Արցախից տեղահանվածները` Հայաստանի գյուղերում։ Անձնական պատմություններ
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից՝ սեփական բնակավայրերից ու տներից հեռացան հազարավոր ընտանիքներ։ Պաշտոնական տվյլաներով՜ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների թիվը կազմել է շուրջ 21 հազար մարդ, 5 400 ընտանիք: Նրանց մեծ մասը բնակվում է Հայաստանի տարբեր մարզերում։
Անձնական պատմություններ․ ինչպես են նրանք հարմարվում նոր կյանքին։
- Անկլավները՝ հայ-ադրբեջանական դիմակայության կղզյակներ
- Յուրաքանչյուր կյանք կարևոր է․ ինչպես են մարդիկ ու կենդանիները փրկում միմյանց Հայաստանում
- Հայ տանտերերի սիրելի վարձակալները․ ո՞ւմ Երևանում բնակարան չեն հանձնում
«Իշխանասարից մեր գյուղը մոտ է»
Կոստանյանների ընտանիքի ութ երեխաներից յոթը ծնվել են Քաշաթաղի շրջանի Հակ գյուղում։ Կրտսեր դուստրը՝ Լիլիթը, լույս աշխարհ է եկել Գորիսում։
«Հղի էի, երբ լքեցինք մեր տունը։ 2020 թվականի նոյեմբերի վերջին դուրս եկանք [ռազմական գործողություններն ավարտվեցին 2020 թ․ նոյեմբերի 10-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ փաստաթղթի, այս շրջանի բնակիչներին իրենց տները լքելու համար ժամանակ էր տրվում մինչև դեկտեմբերի 1-ը — JAMnews]։ Մի քանի օր անց, դեկտեմբերի 8-ին ծնվեց Լիլիթը։ Մեր նոր տան մեջ մի քանի ամիս հասցրինք ապրել, պետությունն էր տրամադրել, որպես բազմազավակ ընտանիք։ Ո՞վ իմանար այսպես կլիներ», — պատմում է ընտանիքի մայրը՝ 30-ամյա Նարինե Կոստանյանը։
Երեխաները՝ մեծից փոքր հավաքվել են տան միակ սեղանի շուրջ ճաշելու։ Ավագը 14 տարեկան է, փոքրը՝ 1,2։ Սենյակի մի անկյունում փայտե վառարանն է՝ ծանրաբեռնված տաք կաթսաներով։ Մեծ, սակայն խիստ անհարմարավետ տանը բազմազավակ ընտանիքը մի կերպ է հարմարվել։ Նարինեն ասում է՝ կացարանի այլ տարբերակ չեն ունեցել։
Ընտանիքում կարոտով են հիշում իրենց գյուղը, կորցրած նորակառույց տունը, այգին։
Նարինեի ամուսինն ասում է, Հակից հասցրել են տեղափոխել անասուններին, հագուստեղենը և վառելիք՝ փայտ։ Հենց սկզբից որոշել են գալ Իշխանասար, որը գտնվում է Սյունիքի մարզում։ Իշխանասար գյուղի դեմ դիմաց վեր է խոյանում Իշխանասար լեռը, որի հակառակ կողմում էլ Քաշաթաղի շրջանի Հակ գյուղն է։
«Իշխանասարից մոտ ենք մեր գյուղին, մեր տանը։ Եթե տան հարցը լուծվի, պետությունը կարողանա չորս պատ տրամադրել, հենց այս գյուղում էլ հիմնական կմնանք», — ասում է Վահան Կոստանյանը։
Իշխանասարի համայնքապետարանը ընտանիքին դեռ ժամականավոր կացարան է տրամադրել։ Պարբերաբար տարբեր կազմակերպություններ օգնություն են հատկացնում՝ սննդի, փայտի, հիգիենայի պարագաների, հագուստի տեսքով։
Իշխանասարում բացի Կոստանյաններից ևս չորս տեղահանված ընտանիք է ապաստանել․ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, Մատաղիսից, Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղից, ընդհանուր առմամբ՝ 29 հոգի։
«Ամուսինս ասում էր՝ ես չեմ դիմանում, կմեռնեմ, այդպես էլ եղավ»
Սյունիքի մարզի Խնածախ գյուղում հանգրվանել է Քաշաթաղի շրջանի Մելիքաշեն գյուղից Բունիաթյանների հինգ հոգանոց ընտանիքը։
«Երկու օր ժամանակ տվեցին դուրս գալու համար։ Միայն երեխաների շորերն եմ հասցրել հավաքել։ Ամեն ինչ թողեցինք եկանք», — պատմում է երեք անչափահաս երեխաների մայրը՝ 40-ամյա Ոսկեհատ Բունիաթյանը:
Ասում է՝ մեկ տարուց ավելի է փորձում են հարմարվել նոր բնակավայրին, միջավայրին․
«Ինչ տեղափոխվել էինք Խնածախ, ամուսինս ասում էր՝ ես չեմ դիմանում, կմեռնեմ, այդպես էլ եղավ, երկու ամիս առաջ ինսուլտից մահացավ»։
Մելիքաշենում Ոսկեհատը փոքր անասնապահական ֆերմա է ունեցել, հող է մշակել, Խնածախում ոչինչ չունի, փորձում է աշխատանք գտնել ընտանիքը պահելու համար։
«Այս տանը, որտեղ հիմա ապրում ենք, դիմացը հողամաս էլ չկա, գոնե կմշակեի։ Եթե ինձ տուն տան, կմնամ այստեղ, եթե ոչ, ապա մտածում եմ Արցախ վերադառնալու մասին։ Այնտեղ կհիմնավորվեմ գյուղերից մեկում, բնակարանով ապահովում են։ Մանավանդ տղաս էլ երկու տարի հետո զորակոչիկ է լինելու։ Ուզում եմ թղթերը բերեմ Հայաստան, չի թողնում, ասում է՝ ծնվել եմ Արցախում, իմ հողն է, այնտեղ եմ գնալու ծառայության։ Եթե այնտեղ գնաց բանակ, նշանակում է հաստատ՝ վերադարձ Արցախ», — ասում է Ոսկեհատը։
Երևանից 250 կմ հեռավորության վրա գտնվող Խնածախը 44-օրյա պատերազմից հետո դարձել է սահմանամերձ Ադրբեջանի հետ։ Այս գյուղում Արցախից վերաբնակեցված 20 ընտանիք է ապրում։
«Ջեռքով էինք ջուր կրում, բայց երջանիկ էինք»
Մանուշակ Հակոբյանը ափսոսանքով ու ցավով է հիշում Քաշաթաղի շրջանում գտնվող Ծիծեռնավանքի իրենց տունը։ Այժմ ընտանիքով տեղափոխվել է Խնածախ, սկսել է աշխատել տեղի դպրոցում։
«Ծիծեռնավանքից դուրս եկանք 2020 թվականի նոյեմբերի 29-ին, մինչև վերջ մնացինք, վերջին օրն ենք դուրս եկել։ Հիշում եմ մեր տունը, մեր էն ձորը, մեր հարևաններին։ Չգիտեմ, ժամանակը գուցե կօգնի։ Երկու մասնաշենքով դպրոց ունեինք, երեսուն աշակերտ, այնտեղ աշխատել եմ 15 տարի։ Ապրում էինք էլի, լավ էր, ճիշտ է ձեռքով էինք ջուր կրում, բայց չէինք դժգոհում, իսկ հիմա եկել ենք ու տուն չունենք», — պատմում է Մանուշակը։
Երեք երեխաների մայրն ասում է, որ մեկ տարվա ընթացքում գյուղում երեք տուն են փոխել․ մեկ տերերը վաճառել եմ, մեկ՝ այլ պատճառ է առաջացել․
«Հեշտ չէ այս կյանքով ապրելը։ Այնտեղից միայն հասցրինք մեր տան տանիքի թիթեղը բերել, անասունները հասցրինք վաճառել։ Այստեղ ամուսինս անասնապահությամբ է զբաղվում, չորս հինգ կով ունենք։ Ցավն այն է, որ այստեղ էլ արոտ չկա։ Որ արդեն ստիպված կովերից մեկին վաճառել ենք, չոր խոտ առել, որ մնացածին կարողանանք պահել։ Խնածախի արոտավայրերը Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել»։
«Չեմ նայում այն կողմ, որտեղից երևում են մեր սարերը»
Ծիծեռնավանքից Խնածախ է տեղափոխվել նաև Արտավազդ Աբրահամյանը։
«Փոքր գյուղ էր, բայց ապրում էինք մի ընտանիքի նման, ուրախություն ու տխրություն կիսելով։ Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Ու այդ օրվանից բոլորիս կյանքը փոխվեց։ Սկզբում մտածեցինք Քառօրյա պատերազմի նման կանցնի կգնա, մինչև ամենավատ իրավիճակը ստեղծվեց։ Երբ նոյեմբերի 9-ին այդ փաստաթուղթը ստորագրվեց [ռազմական գործողությունների ավարտի մասին], մենք բոլորս շվարած էինք։
Մի բան կասեմ, գյուղը միանգամից մեռավ, ապրում էինք, բայց մեռած էինք։ Մենք տեղափոխվեցինք այստեղ, բալիկս արդեն այստեղ ծնվեց։ Մեր գյուղացիներից շատերը հիմա Հայաստանի տարբեր մարզերում են գտնվում, ով որտեղ կարողացել է տեղավորվել է, բայց կապի մեջ ենք։ Վերջերս մերոնցից մեկի հարսանիքն էր, Հրազդանում էին անում, այստեղից հասել եմ այնտեղ՝ ջերմությունը մեզ կապում է դեռ իրար», — պատմում է Արտավազդը։
Խնածախում նա արդեն գտել է իրեն, մի քանի ամիս է դպրոցի տնօրենն է։ Այստեղ սովորում է Քաշաթաղի տարբեր գյուղերից եկած ութ երեխա։
Խնածախից Ծիծեռնավանք ընդամենը հինգ կիլոմետր ճանապարհ է պետք անցնել։
«Գյուղի մի ճանապարհ կա, այդ հատվածով անցնում ենք, կարծես մի ծանր դար անցնի, որովհետև այդտեղից երևում են մեր գյուղի սարերը, նաև՝ ադրբեջանական դրոշները։ Մեզ համար այդ ճանապարհը մի անտանելի ծանր ճանապարհ է։ Ճիշտն ասած, ես չեմ նայում այդ կողմ ու չեմ էլ անցնում այդ հատվածով, ծանր է», — ասում է Արտավազդը։