Արցախում կրկին դադարեցվել է գազի մատակարարումը․ «Գազային տեռոր Արցախի՞, թե՞ ռուս խաղաղապահների դեմ»
Կրկին Արցախում դադարեցվել է գազի մատակարարումը, այս մասին մարտի 22-ի ուշ երեկոյան հայտնել է տեղի Տեղեկատվական շտաբը։ Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկվել էր գազից մարտի 8-ից։ Վնասվել էր գազատարը, որով գազն այստեղ էր մատակարարվում Հայաստանից։ Վնասված հատվածն այն տարածքում է, որը 2020 թ-ի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց վթարի վայրին մոտենալ՝ վերականգնողական աշխատանքների իրականացման համար։ 10-օրյա բանակցություններից հետո Ադրբեջանն ինքը նորոգեց գազատարը։ Այժմ Արցախից հայտնում են, որ գազն անջատվել է։ Ենթադրաբար՝ վերանորոգման ժամանակ գազատարի վրա փական է դրվել։
Կրկին հումանիտար աղետի վտանգ է առաջացել՝ հաշվի առնելով մարտին այստեղ սկսված ցրտերը։ Բարդություններ են առաջացել մարդկանց պարենով ապահովելու հարցում, մասնավորապես, առանց գազի չեն կարողանում աշխատել հացի գործարանները։
Պաշտոնական տվյալներով՝ Արցախում բնակվում է շուրջ 110 հազար մարդ։ Մայրաքաղաքը գազաֆիկացված է 97 տոկոսով, գազ է անցկացված բնակավայրերի մեծ մասում։
Վերջին հաղորդագրությունն Արցախից, ինչպես նաև մեկնաբանություն՝ իրավիճակի մասին։
- Ադրբեջանի նոր ռազմական գործողություն Արցախո՞ւմ։ Փորձագիտական կարծիքներ՝ իրավիճակի մասին
- Տեխնիկական խնդի՞ր, թե՞ ադրբեջանական դիվերսիա։ Լեռնային Ղարաբաղը զրկվել է գազից
- Հայաստանն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ իրավիճակի գնահատական՝ հայ փորձագետներից
«Հիմքեր կան պնդելու, որ փական է դրվել»
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որում ասված է․
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը։ Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»։
Իրավիճակի մասին տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որն այստեղ է գտնվում 2020 թ-ի պատերազմից հետո։ Հաղորդվում է, որ Արցախի իշխանությունները «գործադրում են համապատասխան ջանքեր՝ գազամատակարարման վերականգնման նպատակով»:
Տեղեկատվական շտաբը հորդորում է քաղաքացիներին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ խուսափելու համար էլեկտրամատակարարման համակարգի հնարավոր խափանումներից:
Գազատարի պայթեցման վարկած
Ադրբեջանական կողմն այդպես էլ հայ մասնագետներին թույլ չի տվել վթարի վայր հասնել։
«Այս առնչությամբ մինչև այժմ որևէ հստակ տվյալ չկա՝ վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով, թե ուղիղ պայթեցվել է ադրբեջանցիների կողմից», — հայտարարել է ԼՂ օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Ըստ արցախյան կողմի պաշտոնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել գազատարի այն հատվածում, որն ադրբեջանական դիրքերի մոտ է։
ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդում էին, որ դիտարկում են ադրբեջանական կողմից դիվերսիայի կամ միտումնավոր պայթեցման հնարավոր վարկածները։
Հայաստանի խորհրդարանը կքննարկի իրավիճակը
«Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով քննարկումներ են կազմակերպվելու «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։ Նիստին ելույթ կունենան արտգործնախարար Արարատ Միրզոյան ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խոսնակի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանն առաջարկել է փակ նիստ անցկացնել։ Ընդդիմությունը պնդում է, որ քննարկումը բաց լինի, քանի որ հարցը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Սակայն խորհրդարանի իշխող մեծամասնությունը որոշել է նիստը դռնփակ անցկացնել։
«Այս հարցի քննարկումները կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք բաց ռեժիմով չենք կարող քննարկել», — հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Մեկնաբանություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է․
«Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. երեկվանից այս հարցի պատասխանն եմ փնտրում»։
Ըստ քաղաքական գործչի՝ սա «հումանիտար ահաբեկչություն» է, և Ադրբեջանի գործողությունները դժվարացնում են ոչ միայն Արցախի բնակիչների, այլև այստեղ տեղակայված ռուս խաղաղապահների կյանքը։ Մարուքյանը կարծում է, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղապահների հեղինակությունը, և Ռուսաստանը պետք է «հստակ հետևություններ անի` Ադրբեջանի հետ վերջերս կնքած 43 կետանոց «դաշնակցային» հռչակագրի համատեքստում»․
«Միջազգային հանրությունը պետք է խստիվ դատապարտի ադրբեջանական այս վարքն ընդդեմ խաղաղ բնակչության […]։ Ադրբեջանն ինքն իր դեմ է աշխատում, որովհետև ամեն բան անում է, որ միջազգային հանրությանն ապացուցի, որ իր կողմից երբեք չեն կարող հարգվել կամ առավել ևս ապահովվել Արցախի բնակչության անգամ տարրական իրավունքները»։