Քաղաքական խմորումներ Արցախում։ Կարծիք՝ ի՞նչ սպասել մոտակա օրերին
Արցախի նախագահի հրաժարականի մասին
Հայաստանյան հանրությունն ակտիվորեն քննարկում է ներքաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Օրերս նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը պնդել էր, թե Արցախի նախագահը խոստացել է հրաժարական տալ, բայց չի պահել խոստումը։ Կառավարությունն այս հայտարարությունն անարձագանք է թողել։ Արցախցի պատգամավորները նշել են՝ Հարությունյանի հրաժարականի պահանջ չկա, նման պնդումների «թիրախում երկրի նախագահն ու նախագահական ինստիտուտն են»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձը վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող ներքաղաքական բուռն զարգացումների հետևանք է։
«Ամիսներով շարունակվող այս ներքաղաքական անկայունությունը ոչ միայն իշխանության համար պայքարի, այլև Արցախում ստեղծված իրավիճակից ելքերի վերաբերյալ տարբերվող պատկերացումների մասին»,- նկատել է նա։
Կարծում է՝ խորացող հումանիտար ճգնաժամի ֆոնին «քաղաքական զարգացումները ևս կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ»։
«Շաբաթվա սկզբում ասում էիք, որ հրաժարական եք տալու»․ Վարդանյան
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նման հայտարարություն էր արել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով պաշտոնից հեռանալուց հետո շարունակում է ապրել ԼՂ-ում և զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։
Վարդանյանի փոխանցմամբ՝ նախագահ Հարությունյանն ասել է, թե իրեն պետք չէ համոզել, հեռանալու որոշումն արդեն կայացրել է․
«Առաջին անգամը չէր։ 8 հոգուց, որ ներկա էին այդ հանդիպմանը, մի մասն արդեն չէր հավատում Ձեր խոսքին: Մի մասն էլ ասում էր՝ գուցե այս անգամ ճի՞շտ է ասում»։
Այլ մանրամասներ նախկին պետնախարարը չի հայտնել։ Նրա գնահատմամբ՝ վերջին շաբաթվա ընթացքում գործող նախագահը հատել է այն «կարմիր գիծը, որ կար ազգի հետ» և «աշխարհազորն ուժով մտել է Ազգային ժողով»։
«Ես չգիտեմ՝ Դո՞ւք եք ուղեկցել, թե՞ Դուք եք հրամայել, թե՞ Ձեր տեղակալներն են տեղյակ եղել ու ասել, որ դա անեն։ Միևնույն է, դա անընդունելի է։ Դուք քանդում եք պետական ինստիտուտները։ Դուք քանդում եք այն պետությունը, որը վատ, թե լավ, կառուցել են վերջին 30-35 տարում։ Դուք դրա իրավունքը չունեք»,- ընդգծել է նա։
Ավելի վաղը Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էր հայտնել, որ խորհրդարան են մտել աշխարհազորի մի խումբ մարտիկներ՝ հարցով՝ այդ ո՞վ է այստեղ պահանջում Հարությունյանի հրաժարականը, հայտարարել, թե նման պահանջ որևէ պատգամավոր չի կարող ներկայացնել։
Պաշտոնապես հաղորդվել է, որ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ «Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը»,- հայտնում են ԼՂ-ից։
«Պետական ինստիտուտները ուղիղ թիրախավորող կոչեր»․ պատգամավորների կարծիքը
Արցախի Ազգային ժողովի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հայտարարություն է տարածել` արձագանքելով Ռուբեն Վարդանյանի պնդումներին։ Շեշտվում է այն հանգամանքը, որ նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, ժողովրդի վստահության քվեն չի ստացել։
Խորհրդարանականները նախկին պետնախարարի ուղերձը դասում են «պոպուլիստական, պետական ինստիտուտները ուղիղ թիրախավորող» կոչերի շարքին․
«Թե ինչ քաղաքական հետևանքներ և ինչպիսի զարգացումներ պիտի լինեն այդ հրաժարականից հետո, և ինչպես կթիրախավորվի պետականությունը նման պայմաններում՝ հասկանալի է ու պարզ բոլորի համար»։
Անհասկանալի են որակել «առանձին խմբերի նեղ խմբային շահեր սպասարկող» անհատների պատկերացումներն իշխանության, լիազորությունների և պետության մասին։ Նեղ խմբային շահը առաջ տանելն, ըստ նրանց, չի բխում Արցախի շահերից և ենթակա է դատապարտման։
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու դերակատարներին զերծ մնալ հակասահմանադրական և պետականաքանդ հայտարարություններից, լինել կոռեկտ ու զուսպ հայրենիքի համար այս ծանր ու դժվարություններով լի ժամանակահատվածում»,- նշվում է հայտարարության մեջ։
Թեմային անդրադարձել է նաև ընդդիմադիր «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն ու շեշտել՝ Հարությունյանի հրաժարականի պահանջ Արցախում չկա։ Նրա խոսքով՝ այդ միտքը շրջանառվում է միտումնավոր՝ «հեռուն գնացող նպատակներով»։
Ի՞նչ կլինի, եթե Արցախի նախագահը հրաժարական տա
Արցախի խորհրդարանը դեռևս հունիսին «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում լրացում է կատարել։ Այն նախագահի կողմից ստորագրվել և ուժի մեջ է մտել հուլիսի 14-ին։
Փոփոխությամբ սահմանվել է նաև ռազմական դրության ժամանակ խորհրդարանի կողմից նախագահի ընտրության կարգը, որի համաձայն՝ «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը»: Արցախում մինչ օրս ռազմական դրություն է հայտարարված։
Ըստ այդմ՝ եթե գործող նախագահը հրաժարական տա, ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչև Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2025 թվականի մայիս։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ սկսել են հրապարակային դրսևորումներ ստանալ ԼՂ-ում տեղի ունեցող «բուռն կուլիսային գործընթացները»։ Հիշեցնում է Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձից օրեր առաջ գործող նախագահի հնարավոր հրաժարականի մասին գրել էր հայկական տելեգրամ ալիքներից մեկը։
Ինչ վերաբերում է նախկին պետնախարարին, ըստ Գրիգորյանի, վերջին ամիսներին նրան հաջողվել է համախմբել Արցախի նախկին նախագահներին, նրանց ազդեցության տակ գտնվող նախկին բարձրաստիճան ուժայիններին, Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցություններին։ Ասում է՝ տվյալ բևեռը դարձել է Արցախի ներքաղաքական կյանքի հիմնական դերակատարներից մեկը։ Այն ակտիվորեն պայքարում է իշխանության համար, ինչպես և ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանի թիմը․
«Արայիկ Հարությունյանը, որի իշխանությունը պատերազմի ավարտից հետո բավականին երերուն է, ստիպված է մանևրել այս ուժերի միջև՝ երբեմն գնալով զիջումների, երբեմն էլ փորձելով ուժ ցուցադրել»։
Civilnet.am-ում հրապարակված հոդվածում քաղաքագետը գրում է, որ ուժի ցուցադրման դրվագներից էր նաև աշխահազորայինների՝ ԱԺ մուտք գործելը։ Կարծում է՝ Հարությունյանի կողմից նախօրոք պլանավորված քայլ էր, որը նպատակ ուներ ցույց տալ բոլոր դերակատարներին, որ նա դեռևս որոշակի լծակներ ու աջակցություն ունի, ինչպես նաև «երկրորդ պլան մղել իր հրաժարականի օրակարգը»։
Շեշտում է՝ բոլոր դերակատարներն իրենց տեսակետներն ունեն Արցախում ստեղծված ճգնաժամի հնարավոր լուծումների վերաբերյալ, մասնավորապես՝
- Սամվել Բաբայանը և իր թիմը կողմնակից են Ադրբեջանի հետ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսությանը,
- Հարությունյանը և իր կառավարությունը կողմ է Բաքվի հետ միջնորդավորված բանակցություններին՝ ոչ Ադրբեջանի տարածքում,
- Վարդանյանի և իր բևեռի կարծիքը կարծես թե այն է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային ձևաչափով։
Սակայն հումանիտար ճգնաժամից ելքեր գտնելու հարցում հստակ լուծումների մասին չի խոսվում։
«Մոտակա շաբաթների ընթացքում այս երեք հիմնական դերակատարների միջև ուժերի հարաբերակցությունից է կախված լինելու, թե որ մոտեցումներն են գերիշխող դառնալու Արցախում»,- շեշտել է նա։
Չի բացառում, որ Արցախի իշխանությունները ստիպված լինեն ընդունել հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ, որը կներառի նաև Աղդամի ճանապարհի գործարկումը․
«Հավանական է, որ այդ ճանապարհով միջազգային կազմակերպությունների կողմից ոչ ադրբեջանական ծագման հումանիտար բեռներ են մատակարարվելու ԼՂ, Լաչինի միջանցքով ևս որոշակի փոխադրումներ են իրականացվելու»։
Նման առաջարկի ընդունումն, ըստ նրա, կարող է դառնալ ներքաղաքական սրացման հերթական պատճառը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արցախի նախագահի հրաժարականի մասին