Հայաստանից դեպի ԱՄԷ արտահանումն աճել է, դեպի ՌԴ՝ նվազել․ ո՞րն է պատճառը
Արտահանում ՀՀ-ից ԱՄԷ
«Հայաստանի արտահանումների կառուցվածքում կտրուկ ավելացել է Արաբական Միացյալ Էմիրությունների մասնաբաժինը՝ ընդհուպ մոտենալով 50 տոկոսին»,- հայտարարել է տնտեսագետ Արմեն Քթոյանն ու հավելել, որ ԱՄԷ-ն առաջատար է դարձել։
Ավանդաբար Հայաստանից արտահանման ծավալներով առաջատարը Ռուսաստանն էր։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Քթոյանն այս փոփոխությունը պայմանավորել է արտահանվող ապրանքների փոփոխությամբ։ Ասում է՝ 2023 թ․-ի վերջից սկսած արտահանման ապրանքային կառուցվածքում արձանագրվում են գործընթացներ, որոնք ենթադրում են թանկարժեք մետաղների ու քարերի դերակատարության կտրուկ մեծացում, ըստ այդմ էլ՝ փոխվում են ինչպես ապրանքները, այնպես էլ առաջատար երկրները։
«Մեծ ծավալի «թանկարժեք քարեր, մետաղներ» հոդվածով ապրանք է ներմուծվում Հայաստան Ռուսաստանից: Հետո այդ ապրանքը որոշակի վերամշակման ենթարկվելուց, նաև որոշակի հատված առանց վերամշակման ենթարկվելու, արտահանվում է առանձին երկրներ, առաջին հերթին՝ ԱՄԷ»,- շեշտել է Քթոյանը։
Տնտեսագետի գնահատմամբ՝ դա թույլ է տալիս ցուցանիշների բարելավում ունենալ, սակայն չի կարելի ասել, թե «երկրում նշանակալի ավելացված արժեք է ստեղծվում կամ տնտեսական ներուժն էականորեն աճում է»։
- «ՀՀ տնտեսական աճը ներուժից բարձր է»․ կարծիք Երևանից
- «Կտրուկ քայլերը տնտեսական մեծ վնասներ կարող են բերել»․ հայ տնտեսագետ
- Վրաստանի տարածքով ՌԴ են ներմուծվում պատժամիջոցների տակ գտնվող մեքենաներ. Sky News
ՀՀ արտահանման ծավալները․ ո՞ր երկրներն են առաջին եռյակում
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանն արտահանել է 9 694 745 հազար դոլարի ապրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 2.1 անգամ:
Արտահանման ծավալներով առաջին տեղում ԱՄԷ-ն է։ Էմիրություններ է արտահանվել 4 311 465 հազար դոլարի ապրանք։ Ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ աճել է 7.3 անգամ:
Երկրորդ տեղում Ռուսաստանն է։ Այս ուղղությամբ, սակայն, նվազում է նկատվել։
Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 19.5 տոկոսով՝ կազմելով 1 930 397 հազար դոլար:
Երրորդ տեղում Չինաստանն է՝ մոտ 840 մլն դոլար ծավալով։ Սա նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 3 անգամ։
Ինչո՞վ է պայմանավորված դեպի ՌԴ արտահանման ծավալների նվազումը
Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ առաջին գործոնը, որն ազդել է ծավալների վրա, կապված է վերաարտահանվող ապրանքների հետ։
«Մեքենաների, սարքավորումների, տեխնիկական միջոցների արտահանումը պատերազմի [ռուս-ուկրաինական] մեկնարկից երկու տարվա ընթացքում բազմապատկվեց գրեթե 20 անգամ: Ունեինք բավականին բարձր բազա, այն հասել էր իր գագաթնակետին: Եվ հաջորդիվ պետք է լիներ նվազում»,- պարզաբանել է նա։
Քթոյանի խոսքով՝ նվազում է գրանցվել հենց նման ապրանքների վերաբերող հոդվածներով, որոնք նախկինում «թռիչքային աճ» էին ապահովել։ Հիմա, ըստ նրա, ճշգրտումների փուլ է։
Արտահանման ծավալների նվազմանը նպաստած մյուս գործոնը ավանդաբար արտահանվող ապրանքների գծով ՌԴ շուկայում մրցունակության խնդիրն է՝ պայմանավորված ռուբլու արժեզրկմամբ․
«Արժեզրկված ռուբլու պայմաններում ռուսաստանյան շուկայում մրցակցելը բավականին դժվարացել է: Սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում մեր ավանդական ուղղությունների համար, որոնց արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն էր»,- նշել է նա։
ԵԱՏՄ, թե՞ ԵՄ շուկան է առավել պահանջված
Տնտեսագետի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ առևտրում տեղի ունեցող փոփոխություններն արտացոլվում են նաև ընդհանուր՝ ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալների վրա, քանի որ միության հետ ապրանքաշրջանառության 95 տոկոսը բաժին է ընկնում հենց ՌԴ-ին․
«8 ամսում ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 2 051 574 դոլար՝ նվազելով 18.4 տոկոսով»,- արձանագրել է Քթոյանը։
Նույն ժամանակահատվածում 24.2 տոկոսով նվազել է նաև դեպի ԵՄ երկրներ արտահանումը՝ կազմելով 391 279 000 դոլար:
«ԵՄ առանձին երկրներ արտահանումն աճել է: Օրինակ՝ Բելգիա արտահանումն աճել է 50.5 տոկոսով՝ կազմելով 85 715 000 դոլար, Ռումինիա արտահանումն աճել է 88.6 տոկոսով՝ կազմելով 3 923 000 դոլար»,- ասում է փորձագետը։
Նրա փոխանցմամբ՝ 2000-ականների առաջին տասնամյակում ԵՄ երկրներ արտահանումը 3 անգամ ավելին էր, քան դեպի ՌԴ արտահանումը: Հիմա հակառակ պատկերն է․
«Այնպես չէ, որ նախկինում մրցունակ արտադրանք ունեինք, հիմա չունենք: Պարզապես այն ժամանակ հանքագործական արտադրանքի արտահանումային հիմնական գործընկերները եվրոպական ընկերություններն էին։ Այդ ապրանքն իրենց միջոցով էր արտահանվում դեպի այդ շուկաներ՝ հետագա վերամշակման համար, ինչն անդրադառնում էր ԵՄ-ի հետ առևտրի վրա»։
Ասում է՝ հիմա հանքագործության ոլորտում կա կապիտալի փոփոխություն, ինչը ևս անդրադառնում է արտահանման շուկաների վրա:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ դեպի ԵՄ արտահանման նվազման հարցում որոշակի դեր ունի նաև այն, որ բիզնեսները նախընտրում են «ավելի արագ շահույթ ստանալ» ԵԱՏՄ ուղղությամբ․
«Եթե կա ԵԱՏՄ ուղղություն, որտեղ հնարավոր է ավելի արագ շատ շահույթ ստանալ, ապա ընկերությունները, որոնք աշխատում էին Եվրոպայի հետ՝ մեր ավանդական ապրանքատեսակներն արտահանելու ուղղությամբ, արդեն իրենց ռեսուրսները վերաուղղորդում են այն ուղղությամբ, որտեղ ավելի արագ ու ավելի բարձր շահույթ կարելի է ստանալ։ Դա բիզնեսի տրամաբանությունն է»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արտահանում ՀՀ-ից ԱՄԷ