Արտասահմանցիներին քշում ենք շուկայից
Նոյեմբերի 1-ից Ադրբեջանում կբարձրացվի ներկրվող սննդամթերքի մաքսատուրքը: Պաշտոնյաները վստահեցնում են, որ այդպիսով ուզում են պաշտպանել տեղական արտադրողներին արտասահմանյան արտադրողների հետ մրցակցությունից: Արտասահմանյան միսը, ձուն, բանջարեղենը, միրգը, ընկուզեղենը, ալկոհոլը, հյութերը, շինանյութը, կերամիկան՝ այս ամենը կամ կարող է թանկանալ, կամ լիովին անհետանալ շուկայից:
Նախարարների կաբինետը, որն ընդունել է այս որոշումը, կարծում է, որ Ադրբեջանը կարող է և պարտավոր է ինքն իրեն այդ ապրանքով ապահովել: «Ադրբեջան ներկրվող մի շարք ապրանքի մաքսատուրքի բարձրացումն առաջին հերթին կհանգեցնի հայրենական արտադրության ապրանքների ծավալի աճին, — երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդին Ալիևը: — Մենք բոլորս առանց այդ էլ նախընտրությունը տալիս ենք Ադրբեջանում արտադրվող գյուղատնտեսական ապրանքին ու սննդամթերքին: Պարզապես հիմա դրանք կկարողանան մրցակցել դեմպինգային գներով ներկրվող արտասահմանյան ապրանքի հետ: Եթե երկրում առանց այդ էլ հավի միս, հավկիթ և այլ սննդամթերք է արտադրվում, ուրեմն ինչո՞ւ պետք է երկիրն արտարժույթով վճարի սառեցված արտասահմանյան արտադրանքի համար»:
Մաքսատուրքի ավելացումը տեղի է ունենում Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի ֆոնին: Նախարարների կաբինետի որոշումից երկու օր առաջ փակվել է երկրի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank Standard-ը, իսկ պետական վիճակագրական ծառայության կանխատեսմամբ՝ այս տարի արժեզրկումը կկազմի 10 -12%:
Մինչև հիմա ներկրվող ապրանքի հանդեպ կիրառվում էր ստանդարտ մաքսատուրք դրա արժեքի 15 տոկոսի չափով: Սննդամթերքը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից և Թուրքիայից, ինչպես նաև Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Միջին վիճակագրական բաքվեցու սպառողական զամբյուղում ներկրվող ապրանքի մասնաբաժինը կազմում է կեսից ոչ պակաս, շրջաններում՝ ավելի քիչ:
Փորձագետներից շատերը կարծում են, որ արտասահմանցիներին շուկայից վռնդելը նշանակում է սայլը ձիուց առաջ գցել, և շուկայում հայրենական մթերքի բացակայության համար մեղավոր է ոչ թե ներկրման ուղղությամբ մրցակցությունը, այլ երկրի ներսում ենթակառուցվածքների բացակայությունը: Ահա թե ինչ է գրում այդ առիթով փորձագետ, տնտեսագետ Թորգուլ Մաշալլին իր ֆեյսբուքյան էջում.
«Ադրբեջանը ռուսաստանյան շուկա կարտոֆիլի խոշոր արտահանողներից է (բայց ոչ հիմնականը): Սակայն ոչ թե սովորական «ստանդարտ» կարտոֆիլի, այլ երիտասարդ կարտոֆիլի (այսինքն ապրիլ-մայիսից մինչև հունիս): Տարվա մնացած մասը մենք կարտոֆիլ չունենք: Որովհետև այն պահելու տեղ չունենք: Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք ներկրել վրացականը, թուրքականը և նույնիսկ ռուսականը (նրանք փաստացի կարտոֆիլ չեն արտահանում):
Մյուս օրինակը խնձորի հետ է կապված: Մի քանի տարի առաջ գուբացի (Գուբան ադրբեջանական քաղաք է, որը հայտնի է իր խնձորով) ֆերմերների մոտ «հրաշք» տեղի ունեցավ. բերքատվությունը շատ էր: Եվ, ի՞նչ եք կարծում՝ ինչ տեղի ունեցավ: Նրանք չգիտեին, ինչ անել այդքան խնձորը, քանի որ պահելու տեղ չունեին (որևէ ենթակառուցվածք չկա), իսկ միանգամից ռուսական շուկա արտահանելը գինը կգցեր: Եվ կրկին՝ մենք միայն թարմ խնձոր էինք արտահանում: Տարվա մնացած մասը հնարավոր չէ Գուբայի խնձոր գտնել, և Ադրբեջանը ստիպված է այն ներկրել Լատինական Ամերիկայից»:
Հայտնի քաղաքական գործիչ և տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին ասում է. «Նախկինում գոնե ինչ-որ հույս կար, որ Ադրբեջանը կներգրավվի քաղաքակիրթ երկրների տարածք՝ դառնալով Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամ, բանակցություններ էին վարում: Սակայն հիմա ակնհայտ է, որ երկիրը չի ուզում կազմակերպության անդամ դառնալ: Պատճառը պարզ է. իբր գոյություն ունի զարգացման ինչ-որ սեփական ուղի, որն իրականում ներքին շուկան իրենց ձեռքում պահող մի խումբ օլիգարխների շահերը պաշտպանելու առիթ է»:
Սոցցանցերի արձագանքից դատելով՝ հենց գների աճից են մարդիկ վախենում:
«Գները բարձրանալու են ոչ թե մեկ ամիս առաջ, երբ այդ որոշումն ուժի մեջ մտնի, այլ հենց հիմա, երբ սուպերմարկետները սկսեն վերանայել գնապիտակները»:
«Ասում են՝ 100 գրամ մորեխը 1500 կիլոկալորիա է պարունակում: Մյուս տարի այս տեղեկությունը կարող փրկել մեր կյանքը»:
«Winter is coming!»[հայտնի մեջբերում «Գահերի խաղը» սերիալից]
Էլդարը փոքր խանութ ունի. «Ես չեմ փոխելու գները, մինչև նոր գնով ապրանքը չգա: Այսօր խանութից գնել են բոլոր հավկիթներն ու ռուսական օղին»:
Հրապարակվել է 06.10.2016