Արմեն Սարգսյան, Երևան
Բոբ Դիլանը երգում էր Լաս Վեգասում, երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա ստացել է 2016 թվականի գրականության Նոբելյան մրցանակը: Բրիտանական լրատվամիջոցների՝ Դիլանի հետ կապվելու և մեկնաբանություն ստանալու փորձերն ապարդյուն են անցել: Նա նույնիսկ համերգի ժամանակ չի էլ հայտնել այդ լուրը և շարունակել է երգել.
«Աստված ասաց Աբրահամին. արա՛ ինչ ուզում ես, բայց մյուս անգամ հենց տեսնես գալիս եմ, լավ կլինի՝ փախչես»: (God say, “You can do what you want Abe, but the next time you see me comin’ you better run)
Նոբելյան կոմիտեն առաջին անգամ գրականության մրցանակ տվեց երգչի և արժանացավ սպասվող քննադատությանը:
Շվեդական ակադեմիայի ավելի քան մեկդարյա որոշումները ոչ մի անգամ հալած յուղի տեղ չեն ընդունվել: Պատահել է այնպես, որ նույնիսկ Նոբելյան մրցանակ ստացողներն իրե՛նք են քննադատել իրենց իսկ օգտին կայացրած որոշումը: Հաճախ որոշումներին հաջորդող պարզաբանումներում ակադեմիան ինքն է «նպաստել», որ իրեն «գզեն» լրատվամիջոցներն ու հանրային գործիչները:
Ասենք, 1937, 1938, 1939 թվականներին, երեք անգամ, Մահաթմա Գանդին եղել է Խաղաղության մրցանակի թեկնածու, բայց մերժվել է Նոբելյան կոմիտեի կողմից: 1948 թվականին, նրա թեկնածությունը չորրորդ անգամ առաջադրվեց, որոշումը կայացվեց, բայց մրցանակաբաշխությունից մի քանի օր առաջ Գանդիին սպանեցին: Կոմիտեն հրաժարվեց մրցանակը շնորհել, քանի որ «իրական կենդանի թեկնածու չկա, որ ստանա այն»:
«Ժեկի» տեղեկանքին նմանվող այս գրությունը մեծ իրարանցում առաջացրեց: Իրավիճակը շտկելու համար 1989 թվականին Դալայ Լամային Խաղաղության Նոբելյան մրցանակ տվեցին և հայտարարեցին, թե այս մրցանակը նաև «մասնակի տուրք է Գանդիի հիշատակին»:
Այսպիսով, կոմիտեն նսեմացրեց կենդանի մրցանակակրի արժանիքները ու նորից քննադատության հերթական չափաբաժինը ստացավ: Իսկ ի՞նչ ասի ֆիզիկոս Արնոլդ Սոմերֆելդը, ում 81 անգամ ներկայացրել են մրցանակի ու մերժել:
Մրցութային կոմիտեի ներսում էլ են եղել քննադատություններ և ինքնաբացարկներ: Բայց, իհարկե, մեծագույն մեղադրանքը եղել և մնում է այսպես կոչված «եվրոցենտրիզմը»: Այսինքն՝ առաջին հերթին սեփական աշխարհամասի նվաճումները «ուրիշների աչքը կոխելը»: Երևի դրա համար էլ «չուզողները» հիմնադրեցին Ig Nobel Prize այլընտրանքային մրցանակաբաշխությունը, որն իրական Նոբելյան մրցանակի հեգնական տարբերակն է:
Զարմանալի է, որ այս «ձեռառնոցի» հեղինակներն ու կազմակերպիչները իսկական Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են: Իգնոբելյան արարողությունն անցկացվում է Հարվարդի համալսարանի ամենահայտնի Սանդերս կինոթատրոնում: Այստեղ մրցանակակիրներին քաջալերում է Միսս Քաղցրիկ Կեղտոտիկը, իսկ ներկա աշխարհահռչակ գիտնականները թղթե ինքնաթիռներով «ռմբակոծում են» բեմը:
Ամբողջ արարողությունը հեռարձակում է Ամերիկայի Հանրային ռադիոն: 2016 թվականի մրցանակակիրներն արդեն հայտնի են և այս տարվա նոյեմբերի 29-ին տեղի կունենա այդ հանրահայտ «հականոբելյան» իրադարձությունը: Մի քանի խոսք հաղթողների մասին.
Հոգեբանության բնագավառում մրցանակը շնորհվել է Գենտի համալսարանի գիտնական Էվելին Դեբեյին (Evelyne Debey), ով սոցհարցումներ է անցկացրել ստախոսների շրջանում, պարզելու համար, թե արդյո՞ք ճիշտ է, որ նրանք սուտ են խոսում:
Բժշկության բնագավառի այս տարվա հաղթողը Լյուբեկի համալսարանի նյարդաբան Քրիստոֆ Հելմխենն է (Christoph Helmchen): Նա տեսություն է գրել, թե ինչպես կարելի է հայելու առաջ կանգնելով՝ առանց աջն ու ձախը շփոթելու գտնել ու տրորել մարմնի քոր եկող հատվածը: Ահա նրա գիտափորձի նմուշներն ու քոր եկող տեղը գտնելու բազմագույն սխեմաները:
Գրականության մրցանակը ստացել է Ֆրեդրիք Սյոբերգը (Fredrik Sjoberg): Նա երեք հատորանոց ինքնակենսագրական վեպում անընդհատ վերապրում է այն հաճույքը, երբ սատկած ճանճեր ես հավաքում բռիդ մեջ, ի տարբերություն՝ կենդանի ճանճերի:
Տարբեր տարիներին այս մրցանակին են արժանացել Թայվանի խորհրդարանը, Սինգապուրի վարչապետը, «Ֆոլքսվագեն ընկերությունը» և նույնիսկ ՄԱԿ-ի մի գլխավոր քարտուղար: Հաղթողները հատուկ դասախոսություններով հանդես են գալիս Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում, որն աշխարհի լավագույն համալսարաններից է: Հենց այս համալսարանում են աշխատել 85 իսկական նոբելյան մրցանակակիր և 34 տիեզերագնաց:
Այսքանից հետո այնքան էլ տարօրինակ չի թվում Նոբելյան կոմիտեի որոշումը՝ Բոբ Դիլանին գրականության մրցանակ տալու վերաբերյալ: Ով ինչ ուզում՝ անում է:
Դիլանն էլ հենց դա է ասում: «Եթե Աստված զոհաբերություն է ուզում 61-րդ մայրուղու վրա, ապա ո՞վ է Աբրահամը, որ նրան դեմ գնա: Չէ՞ որ Տերն արդեն ասել է՝ որտեղ բռնել եմ, ինձնից չնեղանաս»:
Վայելեք Highway 61 Revisited. Բեմում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Բոբ Դիլանը:
Հրապարակվել է՝ 23.10.2016