«Պատվով հեռացիր»․ Հայաստանում պահանջում են կրթության նախարարի հրաժարականը
Հայաստանում «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական թևը «Կառավարության նիստ առանց Արայիկ Հարությունյանի» նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նրանք առաջին օրը չէ, որ կրթության նախարարի հրաժարականն են պահանջում։ Նոյեմբերի յոթի առավոտից ցուցարարներին էին միացել Երևանի պետհամալսարանի ուսանողները։ Ակցիայի մասնակիցները նախարարության առջև անժամկետ նստացույց են սկսել։
Զուգահեռ համացանցում Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու պահանջով ստորագրահավաք էր ընթանում։ Սակայն նախարարն ակնհայտորեն մտադիր չէ հեռանալ։
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչու է երիտասարդությունը պահանջում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականը։
• Երեք դասարան մեկ սենյակում․ երեխաներն ուրախ են, ուսուցիչները՝ մորոված
• Հայաստանի «հեղափոխական» կառավարության կազմը
Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել
Ամեն ինչ սկսվել է մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկի մոտ մոդեռն ներկայացումների երկրպագուների կողմից գերմանացի հեղինակ Լինդա Նաջիի «Հուզանք և զանգ» պերֆորմանսի կատարումից։
Դա նոյեմբերի 2-ին էր։ Այդ փորձարարական ներկայացումից առավել զայրացած մի քանի անցորդ փորձել էր ձախողել պրեմիերան։
Սկզբից այդ անցորդները լեզվակռիվ էին սկսել դերասանների հետ, իսկ հետո նրանցից մեկը մոտ էր վազել և փորձել ելույթ ունեցողների վրա կանաչ գույնի լուծույթ լցնել։ Իրենց համար անհասկանալի մոդեռն ներկայացումից դժգոհ հանդիսատեսը վանկարկում էր՝ «Ամո՜թ»։
Միջամտել են ոստիկանները, կարգազանցները ձերբակալվել են։ Իսկ պիեսի բեմադրումից դժգոհները դրա կազմակերպիչներին և մասնակիցներին «սատանիստ» են անվանել։
Ներկայացման կազմակերպիչները պարզաբանում են, որ Լինդա Նաջիի պերֆորմանսը կոչված է ցուցադրելու հասարակության կողմից կնոջը պարտադրվող դերը։ Իսկ փողոցային ներկայացման դերասանների քննադատներն այն համարել են որպես քարոզչություն հանուն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։
Երկրում կոնվենցիայի վավերացումը լուրջ դիմադրություն է առաջացրել։ Վերջերս Երևանում բողոքի ցույց անցկացվեց Եվրախորհրդի ներկայացուցիչների այցի կապակցությամբ։ Նրանք ժամանել էին այդ փաստաթղթի վավերացման հարցն իշխանությունների հետ քննարկելու համար։ Հայաստանն այն ստորագրել է դեռևս 2018թ-ի հունվարին, սակայն դեռ չի վավերացրել։ Փաստաթղթի հակառակորդներն այն համարում են ազգային արժեքներին և ավանդույթներին հակասող, անգամ կապում են այն ԼԳԲՏ համայնքի պրոպագանդայի հետ։
Լրատվամիջոցներում ակտիվ քննարկում էր ընթանում փողոցում նման ներկայացում ցուցադրելու հնարավորության և դրան նման ագրեսիվ արձագանքի համաչափության վերաբերյալ։ Քննարկվում էր պերֆորմանսի օգտակարության աստիճանը, որի համար կրթության նախարարության բյուջեից 2.7 մլն դրամ էր դուրս գրվել։
Այդ կապակցությամբ նույնիսկ մամուլի ասուլիսներ են կազմակերպվել ինտելիգենցիայի հայտնի ներկայացուցիչների, ազգագրագետների մասնակցությամբ։ Դրանցից մեկի ժամանակ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հայտարարել է․
«Այս պատմությունը ցույց տվեց, որ մենք իրոք եվրոպական երկիր ենք։ Ուղղակի 15-րդ դարի Եվրոպայի, երբ մարդիկ ամեն անհասկանալի բան որակում էին սատանիզմ, վհուկների որս էր գնում, ու դարի խելոքներն էլ վստահեցնում էին, որ երկրագունդը տափակ է»։
Նախարարի հրաժարականը պահանջողների մյուս փաստարկները
Կրակի մեջ յուղ լցրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նախարարական նոր նախագծի շուրջ սկանդալը։ Նախագիծը դեռ մշակման փուլում է, սակայն արդեն քննարկվում է ողջ երկրի կողմից։
Նոր օրինագծի համաձայն՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը ոչ հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար կդադարի պարտադիր լինել։
Որպես բողոքի նշան՝ նոյեմբերի 6-ի առավոտից Երևանի պետհամալսարանի ուսանողներն ու դասախոսները դասաադուլ էին հայտարարել։
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դասերը տարիներով բոյկոտել։
Ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ հարթելու համար նույն օրը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, որում ասվում էր․
«Նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»։
Սակայն կրթության նախարարի հրաժարականը պահանջելու ևս մեկ առիթ կա։ Այդ պատմությունը սկսվել է դեռևս 2018թ-ի հուլիսին, երբ հանկարծ երկրում սկսվեց ակտիվորեն քննարկվել դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բացառումը։
Այն ժամանակ հայկական մամուլում լուրեր հայտնվեցին, թե Հայաստանում ԱՄՆ դեսպանն իբր հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է դպրոցական ծրագրերում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առկայությունն, ինչպես նաև դրա հետ կապված ճնշումը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։
Այն, որ կրթության նախարարը ոչ թե հրաժարվեց այդ գաղափարից, այլ քննարկումներ սկսեց Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այդ առարկան պարտադիրների ցանկից հանելու վերաբերյալ, դա նույնպես դժգոհության ալիք բարձրացրեց հասարակությունում։
Արդյունքում, հարցը հասավ Հայաստանի վարչապետին։
«Ուսումնական ծրագրերում «Հայոց պատմություն» առարկայի առկայության պայմաններում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը զուրկ է տրամաբանությունից», — հայտարարել էր կառավարության ղեկավարը նոյեմբերի 4-ին Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է այդպես համարում։ Նա նշել է, որ եկեղեցին մեծ դեր է խաղացել երկրի պատմության մեջ, և առանձին եկեղեցու պատմություն անցնելն իմաստ չունի։ Ավելին, նրա կարծիքով, պարզապես չի կարելի այն տարանջատել երկրի պատմությունից։
Ցուցարարների կարծիքը
ԵՊՀ շարժման ակտիվիստները հայտարարում են որ Արայիկ Հարությունյանի գործունեությունը նրա պաշտոնավարման մեկնարկից ի վեր խոսում է այն մասին, որ «որ այդ ոլորտում նա աշխատել չի կարող»։
Ընդդիմադիր «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական թևի շարժման մասնակիցները համաձայն են նրանց հետ։
«Գուցե փայլուն բիզնեսմեն դառնա, հարկերով օգնի այս երկրին։ Բայց մեր վճարած հարկերը ապազգային ծրագրերի [խոսքը «Հուզանք և զանգ» ներկայացման, ինչպես նաև հայոց լեզուն, հայ գրականությունն ու պատմությունը բուհերի պարտադիր ուսումնասիրման առարկաների ցանկից հանելու մասին է — JAMnews] վրա մսխելն այլևս չենք ընդունելու։ Կան կարմիր գծեր, որոնք հատել չի կարելի, ու մենք այլևս թույլ չենք տալու։ Այն քարոզները, որ անում են, ու այն ապազգային ծրագրերը, որ փորձում են իրագործել, հենց այդ կարմիր գծերն են», — ասել է նրանցից մեկը։
Ցուցարարները հայտարարել են, որ ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև որ նախարարը հրաժարական տա։
Ակցիայի մասնակիցները դատարկ տուփեր էին բերել, որոնց վրա գրված էր՝ «Գնա տուն», «Պատվով հեռացիր», «Ապազգային գրանտներ», «Հագուստ»։
«Սրանք այն տուփերն են, որոնց մեջ Արայիկ Հարությունյանը պետք է հավաքի իր իրերը հրաժարական տալուց հետո», — պարզաբանել են ակտիվիստները։
Նախարարության շենքի դիմաց հավաքված երիտասարդությունը պարբերաբար հայրենասիրական երգեր էին երգում։
Ի՞նչ է ասում նախարարը
Արայիկ Հարությունյանը չի շտապում հրաժարական տալ։
Մինչ ակտիվիստները կանգնած էին կառավարության շենքի մոտ՝ հայտարարելով, որ Հարությունյանը «սպառել է իրեն» նախարարի պաշտոնում, նա լրագրողներին հարցազրույց էր տալիս։ Կրթության նախարարը հայտարարել է, որ կհեռանա միայն այն դեպքում, եթե ինքն իր աշխատանքը բավականաչափ արդյունավետ չհամարի։
Հարությունյանը մեկնաբանել է նաև ցույցերին «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչների ներգրավվածությունը, որոնք նախորդ կառավարությունների օրոք պորտֆելներ ունեին, այդ թվում՝ կրթության ոլորտում։ Նա խոստացել է «ցուցարարներից ավելի վաղ ստացած դատարկ արկղերը տասնյակ և ավելի քրեական գործերով լցնել, որոնք հարուցվել են կրթության ոլորտում չարաշահումների փաստով, և հետ ուղարկել նրանց»։
Նոյեմբերի 8-ին վարչապետը հանդիպել է ցուցարարների հետ և պաշտպանել նախարարին։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերի կարծիքները կիսվել են։ Ոմանք սատարում են նախարարին, մյուսներն, ընդհակառակը, պահանջում, որ նա օր առաջ հրաժարական տա։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Բրավո, Հարությունյան»։
«Շատ խելացի նախարար եք։ Ակտիվիստների 80%-ը հայերենին նորմալ չի տիրապետում և հայոց պատմություն էլ չգիտի։ Սա պատվիրված գործ է՝ ներկայիս իշխանության իմիջը փչացնելու համար»։
«Պետք է հրաժարական տայիք դեռ անցյալ տարի, երբ լկտիաբար քննադատեցիք դպրոց եկած հոգևորականին։ Կրթության ոլորտը ձեր տեղը չէ»։
«Արդեն ինքնագովազդով է զբաղվում։ Չի հասկանում, որ ժողովուրդն իրեն չի ընդունում։ Ինքն է հակահայկական արժեքների պրոպագանդայով զբաղվում, հիմա էլ եկեղեցու պատմությունն է հանում դպրոցական ծրագրից։ Որքան շուտ հրաժարական տա, այդքան լավ»։