Արմեն Սարգսյան, Երևան
Հայկական մեդիայում շրջանառվեց Մենդելեևի աղյուսակում 4 նոր քիմիական տարրերի ավելացման մասին լուրը: Դրանք հայտնաբերվել են Ռուսաստանի Ֆլերովի անվան միջուկային փոխազդեցությունների լաբորատորիայում, ԱՄՆ-ի և ճապոնիայի հետ համագործակցությամբ:
Տարրերը պայմանականորեն կոչել են ԱՄՆ Թեննեսի նահանգի (Tn — tennessine), Ճապոնիայի (Nh — nihonium), Մոսկվայի (Ms — moscovium ) և մի ակադեմիկոսի անունով (Og — oganesson):
Այս ցանկում հայերին առանձնապես հետաքրքրեց Og-ն՝ oգանեսոնն է, որը կնքվել է լաբորատորիայի ղեկավար, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանի անունով:
Եթե oգանեսոնը չլիներ, մենք այս մասին հազիվ թե իմանայինք: Աղյուսակի նոր բնակիչները առաջին հերթին հիասթափություն կառաջացնեն աշակերտների շրջանում՝ իբր հիշելու քիչ բան ունեին: Է՞լ ում պետք կգան դրանք, առանձնապես չենք մտահոգվում:
Եվ, ճիշտն ասած, մենք այնքան էլ մեղավոր չենք այս հարցում: Պատկերացրեք, գիտնականը մեզ բացատրում է, թե ինչպես է ատոմային գոլորշիներում լույսն իր մեջ ինֆորմացիա պահում և փոխանցում: Հետո՞ ինչ: Ու՞մ է դա հետաքրքիր: Երևի միայն մի ուրիշ գիտնականի:
Եթե այդ փորձից 35 տարի անց ստեղծվի մի ինչ-որ LCD հեռուստացույց (և այդպես էլ եղել է), մենք հանգիստ խղճով կվայելենք դրա պատկերը: Եվ եթե փորձենք այդ մասին հանկարծ խոսել նույն գիտնականի հետ, հիմա էլ նա կասի՝ հետո՞ ինչ: Գիտնականի համար դա արդեն աճպարարի թիկունքից ֆոկուսին նայելուն հավասար բան է:
Օրինակ, քուինիդինից քուինոլ սինթեզելը մեզ մոտ հույզեր առանձնապես չի առաջացնում:
1886 թվականին Ջակոմո Լուիջի Չամիչյանը առաջին անգամ կատարեց այդ փորձը: Այսպիսով՝ նա դարձավ ֆոտոքիմիայի հայրը, վերականգնվող էներգիայի կնքահայրը և վերջում՝ արևային էներգիայի պապիկը: Հիմա արդեն սա մեզ շատ հետաքրքրեց: Որովհետև հենց հայազգի Ջակոմո Չամիչյանը 1912 թվականին հեղափոխություն մտցրեց համաշխարհային գիտության և տնտեսության մեջ:
Ջակոմո (Հակոբ) Չամիչյան, 1857-1922, նկարը՝ Վիքիպեդիա
Չամիչյանն ապացուցեց, որ կարելի է ապագայում (այսինքն՝ հիմա) էներգիա ստանալ արևից: Բոլոնիայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը, որն աշխարհի «կանաչ քիմիայի» կենտրոնն է, հիմա կոչվում է համաշխարհային մակարդակի գիտնական Ջակոմո Լուիջի Չամիչյանի անունով:
Երբ նա մահացավ, համալսարանի ուսանողներն ու դասախոսներն իրենց ուսերի վրա տարան գիտանականին ամբողջ քաղաքով՝ դեպի գերեզմանատուն: Փողոցներից մեկը, որով անցավ սգո թափորը, անմիջապես անվանակոչվեց Չամիչյան: Իտալիայի 4 քաղաքներում՝ Պադուայում, Տրիեստում, Հռոմում եւ Բոլոնյայում հիմա Չամիչյան փողոցներ կան:
Մենք, իհարկե, հպարտանում ենք արևային էներգիայի կնքահոր հայկական ծագումով, բայց շարունակում ենք ռուսական գազ ներմուծել «կրակի գնով», հետևել նավթի գներին և ախ քաշել տարադրամի կուրսի տատանումներից: Ախ ենք քաշում և անցնում առաջ:
Համաշխարհային դասի գիտնականներն իրենց կենսագրությունում միշտ նշում են, թե ով է ոգեշնչել իրենց: Տիեզերքի, Ժամանակի և Մեծ Պայթյունի հռչակավոր տեսաբան Սթիվեն Հոքինգը նշել է իր մաթեմատիկայի դպրոցական ուսուցիչ Դիքրան Թաթայի՝ Տիգրան Թաթաբրունյանի անունը:
«Դիքրան Թաթայի շնորհիվ ես դարձա Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր: Մի պաշտոն, որը ժամանակին Իսահակ Նյուտոնն է զբաղեցրել»:
1958 թվականին Դիքրան Թաթան իր աշակերտի համար փչացած ժամացույցից և հեռախոսի թմբուկից համակարգիչ հավաքեց: Հոքինգը դրանից հետո առաջին անգամ մտածեց, որ ժամանակը կարելի է «քանդել-հավաքել» և այդ ընթացքում «տեսնել», թե ինչպես ծնվեց Տիեզերքը: Չխորանանք: Պայմաններն, ինչպես տեսնում ենք, էական չեն եղել՝ փչացած հեռախոսով ֆիզիկական կոսմոլոգիա ուսումնասիրելու համար:
Աշտարակում գտնվող ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը մի անգամ ինձ պատմեց, որ մութ ու ցուրտ տարիների ձմռանը սենյակային ջերմաստիճանում նյութի կլանման փորձ է կատարել և դրա արդյունքները ներկայացրել Փարիզում:
Ոչ ոք չի հավատացել այդ փորձին: Եվրոպացի գիտնականներն անհավանական են համարել, որ սենյակում, այսինքն՝ 21 աստիճանում, կլանումն այդչափ դանդաղ կլինի: Արամ Պապոյանը ստիպված ֆիզիկան մի կողմ է թողել և «պատմական էքսկուրս» կատարել՝ բացատրելով, որ մեզ մոտ էներգետիկ ճգնաժամ է, որ մեր սենյակներում ոչ թե ձերի նման 21, այլ՝ 0 աստիճան է, և այդ պայմաններում էլ մենք ապրում ու աշխատում ենք: Սա ավելի շատ է զարմացրել եվրոպացիներին, քան բուն փորձի արդյունքը:
Չգիտեմ, երբևէ կկարողանանք գլուխ կհանել այդ փորձի արդյունքից: Արամ Պապոյանը ժամերով ինձ բացատրում էր, որ եթե իրենց փորձը հաջողվի, ռենտգենի բոլոր սարքավորումները կդառնան «փչացած խաղալիքներ»:
Այդ մասին նա պատմում էր ինստիտուտի ծիրանի այգում՝ հուլիսին, երբ իսկական «տիեզերական» բուրմունք կար օդում: Անհավանական էր թվում, որ մեզանից մի քանի քայլ այն կողմ բյուրեղների ֆիզիկայի լաբորատորիայում լուսաբեկման փորձեր էին արվում: Եվ հիմա էլ, լսելով օգանեսոնի, քուինինի ու կանաչ քիմիայի մասին ես ինձ զգում եմ… Աշտարակի ծիրանի այգում:
Հրապարակբել է՝ 29.06.2016