«Դասալքություն է»․ կարծիքներ Արցախի նախագահի հրաժարականի մասին
Արցախի նախագահի հրաժարական
Արցախի նախագահը վաղը հրաժարական կներկայացնի։ Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ որոշումը կայացրել է երկու օր առաջ և հաշվի է առել վերջին շաբաթներին ունեցած շփումները «բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ»։
«Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- հայտարարել է նա։
Հայաստանյան քաղաքագետները Հարությունյանի հրաժարականը գնահատում են որպես դասալքություն և նշում, որ այս կերպ պաշտոնաթող նախագահն Արցախին զրկել է «սուբյեկտ լինելու չնչին հնարավորությունից․ Բաքուն ոչ լեգիտիմ իշխանության հետ չի երկխոսի»։ Արցախի փորձագետներն ասում են՝ իշխանափոխությամբ ներքին հարց է լուծվում, իսկ տեղացիներն իր ընտրությունը չեն պայմանավորում նրանով, թե՝ «Բաքուն ում հետ է ուզում խոսել, ում հետ՝ ոչ»։
Ի՞նչ է հայտարարել նախագահը, նոր նախագահի ընտրության կարգը, մեկնաբանություններ հնարավոր զարգացումների վերաբերյալ
«Շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը»
Հրաժարականի տեքստում Արայիկ Հարությունյանը գրել է․ «Շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ»։ Շեշտել է, որ աջակցելու է իշխանություններին, ինքն ու ընտանիքն էլ Արցախում են ապրելու։
«Առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում»,- ասել է նա՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Հարությունյանի գնահատմամբ՝ իր հրաժարականն ուղղված է «Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն»։
«Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն են, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի»,- գրել է նա։
Ասում է՝ աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթներն ուղղակիորեն հուշում են՝ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Դրան հասնելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն․
«Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից»։
Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Այդ պաշտոնում նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:
Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Շահրամանյանը 7-օրյա ժամկետում կընտրվի Արցախի նախագահ։
Խորհրդարանը կարող է Արցախի նախագահ ընտրել
Արցախի Ազգային ժողովը դեռևս հունիսին էր փոփոխություն մտցրել «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում։ Այն ուժի մեջ էր մտել հուլիսի 14-ին։
Փոփոխության համաձայն՝ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը նախագահ է ընտրում «մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո։ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը»:
Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը կարող է պաշտոնավարել մինչև 2025 թվականը։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյան
«Փաստացի Արայիկ Հարությունյանի հրաժարականով միակ լեգիտիմ ներկայացուցիչը Արցախի ժողովրդի այլևս նախագահ չէ։ Որևէ մեկը չի պատրաստվում ներկայիս իրողությունների պայմաններում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, որի վերջնարդյունքում համազգային վստահության քվե ստացած նախագահ կարող է իշխանության գալ։ Ստացվում է, որ այս ճգնաժամային իրողություններում առանց ընտրությունների ինչ-որ անձինք են նշանակվելու կասկածելի անձանց խմբի կողմից։ Իսկ դա իրենից ենթադրում է իշխանության բռնազավթում։ Սա պերմանենտ քաղաքական ճգնաժամի հիմք է տալիս։
Այս քայլով Հարությունյանը և նրան ճնշող խմբակը զրկեցին արցախահայերին Արցախ-Ադրբեջան բանակցային գործընթացում լեգիտիմ ներկայացվածություն ունենալուց։ Այլևս Ադրբեջանը լրիվ հիմքերն ունի մերժելու Արցախի հետ բանակցությունները, որովհետև այնտեղ ժողովրդի մանդատը չունեցող կոլաբորացիոնիստական ղեկավարություն կհաստատվի։ Հիմք տվեցին Ադրբեջանին երբևիցե չգնալ բանակցությունների Արցախի հետ, զրկեցին Արցախին սուբյեկտ լինելու անգամ չնչին, փոքր հնարավորությունից։
Խորհրդարանի կողմից ընտրված նախագահը համազոր չէ համաժողովրդական ընտրություններով ընտրված ֆիգուրի։ Սա իր քաղաքական աղետալի հետևանքներն է ունենալու։
Պատասխանատվության ամբողջ չափաբաժինը բարդեցին Արցախի քաղաքացիների վրա՝ դավաճանական քայլ իրականացնելով։ Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահի՝ «բաժին պատասխանատվությունը կրելու» մասին հայտարարությանը՝ Հարությունը դասալիք է, ամենակարևոր դերակատարությունն ուներ, որից փախուստ կատարեց։ Նա այլևս որևէ հնարավորություն չունի Արցախի անվտանգությանը գործուն աջակցություն և ներգործություն ունենալու»։
Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյան
«Ներքին իրավիճակի համատեքստում Արայիկ Հարությունյանի հրաժարականով պայմանավորված ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունենա։ Լեռնային Ղարաբաղում կպահպանվի ամենաազդեցիկ խմբերի առճակատումը, իսկ Հարությունյանի համախոհները կշարունակեն վերահսկել իշխանության մարմինների մեծ մասը։ Նոր պետնախարարը, ըստ երևույթին, պաշտոնաթող նախագահի ամենավստահելի անձն է, այլապես Սամվել Շահրամանյանին չէր վստահվի Խոջալուում Բաքվի լիազոր ներկայացուցչի հետ այս տարվա մարտին կայացած դեռևս միակ հանդիպման ժամանակ Ստեփանակերտը ներկայացնելու գործը։
Իսկ վերջերս Դավիթ Իշխանյանի՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելը հենց Արայիկ Հարությունյանի առաջարկով վկայում է այն մասին, որ խորհրդարանում նույնպես մեծամասնությունը դեռ պատրաստ չէ գնալ ղեկավարության արմատական փոփոխության, ինչը նշանակում է, որ Շահրամանյանը ԼՂ նախագահի պաշտոնում ընտրվելու վատ շանսեր չունի։
Չնայած ռուս խաղաղապահների պահվածքից հասարակության մեջ աճող դժգոհությանը, վերջիններս դժվար թե ձեռքից բաց թողած լինեն Ստեփանակերտի գործընթացների վրա ազդելու իրենց լծակները, այլ կերպ ասած՝ Արցախում կա որոշակի կոնսենսուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության և իշխանության հիմնական ճյուղերի միջև։
ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր դիտվում է որպես ստատուս-քվոն վիճարկող հիմնական կերպար, սակայն նա դեռևս որոշումների կայացման հիմնական կենտրոններին հակադրելու ոչինչ չունի։ Միևնույն ժամանակ, կայունության մասին խոսելն ավելորդ է, քանի որ ներքին իրավիճակի դինամիկան որոշում են ոչ այնքան Ստեփանակերտում մրցակցող խմբերը, որքան այն գործոնները, որոնք ձևավորում է Բաքուն։
Սամվել Շահրամանյանի իշխանության գալու թե՛ ժամկետը, թե՛ կարգավիճակը կախված կլինեն նրանից, թե ինչպես կընթանա մարդասիրական բեռների անցումը Լաչինով կամ Ասկերանով (Աղդամով), կկայանա արդյոք Ղարաբաղի հայերի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը և ինչով կավարտվեն Երևանի ավագանու ընտրությունները»։
Քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյան
«Այն, որ լինելու է նախագահի հրաժարական, պարզ էր դեռևս այն ժամանակ, երբ Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Մեծ աղմուկ էր առաջացրել այն, որ իշխող կուսակցությունը առաջադրել է փոքրամասնություն կազմող կուսակցության ներկայացուցչին՝ որպես ԱԺ նախագահ՝ մինչև չխոսեցին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները և ինքը՝ Դավիթ Իշխանյանը։ Փաստորեն ստացվում է, որ Արցախի ներքին ուժերի միջև կա պայմանավորվածություն, որ հայկական Սփյուռքը՝ ի դեմս Դաշնակցության, ավելի մեծ դերակատարություն ունենա Արցախի կառավարման և ճգնաժամի լուծման հարցում։
Ըստ Սահմանադրության՝ Իշխանյանը պետք է փոխարինի նախագահին, բայց դաշնակցականները Փաշինյանի կառավարության հետ ճգնաժամային հարաբերություններ ունեն։ Երևանի հետ միասին կորոշվի՝ ով է լինելու երկրի ղեկավարը։ Բայց դա չի կարող լինել մի մարդ, ով զրոյական հարաբերություններ ունի Հայաստանի կառավարության հետ։ Չգիտեմ՝ Սամվել Շահրամանյանը որ ճամբարից է, բայց ենթադրում եմ՝ հենց այն ուժերի, որոնք փորձելու են առաջ քաշել ինչ-որ չափով հայկական ազգային շահեր, մյուս կողմից՝ վերջնականապես չփչացնել հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ։ Չեմ բացառում, որ Շահրամանյանին կարող են առաջադրել՝ որպես նախագահ։
Այսօր Արցախում ներկայացված է ռուսական ռազմական ուժը, Մոսկվան վերահսկում է համարյա բոլոր քաղաքական ուժերին Արցախում, մեկին՝ մի քիչ շատ, մյուսին՝ քիչ։ Վերջին երկու ամսվա ընթացքում Մոսկվան Լավրովի մակարդակով բառացիորեն հայտարարել է, որ իր նպատակն Արցախի ինտեգրումն է Ադրբեջանի կազմ։ Արցախում գործող ուժերը, որոնք մինչ այդ բացահայտ աջակցում էին ռուսական քաղաքականությանը, հիմա չեն կարողանում դա անել, որովհետև կստացվի, որ իրենք էլ են աջակցում ինտեգրմանը։ Ստեղծվել է որոշակի խզում, որը Մոսկվան փորձում է ինչ-որ բաներով լցնել, բայց դեռ չի կարողանում։
Այս պահի դրությամբ ԵՄ-ն ՝ ի դեմս Ֆրանսիայի, մեծ ազդեցություն է ձեռք բերում արցախյան խնդրի չասեմ կարգավորման, բայց խնդրի շուրջ զարգացումների վրա։
Կարծում եմ՝ նախատեսվում է ՄԱԿ ԱԽ-ում ինչ-որ քննարկում։ Հույս ունեմ, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կներկայացնի որոշման նախագիծ, բայց ոչ թե քաղաքական լուծումներ ենթադրող, ինչը պարտադիր ՌԴ վետոյին կարժանա, այլ հումանիտար։ Խոսքս հումանիտար ինտերվենցիայի մասին է, որը նախատեսված է ՄԱԿ կանոնադրությամբ։ Այն կարող է հատել ցանկացած պետության ինքնիշխանություն, եթե կա ցեղասպանության և սովամահության վտանգ և կա ԱԽ թույլտվությունը։
Ֆրանսիայից ուղարկված բեռների շարասյունը, որը չի կարողացել հասնել Արցախ, հաստատումը, որ ճանապարհը փակ է, Արցախը սովամահության եզրին է, արդեն հիմք է հանդիսանալու, որպեսզի ֆրանսիական կողմը ԱԽ ներկայացնի հումանիտար ինտերվենցիայի մասին որոշում։ Դրա այլընտրանքը ցեղասպանությունն է կամ մարդկանց բռնի տեղահանումը։
Արցախի պետականության, իշխանությունների հետ կապված հարցերը բացարձակ կապ չունեն Բաքվի հետ բանակցությունների կամ չբանակցությունների հետ։ Սա զուտ ներքին, պետական հարց է, որը լուծում է Արցախի ժողովուրդը՝ ընտրելով իր ներկայացուցչին։ Դրանից հետո Բաքուն կհամաձայնի՞ նրա հետ խոսել, թե՞ ոչ, ժողովրդի խնդիրը չէ։ Հիմա Արցախում կան պետական իշխանություններ, բայց Բաքուն որևէ կերպ չի խոսում նրանց հետ։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը չի պայմանավորում նրանով՝ Բաքուն ում հետ է ուզում խոսել, ում հետ՝ ոչ։ Դա Բաքվի խնդիրն է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արցախի նախագահի հրաժարական