Բախումներ ընդդիմության և ոստիկանների միջև. ի՞նչ է կատարվել Երևանի կենտրոնում
Ոստիկանության հետ բախումներ Երևանի կենտրոնում
Ընդդիմադիրների կողմից փակված Ֆրանիսիայի հրապարակից այսօր ևս մեկնարկել են բողոքի ակցիաներ: Դրանք, ի տարբերություն նախորդ օրերի, անցել են թեժ մթնոլորտում: Մասնավորապես, «Դիմադրություն» շարժման անդամների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել կառավարական երրորդ մասնաշենքի հարևանությամբ:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել ավելի քան 100 քաղաքացի:
Ի՞նչ է հաղորդվում բախումների ընթացքում վիրավորված, բերման ենթարկված քաղաքացիների մասին, ինչպես նաև լուսանկարներ
Ընդդիմության հերթական ակցիան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքարի դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը պնդում է՝ Հայաստանի գործող իշխանությունն ուզում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում:
Մայիսի 30-ին ընդդիմադիրները երթով կառավարական երրորդ մասնաշենք էին հասել՝ հասկանալու՝ նախարարները կո՞ղմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։
Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն այսպես է մեկնաբանել ընդդիմության ակցիան: Նրա փոխանցմամբ՝ այս «շատ հստակ և ուղիղ պահանջով» պետական տարբեր կառույցներ են այցելելու նաև առաջիկա օրերին:
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ առաջարկելով ընդունել Արցախի մասին հայտարարություն: Ընդդիմադիրները պնդում են՝ Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ Ադրբեջանի հետ սահմանագծում անցկացնելու նախապայմանը ռազմագերիների վերադարձն ու ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերումն է: Բացի այդ՝ սահմանազատման արդյունքում պետք է բացառվի Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը, իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում` որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանությունը:
ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հունիսի 3-ին կայանալիք նիստին: Իշխող ուժի կարծիքով՝ «առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով»։
«Ամիսներ շարունակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է միջխորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը՝ հրաժարվելով Արցախի և արցախահայության շահերը ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում»,- գրել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու հավելել, որ «սա լավագույնս քողազերծում է ընդդիմության իրական մոտիվները»։
Մինչ քայլերթի մեկնարկը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ հիշեցնելով օրեր առաջ ընդդիմության ընդունած հայտարարությունը.
«Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի և Արցախի միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ, Արցախն անկլավ չի լինելու»,- հայտարարության հիմնական դրույթներն է վերահաստատել Սաղաթելյանն ու ընդգծել «դրանք այն կարմիր գծերն են, որոնց հատումն անընդունելի է հայի համար»:
Սաղաթելյանի այս ելույթից հետո շարժման անդամները երթով շարժվել են դեպի կառավարական երրորդ մասնաշենք, որտեղ արդեն իսկ կենտրոնացված են եղել ոստիկանության մեծաթիվ ուժեր:
Բախումներ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Ոստիկանները թույլ չեն տվել շենք մտնել ոչ միայն ցուցարարներին, այլև ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր ունեն պետական կառույցներ մուտք գործելու իրավունք: Ընդդիմադիրների և ուժայինների միջև սկսվել է հրմշտոց, որի արդյունքում մի քանի քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է: Շարժման անդամներին չի հաջողվել մուտք գործել շենք, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ: Ոստիկանության հետ բախումների արդյունքում շատերն ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել, մյուսներն էլ շարունակել են երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որն արդեն մի քանի շաբաթ է, ինչ փակ են պահում ընդդիմադիրները:
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի (Վահրամ Բաղդասարյան)
Ի՞նչ է հաղորդվում վիրավորների և բերման ենթարկվածների մասին
Հաղորդվում է, որ բախումների արդյունքում կան նաև տուժածներ: Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի տեղեկացմամբ՝ կառավարության շենքի շրջակայքից շտապօգնության մեքենայով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 4 քաղաքացի, նրանք գտնվում են հետազոտման փուլում:
«Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դանիելյանը:
Նրա փոխանցած տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:
Ոստիկանությունից հայտնել են, որ կառավարական մասնաշենքի հարակից տարածքից բերման են ենթարկել 111 քաղաքացու:
Ոստիկանության հետ բախումներ Երևանի կենտրոնում