Ռուս զինծառայողները պատրաստվում են Ադրբեջան մեկնել
Ադրբեջանում մոտակա օրերին աշխատանքը կսկսի հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը։ Կենտրոնի կազմում կլինեն զինծառայողներ Ռուսաստանից և Թուրքիայից։ Ռուսաստանը նոր է պատրաստվում իր զինծառայողներին ուղարկել, իսկ թուրք զինծառայողներն արդեն Ադրբեջանում են։
- Թուրք զինծառայողներն Ադրբեջան են մեկնել՝ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելու համար
- Պուտին․ «Եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություններից, դա ինքնասպանություն կլինի»
- Արցախ․ ռուս և թուրք խաղաղապահներ, ադրբեջանցի և հայ զինվորականներ․ ովքեր ինչ դիրքերում են։ Քարտեզներով պարզաբանում
«Նախապատրաստման ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են կենտրոնի կառուցվածքը, դերը, խնդիրներն ու գործառույթներն, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատությունները, որի տարածքում պետք է խնդիրներ կատարեն», — ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Նշվում է, որ մոնիթորինգային կենտրոնի անձնակազմը պարիտետային հիմքով ներկայացված է լինելու ռուսական և թուրքական կողմից։ Այլ կերպ ասած՝ կողմերից յուրաքանչյուրը հավասար թվով զինծառայողներ է ունենալու։
Նրանք իրավիճակի մշտադիտարկման, հրադադարի պահպանման և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բոլոր ռազմական գործողությունների վերահսկում են իրականացնելու։
Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայից մոտ երկու տասնյակ զինծառայողների Ադրբեջան ժամանման մասին։ Նախնական տվյալներով՝ զինծառայողների թիվը յուրաքանչյուր կողմից պետք է 60 լինի։
Արցախում բոլոր ռազմական գործողությունների և հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ ըստ 2020 թ․ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ստորագրած հուշագրի։
Շտաբ կենտրոնը ձևավորվում է որպես պարիտետային հիմքով հրամանատարական կետ, դրանում ներկայացված են հավասար թվով ներկայացուցիչներ յուրաքանչյուր կողմից՝ ազգային յուրաքանչյուր կառույցից նշանակված պետով։
Արցախյան հակամարտության գոտում նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հրադադարի մասին համաձայնագրով՝ Արցախի տարածքում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Նրանց թիվը կազմում է 1 960 մարդ։ Խաղաղապահները վերահսկում են նաև Լաչինի միջանցքը, որը Հայաստանը միացնում է Ստեփանակերտին։