Պատերազմի ընթացքում և դրանից հետո․ ինչպես են լուծվում արցախցի երեխաների կրթության խնդիրները
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով խախտվել է ավելի քան 30 հազար արցախցիների կրթություն ստանալու իրավունքը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ շուրջ 90 հազար արցախցիներ ռազմական գործողությունների ընթացքում ստիպված լքել են իրենց տները: Այս պահին վերադարձել է մոտ 45 000 մարդ:
Ընդհանուր առմամբ, Արցախ են վերադարձել աշակերտների 58 %-ը և ուսուցիչների 72 %-ը: 31 000 արցախցիներ չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Ադրբեջանին հանձնված 121 բնակավայրերում մինչև պատերազմն ապրում էր շուրջ 8000 ընտանիք:
Ինչպես են լուծվել արցախցի երեխաների կրթության խնդիրները պատերազմի օրերին, ինչ է արվում այս պահին։
Կամավորների մասին
Շուշանիկ Փափազյանը արցախցիների համար Երևանում ստեղծված ժամանակավոր կացարաններից մեկում հայտնվեց հոկտեմբերի սկզբին, պատերազմը դեռ նոր էր սկսվել: Նա 20 տարեկան է, մասնագիտությամբ լրագրող է։ Աղջիկը չգիտեր՝ ինչ պետք է կամ կարող է անել այստեղ բնակվող մարդկանց համար, միայն ուզում էր որևէ կերպ օգնել.
«Սկզբից մտածելում էի, որ օգտակար կլինեմ որպես հոգեբան, քանի որ հատուկ դասընթացներ եմ անցել։ Այստեղ բոլորն այդ պահին հոգեբանական աջակցության կարիք ունեին, ակնհայտ էր: Մարդիկ ընդհանրապես չէին խոսում, անգամ իրար հետ: Կամավոր ունեինք, որ մոտոցիկլետով էր գալիս կացարան: Ամեն անգամ դրա ձայնից երեխաները վեր էին թռչում:
Մի անգամ էլ ցածր թռչող ինքնաթիռի ձայնից այնպիսի քաոս ստեղծվեց, որ մարդիկ վախից կոտրեցին կացարանի ճաշարանի դուռը՝ դուրս փախչելու համար: Առաջին շաբաթվա ընթացքում էլի կամավորներ հավաքվեցին, միասին սկսեցինք կազմակերպել երեխաների ազատ ժամանակը՝ երգեր, պարեր, նկարչություն, գրքեր էինք ընթերցում: Փորձում էինք ամեն կերպ զբաղեցնել, որ ցրվեին պատերազմի մասին մտքերից»:
Կարճ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ միայն ժամանցի կազմակերպումը բավարար չէ: Պատերազմն անվերջ էր թվում, պետք էր լուծել երեխաների կրթության հարցը:
Կացարանում հավաքվեց կամավորների 5 հոգանոց խումբ, որն այստեղ ապաստանած երեխաներին սկսեց օգնել դպրոցի դասերից հետո տնայինները կատարել:
Դասերը կացարանում
Առաջին օրերին կացարանում դասերը կազմակերպվում էին մեկ սենյակում բոլոր երեխաների համար։
«Իհարկե, շատ անհարմար էր, բայց յուրաքանչյուր երեխայի հետ մի կամավոր էր աշխատում, ու մենք գիտեինք՝ այս սենյակից երեխաները դուրս են գալիս հաջորդ օրվա դասերին պատրաստ: Մենք մշտական կապի մեջ էինք նաև դպրոցի ուսուցիչների հետ, որովհետև ինքներս էլ երբեմն շատ հարցեր էինք ունենում, քանի որ մեզանից որևէ մեկն իրականում մանկավարժ չէ», — պատմում է Շուշանիկը:
Օրեր անց, կրթական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար, կացարանի 23 երեխաներին բաժանեցին 4 հոգանոց տարիքային խմբերի: Կացարանում երկու դասասենյակ կահավորվեց՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Շուշանիկը պատմում է, որ իր ամենադժվար օրը կացարանում եղել է նոյեմբերի 10-ը՝ հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո.
«Առավոտյան մտածում էի՝ ինչպե՞ս եմ մտնելու դասարան: Ի՞նչ եմ ասելու այս երեխաներին, որոնց մի մասն այլևս տուն չունի, չի կարողանա հետ գնալ: Մտածում էի՝ այս պահին ինչպե՞ս եմ խոսելու կրթության մասին: Բայց, երբ մտա դասասենյակ, ամեն ինչ փոխվեց: Երեխաները նստած էին՝ լուռ, ուռած-կարմրած աչքերով, բաց գրքերն ու տետրերը դիմացը դրած:
Ու ես հասկացա, որ իրավունք չունեմ այդքան թույլ լինելու, որովհետև այս երեխաները, որ կորցրել էին տուն, հայրենիք, ում հայրերն ու եղբայրները վիրավոր էին կամ անհետ կորած, ում ընտանիքներում այդքան մեծ կորուստներ կային, եկել էին սովորելու»:
Հայաստանի պետական աջակցությունը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասում է, որ Արցախից Հայաստան տեղափոխված երեխաների համար պատերազմի առաջին օրերին ապահովվել է կրթական գործընթացի շարունակականությունը: Կարճ ժամանակում իրականացվել է դպրոցականների հաշվառում և կրթական կարիքների գնահատում։
«Այս երեխաներին հնարավորություն տրվեց այցելել իրենց կեցավայրին ամենամոտ դպրոցը, գրանցվել և հաճախել դասերին: Դրա համար որևէ փաստաթուղթ չէր պահանջվում: Ավելին, նախարարությունը հաշվի չէր առնում նաև դպրոցներում տեղերի առկայությունը:
Դպրոցներին կցված բոլոր երեխաները ստացել են անհրաժեշտ դասագրքերը, անհրաժեշտության դեպքում՝ նաև գրենական պիտույքներ: Ընդհանուր առմամբ, հայաստանյան դպրոցներում պատերազմի ողջ ընթացքում կրթություն է ստացել արցախցի երեխաների կեսից ավելին», — ասում է փոխնախարարը:
Գործընթացը շարունակվում է։ Տարրական դասարանների աշակերտները Հայաստանում կրթությունը ստանում են առկա համակարգով, մյուս բոլորը՝ հեռավար:
Սակայն, ըստ մոտավոր հաշվարկների՝ 2000-ից ավելի աշակերտներ ունեն տեխնիկական միջոցների կարիք՝ դասերին հեռավար մասնակցելու համար: Պետությունը՝ բարեգործական և միջազգային կազմակերպությունների, գործընկերների հետ համագործակցությամբ, փորձում է տրամադրել նաև դրանք:
Ըստ փոխնախարարի՝ հայաստանյան դպրոցներում արցախցի երեխաների չընդգրկվելու երկու հիմնական պատճառ է եղել։ Նախ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ պարտադիր է 12-ամյա կրթությունը, Արցախում պարտադիր է 9-ամյա կրթությունը: Այսինքն՝ երեխաները 9-րդ դասարանից հետո, իրենց ցանկությամբ, կարող են դպրոց չհաճախել: Երկրորդ պատճառն այն է, որ մարդիկ չէին սպասում, թե պատերազմն այդքան կձգձգվի։
«Այս պահին աշակերտների կեսից ավելին վերադարձել է Արցախ: Այդ միտումը դեռևս պահպանվում է: Մենք մշտական կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ՝ թե՛ տեխնիկական աջակցության ցուցաբերման հարցով, թե՛ տեղեկատվական բնույթի աջակցության, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բազմաթիվ բնակավայրերի դպրոցներ հաճախող երեխաների անձնական գործերն այլևս հնարավոր չէ վերականգնել:
Բացի այդ, այս պահին Արցախում հնարավոր չէ կազմակերպել և իրականացնել ավարտական քննություններ, որոնք նախանշված էին դեկտեմբերին: Ուստի, քննություններին մասնակցելու ցանկություն հայտնած աշակերտների համար դրանք կազմակերպվում են Հայաստանում, քանի որ ավարտական դասարանների աշակերտներին այդ հնարավորությունից զրկելը կարող է ճակատագրական լինել»,- ասում է Ժաննա Անդրեասյանը։
Նա հավաստիացնում է, որ Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություն ապահովելու են այնքան ժամանակ, քանի դեռ Արցախից ժամանած անգամ մեկ երեխա կունենա դրա կարիքը:
Տեղեկատվություն Արցախից
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասում է, որ պատերազմի հետևանքով խախտվել է 30 հազարից ավելի մարդու կրթություն ստանալու իրավունքը.
«Պատերազմի հետևանքով խախտվել է 23,967 դպրոցականի, 4000-ից ավելի նախադպրոցականի և մոտ 5000 ուսանողների կրթություն ստանալու իրավունքը: Հիմնովին կամ մասնակիորեն ավերվել է 80-ից ավելի դպրոցի և մանկապարտեզի շենք: Մի շարք կրթական հաստատություններ էլ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում»։
Նրա խոսքով՝ Արցախի կառավարությունն անում է հնարավոր ամեն բան՝ օր առաջ երեխաներին դպրոց վերադարձնելու համար: Ստեփանակերտում դրանք արդեն իսկ վերաբացվում են:
Նախարարը վստահեցնում է՝ արցախցի որևէ երեխա կրթությունից դուրս չի մնա։ Դժվար ժամանակներ են, բայց լուծումներ կգտնվեն: Շատ դեպքերում երեխաներին կցրեն հարակից մյուս դպրոցներով, որտեղ համեմատաբար լավ պայմաններ կլինեն:
Չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ այս պահին Արցախում հեռավար կրթություն իրականացնելու հնարավորություն չկա։ Պատերազմի հետևանքով վնասվել են նաև ենթակառուցվածքները, չկա ինտերնետ կապ, հաճախակի խափանումներով է իրականացվում նաև էլեկտրաէներգիայի մատակարարումը։
«Այս ամենը շատ է դժվարեցնում առցանց ուսուցման կազմակերպումը։ Կփորձենք պահել սոցիալական հեռավորություն, նաև մյուս կանոնները, բայց դասերը կիրականացվեն առկա, կենդանի գործընթացով: Ստեփանակերտի թիվ 1, 2 և 8-րդ դպրոցներն արդեն ընդունում են աշակերտներին։ Թիվ 10 դպրոցը, ցավոք, ամբողջությամբ ավերվել է: Դասապրոցեսը, որոշակի վերապահումներով, մեկնարկել է նաև գյուղերի այն դպրոցներում, որոնք չեն վնասվել։ Կրթության ոլորտում Արցախը պարտվելու իրավունք չունի», — ասում է Լուսինե Ղարախանյանը։
Շուշանիկի դասասենյակը կամաց-կամաց դատարկվում է: 23 աշակերտներից 16-ն արդեն վերադարձել են Արցախ: Օրերս կգնան նաև բերդաշենցի փոքրիկները: Կացարանում կմնան Հադրութից և Շուշիից եկած ընտանիքները․ նրանք, ըստ էության, այսօր վերադառնալու տեղ չունեն:
Շուշանիկն ամեն գնացող աշակերտի համար իր ձեռքով պայուսակ է պատրաստում՝ բարեգործական կազմակերպություններից ստացված գրենական պիտույքներով, գրքերով ու նոթատետրերով։ Դրանց մեջ երեխաները խոստացել են գրել իրենց երազանքների մասին: