Արևային էներգիայի օգտագործման մասին՝ Երևանի բնակիչը, գործարարն ու փորձագետը
Արևային էներգիայի օգտագործման առավելությունները
Հայաստանում կտրուկ ավելացել է արևային էներգիան օգտագործող անհատների ու կազմակերպությունների թիվը: Արևային կայանների թիվը 4 տարում աճել է 4 անգամ։ Էներգետիկայի հայկական գործակալության տվյալների համաձայն 2022թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայկական էլեկտրական ցանցերին միացված է 9835 ինքնավար արևային կայան և ընթացքում են 691-ի միացման աշխատանքները: Սա այն դեպքում, երբ 2019-ին այդ կայանների թիվը երկրում եղել է ընդամենը 1944: 2020-ից արդեն գրանցվել է ավելի քան կրկնակի աճ՝ հասնելով է 4114-ի։
Արևային էներգիայի օգտագործման առավելությունների և խնդիրների մասին գործարարի, Երևանի բնակչի և փորձագետի կարծիքները։
- Էլեկտրաէներգիայի ազատ առևտուր Հայաստանում․ ռիսկեր և հնարավորություններ
- Արևային էներգետիկայի զարգացման ճանապարհին․ արդյո՞ք Հայաստանը կհրաժարվի ատոմակայանից
- «Հայաստանը կարող է կրկնել Սինգապուրի հաջողությունը»․ Ռուսաստանից տեղափոխված գործարարներ
- Տան էներգաարդյունավետ վերանորոգում՝ պետական սուբսիդավորմամբ. նոր ծրագիր Հայաստանում
Գործարար. «Արևային համակարգերը շահութաբեր են, եթե եղանակն ու հոսանքի լարումը չխանգարեն»
Վայոց Ձորի Եղեգիս համայնքում գործող «Արևի» հյուրանոցի հիմնադիր Գևորգ Գասպարյանը արևային էներգիայից օգտվելու որոշումը կայացրել է 2018թ.-ին՝ շինարարության ավարտից անմիջապես հետո:
Ասում է՝ արևային համակարգի տեղադրումը էներգետիկ առումով որոշակի անկախություն ձեռք բերելուց ու բիզնեսի կարիքների համար օգտագործելու հնարավորություն էր։ Նաև «Արևին» մարքեթինգային առումով սկսեց ներկայանալ որպես բնությանը մասին հոգ տանող, առաջադեմ բիզնես:
«Բնական ռեսուրսներից ստացված էներգիայի օգտագործումն այսօր արդիական թեմա է, և աշխարհում շատերն են դրան ուշադրություն դարձնում: Արևային էներգիայի օգտագործումը գնահատում են հատկապես օտարերկրացի հյուրերը, ովքեր հաճախ են ասում՝ շատ լավ է, որ արևային էներգիա եք օգտագործում, որ բնությանը քիչ վնաս եք հասցնում: Սա հնարավորություն է, որ թեկուզ խոսակցությունների մակարդակով մարդիկ հիշեն մեր հյուրանոցի մասին ու տեղեկատվությունը բերնեբերան տարածվի»,- ասում է Գևորգ Գասպարյանը:
Գործարարը արևային համակարգի ու ջրատաքացուցիչի տեղադրումն իրականացրել է միջազգային աջակցման ծրագրերից մեկի շրջանակում՝ օգտվելով արտոնյալ՝ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկավորման ծրագրից: Տեղադրվել է 10կվտ հզորության արևային ֆոտովոլտային համակարգ ու օրական 1000 լիտր տաք ջրի ապահովման հնարավորությամբ ջրատաքացուցիչ: Այս նախագիծը կյանքի կոչելու համար Գևորգը ներդրել է շուրջ 6 մլն դրամ: Դրա շնորհիվ գործարարը կարողանում է ստանալ տարեկան 14.000-16.000կվտ էներգիա:
Ասում է՝ եթե արևային ջրատաքացուցիչները տաք ջուր են ապահովում գրեթե ողջ տարվա ընթացքում, արևային վահանակների դեպքում արտադրվող էներգիայի ծավալը կախված է ոչ միայն ցերեկվա տևողությունից ու տարվա եղանակից, այլև ՀԷՑ-ի գործունեության արդյունավետությունից․
«Շատ կարևոր է, որ էլցանցը որակյալ, կայուն լարմամբ հոսանք մատակարարի, որպեսզի արևային վահանակները կարողանան ճիշտ աշխատել ու արտադրված էներգիան հաշվարկվի: Եղեգիսում այս առումով լուրջ խնդիր ունենք, հոսանքի տատանումներ այստեղ շատ հաճախ են լինում: Այսինքն ցանկացած պարագայում մենք կախված ենք Հայաստանի էլեկտրական ցանցերի մատակարարած հոսանքի որակից: Եթե այն արդյունավետ է, բնակաբանար, արևային համակարգն էլ է արդյունավետ աշխատում»:
Նախնական հաշվարկներով կատարված ներդրման հետվերադարձի ժամկետը մասնագետները հաշվարկել էին 5-6 տարի, արտադրվելիք էներգիայի ծավալը՝ տարեկան 18.000-19.000 կվտ:
Հոսանքի տատանումների, հաճախակի անջատումների արդյունքում, սակայն, Գևորգը հասկացել է՝ ներդրված գումարի վերադարձի ժամկետը կարող է տևել մինչև 10 տարի։
Միևնույն ժամանակ, արևային էներգիայի օգտագործումը բիզնեմենը դիտարկում է ոչ միայն շահութաբերության, այլև էկոլոգիական տեսանկյունից։ Նկատում է՝ Հայաստանում բազմաթիվ քարքարոտ տեղանքներ կան, որոնք պիտանի չեն գյուղատնտեսության համար, բայց կարող են դառնալ հրաշալի բիզնես տարածքներ՝ արևային համակարգերի տեղադրման ու ձեռնարկատիրական գործունեության ծավալման համար: Նրա կարծիքով, արևային էներգիա օգտագործողների թիվն ավելացնելու համար պետական աջակցության լուրջ ծրագրերի ներդրման անհրաժեշտություն կա:
Երևանի բնակչի համար արևային համակարգի տեղադրումը՝ էկոնախագիծ
Երևանաբնակ Կարինա Պողոսյանի ընտանիքը 2022թ.-ին սեփական առանձնատանը արևային համակարգի տեղադրման համար օգտվել է տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով վարկավորման ծրագրից:
«Վերանորոգման ընթացքում մտածում էինք տունը գազով ջեռուցելու մասին, քանի որ դա է ջեռուցման ամենատարածված տարբերակը Հայաստանում: Բայց ընթացքում հասկացանք, որ գազի անցկացումն ու ամսական վճարները կլորիկ գումար են կազմելու: Համացանցը փորփրեցինք ու գտանք էլեկտրական կաթսաներով, արևային համակարգի տված էներգիայի միջոցով ջեռուցելու տարբերակը»,- պատմում է Կարինան:
170 քմ մակերեսով առանձատունը ջեռուցելու ու տաք ջրով ապահովելու համար ընտանիքը կատարել է 5 մլն դրամի ներդրում, տեղադրելով 16 կվտ հզորությամբ արևային համակարգ:
«Մի փոքր ռիսկային էր նման ներդրում կատարելը, բայց քանի որ «էկո» թեման մեր ընտանիքին շատ հոգեհարազատ է, որոշեցինք փորձարկել: Մյուս կողմից էլ մտածում էինք՝ այդքան գումար ներդնենք, գազաֆիկացնենք, հետո, հանկարծ մի օր գազային բլոկադայի մեջ հայտնվենք, ի՞նչ ենք անելու: Դա ավելի ռիսկային թվաց, քան 5 մլն դրամի ներդրումը՝ արևային համակարգի մեջ»,- ասում է Կարինան:
Նա այժմ փորձում է նաև օգտակար լինել այն մարդկանց, որոնք նոր են մտածում արևային համակարգի տեղադրման մասին, կիսվում է սեփական փորձառությամբ: Ֆեյսբուքում բացված «Երազանքի տուն» խմբում նա պարբերաբար ներկայացնում է ոչ միայն համակարգի ընտրության, ձեռք բերման, տեղադրման ողջ գործընթացը, այլև ամենամսյա հաշվարկները՝ արտադրված ու սպառված էներգիայի մասով:
«Ժամանակին մե՛նք ունեինք լիարժեք, արդեն իսկ համակարգը փորձարկած մարդկանց խորհրդի կարիքը: Հիմա իմ ունեցած փորձառությամբ ուզում եմ ուրիշներին օգնել՝ ավելի հաշվարկված ու ճիշտ որոշումներ կայացնելու հարցում»,-բացատրում է նա:
Կարինան հույս ունի, որ կատարած ներդրման հետվերադարձը կլինի առաջիկա 5 տարվա ընթացքում: Ասում է՝ 5 տարի հետո կդառնան որոշակիիորեն էներգաանկախ ու կվայելեն ջեռուցման համար խնայած գումարը:
Արևային համակարգեր օգտագործողների աճը նկատելով հանդերձ, Կարինան շեշտում է.
«Եթե վարկավորումն ավելի մատչելի լիներ, էլցանց-բաժանորդ կապն էլ՝ ավելի արդյունավետ ու օպերատիվ, արևային համակարգերից օգտվողների թիվը կարող էր անհամեմատ մեծ լինել»:
Փորձագետ. «Կառավարության սահմանած նշաձողը չափազանց ցածր է»
Կառավարության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով մինչ 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ նախատեսվում է հասցնել առնվազն 15%-ի:
Վերականգնվող էներգետիկայի հարցերով փորձագետ Հայկ Շեկյանի կարծիքով՝ Հայաստանը շատ ավելի շուտ կհատի 15 տոկոսի նշագիծը, քան սահմանված է ռազմավարական ծրագրով․
«Կոպիտ հաշվարկներով, արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն այսօր կազմում է ընդհանուրի 7-8 տոկոսը: Այս ցուցանիշը հարևան երկրների համեմատ գուցե և ավելի բարձր է, բայց մենք կարող էինք շատ ավելի բարձր ցուցանիշ ապահովել ու ավելի արագ տեմպերով զարգանալ: Իսկ 2030թ.-ի համար նախանշված 15%-ի ապահովումը ցածր նշաձող է: Այսօրվա հնավորություններն ու դինամիկան հաշվի առնելով կարող եմ ասել, որ 2030-ին մենք ավելի բարձր ցուցանիշ կունենանք, իսկ սպասվող արդյունքին կհասնենք առաջիկա երեք տարվա ընթացքում»:
Փորձագետի դիտարկմամբ՝ ոլորտի առավել արագ տեմպերով զարգացմանը խոչընդոտել են մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ։ Այդ թվում են կորոնավիրուսի համավարակը, Արցախյան 44-օրյա պատերազմը, երկրի անկայուն վիճակը, միջազգային բեռնափոխադրումների գնաճը, միջազգային կանաչ ֆոնդերից արևային համակարգերի ձեռք բերմանն ուղղված աջակցման ծրագրերի ծավալների կրճատումը և այլն:
Հայաստանը արևային օրերի ինտենսիվությամբ գտնվում է բարենպաստ դիրքում: Սա, սակայն, բավարար չէ ոլորտի նկատմամբ հետաքրքրության ակտիվացման համար: Շեկյանի դիտարկմամբ՝ ոլորտի կայուն զարգացումն ուղղակիորեն կախված է պետության կողմից ոլորտի կանոնակարգման մեխանիզմներից․
«Այլ երկրների հետ համեմատելով, կարող եմ ասել, որ Հայաստանում այս ոլորտը գտնվում է ավելի լավ վիճակում, ինչը ձևավորվել է վերջին 6 տարվա ընթացքում իրականացվող պետական քաղաքականության շնորհիվ։ Սակայն ոլորտի բարեփոխումներն իրականացվում են բազմաթիվ խնդիրների զուգորդմամբ, ինչը կառավարման ու կազմակերպչական հմտությունների պակասի հետևանք է»։
Փորձագետը հուշում է գործարարներին․
«Արևային համակարգերի ձեռքբերման համար գործում են արտոնյալ վարկավորման ծրագրեր։ Այսինքն՝ տոկոսադրույքները համեմատաբար ցածր են, քան այլ վարկատեսակների դեպքում։ Գործարարները, օգտվելով այս վարկատեսակներից, կարող են գումար տնտեսել՝ կանխիկ միջոցները բիզնեսում ուղղելով այնպիսի ծախսերի, որոնց համար նախատեսված վարկի տոկոսադրույքը բարձր է»:
«Ինչո՞ւ արևային տեխնոլոգիաներ» հարցին պատասխանում է․
«Դրանց կյանքի տևողությունը շատ ավելի երկար է, քան հետգնման ժամկետը, որը միջինում 5 տարի է: Հաշվարկելով, որ 5 տարում վարկի մարման ամսական չափաբաժինը լինելու է ծախսելիք հոսանքի գումարի չափով կամ մի քիչ ավելի, որից հետո հոսանքի ծախսի չափով խնայողություններ են լինելու՝ ակնհայտ է դառնում, որ արևային էներգետիկան շահավետ է նաև ֆինանսապես։ Ինչո՞ւ եմ ասում «նաև ֆինանսապես», քանի որ այն կարևոր այլընտրանք է բնապահպանական առումով էլ։
Եվ վերջապես՝ ձեռնարկությունները կամ տնային տնտեսություններն արևային համակարգերի միջոցով կարող են ունենալ էներգետիկ կայունություն և այլևս կախված չլինել սակագնի հնարավոր փոխություններից»։
Պետական աջակցության ի՞նչ ծրագրեր է առաջարկում կառավարությունը
Ներկայումս արևային էներգիայի օգտագործման ծավալների ընդլայնմանն ուղղված պետական աջակցության երեք ծրագրեր է իրականացնում, որոնցից երկուսն ուղղված են համայնքների ու հանրային կառույցների էներգաարդյունավետության բարձրացմանը, իսկ երրորդը՝ ֆիզիկական անձանց կողմից բնակարանների ու անհատական բնակելի տների վերանորոգման վարկերի սուբսիդավորմանը:
Վարկը սուբսիդավորվում է, եթե այն ունի էներգաարդյունավետ բաղադրիչ և վերանորոգման ծախսերի մեջ էներգախնայող միջոցների ու նյութերի չափաբաժինը կազմում է 20-30 տոկոս:
Էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որը ներառում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների տեղադրում, անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատերի ու տանիքի ջերմամեկուսացում:
Պետության կողմից ծրագրի շահառուների համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորման արդյունքում կգործի
- սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում՝ 0%,
- սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում ՝ 2%,
- սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում՝ 3%,
- Երևանում՝ 5%:
Արևային էներգիայի օգտագործման առավելությունները