին։ Բացի այդ, փակ է պահում երկրի ցամաքային սահմաններն ու հասարակությունն ընկղմում աղքատության մեջ:
Ամփոփում
Բահրուզ Սամեդովի կալանավորումը պարզապես երիտասարդ գիտնականի ազատազրկում չէ, սա պատիժ է նրանց համար, ովքեր գրում են, հարցեր են տալիս և խաղաղություն են ուզում։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ վախը անցողիկ է, և այս լռությունը անպայման կխախտվի:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բահրուզ Սամեդովը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման