Բախտորոշ ապտակ բռնցքամարտիկին
Այսօր պրոֆեսիոնալ բռնցքամարտում Կատաղի Ցուլ պատվանունով հայտնի Վախթանգ Դարչինյանի 40-ամյակն է:
Վանաձորցի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին 2000 թվականին քչերն էին ճանաչում: Այդ տարին Վախթանգը ներկայացրեց Հայաստանը Սիդնեյում կայացած օլիմպիական խաղերին: 24-ամյա մարզիկը զբաղեցրեց 5-րդ մրցանակային տեղը:
Մինչ այդ նա հասցրել էր 4 անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն (1997—2000), Եվրոպայի չեմպիոնատի (1998), Աշխարհի գավաթի (1998) և Բարի կամքի խաղերի (1998) մրցանակակիր:
Անմիջապես օլիմպիական խաղերից հետո Ավստրալիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբներից մեկը մարզիկին առաջարկեց պայմանագիր կնքել, մնալ Ավստրալիայում ու զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով:
Առաջարկը մարզիկին կանգնեցրեց ընտրության առաջ. վերադառնալ հայրենիք, թե մնալ Ավստրալիայում: Մարզիչը՝ Վազգեն Բադալյանը նրան հորդորեց վերադառնալ ու մասնակցել առաջիկայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը.
«Ասացի՝ Վախթա՛նգ ջան, աշխարհի առաջնություն կա, արի դրան մասնակցի, հետո կորոշես ինչ անել: Ես իրականում շատ մեծ ռիսկի դիմեցի, որովհետև կարող էր հետ գալ ու չթողնեին գնար:
Ինձ լսեց, եկավ, սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարները որոշեցին, որ այդ մարզիկն իրենց էլ պետք չէ: Ու պարզ տեքստով ասացին՝ նա մյուս օլիմպիական խաղերի ժամանակ կլինի 28 տարեկան, մենք ավելի երիտասարդ մարզիկի հետ ենք ուզում պարապենք»:
Իր նկատմամաբ դրսևորված վերաբերմունքից վիրավորված Վախթանգը մի պահ ափսոսում է, որ հետ է վերադարձել: Մարզիչը նրան հուսադրում ու հորդորում է. «Ասացի՝ ոչինչ, տղա՛ ջան, Հայաստանում քեզ չեն ընդունում, ուրեմն գնա»:
Ու Վախթանգը գնաց՝ ինքն իրեն, Հայաստանին ու աշխարհին ապացուցելու, որ կարող է հասնել ավելիին: Թեև գնաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից վիրավորված, բայց դա չխանգարեց, որ բոլոր մենամարտերին բարձրացնի Հայաստանի դրոշը:
Կարճ ժամանակ անց Վիկը դարձավ Ավստրալիայի չեմպիոն, և հենց այդ ժամանակ նրան մարզաշխարհը կնքեց Կատաղի Ցուլ անունով: 2004 թ. դարձավ աշխարհի չեմպիոն IBF վարկածով: Այդ հաղթանակը պարգևեց Հայաստանին առաջին պրոֆեսիոնալ չեմպիոն ունենալու պատիվը: Ավելի ուշ նա նվաճեց IBO վարկածով գոտին, դրանից հետո՝ WBC, WBA վարկածով գոտիները: Ու թեև դրանք տարիների ընթացքում նա կորցրեց, սակայն մարզիչը, միևնույնն է, հպարտ է իր սանով, իսկ բռնցքամարտիկը պատրաստ է շարունակել չեմպիոնական կոչումների համար պայքարը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրած 15 տարիների ընթացքում մարզիկն ունեցել է 51 մենամարտ, որոնցից 42-ն ավարտել է հաղթանակով, ընդ որում՝ 31-ը նոկաուտով:
Ու թեև մարզական մեկնաբաններն արդեն մի քանի տարի է խոսում են նրա մրցագորգից հեռանալու անհրաժեշտության մասին, 40-ամյա բռնցքամարտիկը դեռևս չի պատրաստվում թողնել ռինգը:
Բռնցքամարտի նկատմամբ սերը Վիկի մոտ հայտնվել է 5 տարեկանից: 1983-ին, երբ նա 7 տարեկան էր, Վախթանգին բռցքամարտիկ հորեղբոր տղան արդեն բերեց մարզադահլիճ:
Վիկի առաջին մարզիչ Վազգեն Բադալյանը հիշում է այդ օրը. «Շատ փոքր էր, ասացի՝ չեմ կարող ընդունել: Հետո հայրը եկավ՝ թե շատ է ուզում գա, խնդրում եմ ընդունեք, գլուխներս ազատենք»: Ասում է, որ փոքրամարմին տղան նրան առաջին հայացքից փոքր դինոզավր հիշեցրեց. «Ջլակազմ, ունքերը՝ կիտած, ու զգացի, որ ներքին մղում կա նրա մեջ: Շատ էր տարբերվում մյուսներից: 7 տարեկանում արդեն լուրջ սպորտային կեցվածք ուներ»:
Վախթանգը հիմա էլ չի կարողանում ապրել սպորտից դուրս: Ամիսներ առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ Վիկն ասել էր.
«Ուզում եմ ամբողջ աշխարհին ապացուցել, որ տարիքը նշանակություն չունի: Գլխավորը տարիքը չէ, այլ մոտիվացիան և հաղթանակի քաղցը»:
Շնորհավորում ենք մարզիկին հոբելյանի կապակությամբ և մաղթում հաղթանակներ: