Արդյո՞ք Իսպանիայի իշխանությունները պետք է այդպիսի կոշտ արձագանք տային Կատալոնիայի հանրաքվեին
Բարսելոնի բնակիչները՝ Estaladas դրոշներով (Կատալոնիայի դրոշը` պահանջվող անկախության խորհրդանիշը)
Այս շաբաթ Կատալոնիայում անկախության վերաբերյալ կայացած հանրաքվեին Մադրիդի արձագանքը դարձան հազարավոր ոստիկաններ, որոնք ուժ էին կիրառում անզեն ցուցարարների դեմ և նրանց ուղղությամբ կրակում ռետինե գնդակներով: Եվ առավել անարդյունավետ պատասխան դժվար է պատկերացնել, գրում է Foreign Affairs-ի տեսաբան Ջոզեֆ Հադլսթոունը:
Հարցումներից դատելով՝ հանրաքվեի նախաշեմին անկախության գաղափարը Կատալոնիայում քաղաքացիների շրջանում մեծ ժողովրդականություն չէր վայելում: Իսպանական կառավարությունը հանգիստ կարող էր թույլ տալ հանրաքվեն անցկացնել, իսկ հետո՝ կամ համոզվել դրա ձախողման մեջ, կամ անկախության կողմնակիցների հաջողության դեպքում հանրաքվեի արդյունքներն իրավաբանորեն չկայացած հայտարարել:
Դրա փոխարեն Իսպանիայի կառավարությունը խախտեց ժողովրդավարության գլխավոր նորմերից մեկը՝ սեփական կարծիքի արտահայտման իրավունքը, և հսկայական միջազգային ուշադրություն գրավեց:
Իսպանիայի կառավարությունը կարող էր մտածել երկրում ֆեդերալիզմի զարգացման շուրջ, սակայն դրա փոխարեն Կատալոնիա ուղարկեց հազարավոր ոստիկանների:
Այժմ տեղական սոցցանցերը լի են ոստիկանական բռնության, այդ տարածաշրջանում արգելված ռետինե գնդակների կիրառման և անգամ քվեաթերթիկների առգրավման տեսարաններ պարունակող տեսանյութերով:
Դա իսկական նվեր է անկախության համար շարժմանը:
Բոլոր անջատողական շարժումներն ու երկրները, որտեղ դրանք զարգանում են, բախվում են այդ խնդրին. մի կողմից՝ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ խարտիայի 1-ին գլխում, որտեղ ասվում է, որ այն կարելի է իրականացնել, եթե կենտրոնական կառավարությունն ունակ չէ կատարելու իր պարտականությունները:
Սովորաբար արտաքին աշխարհը մերժում է էթնիկական խմբերի ինքնորոշման հավակնությունները, հատկապես, եթե դրանք գալիս են ժողովրդավարական երկրների քաղաքացիներից: Սակայն ոստիկանական բռնության տեսարանները, որոնցով լի են այժմ աշխարհի բոլոր լրատվամիջոցների էջերն ու էկրաններն, անկասկած ձեռնտու են անջատողականներին և ապացուցում են կենտրոնական կառավարության չկայացվածությունը:
Օրինակ, դեպի անկախություն Կոսովոյի ճանապարհը սկսվել է 1990թ-ին այն բանից հետո, երբ Սերբիան լուծարեց շրջանի կառավարությունը, իր տարածքից վտարեց այդտեղ աշխատող 100 հազար կոսովցիների և Կոսովո մտցրեց խոշոր ռազմական կոնտինգենտ: Էթնիկական զտումների վերաբերյալ միջազգային անհանգստությունը ժամանակի ընթացքում վերաճեց շատ երկրների կողմից կոսովյան պետականության ճանաչման:
Ոչ ոք բնականաբար այժմ չի ճանաչում Կատալոնիայի անկախության իրավունքը մանր պետություններից զատ, որոնք ռիսկի տակ չեն դնում Իսպանիայի և Եվրամիության հետ հարաբերությունները և սեփական անջատողականության սպառնալիք չեն զգում:
Սակայն կան անջատողական շարժումներին աջակցելու այլ հայտնի միջոցներ. առաջարկել ՄԱԿ և ԵՄ բանաձևեր և ամենատարբեր պատժամիջոցներ, ֆինանսավորել անջատողականների ռազմական կազմավորումները, կասեցնել դիվանագիտական կապերը նրանց ընդդիմադիրների հետ:
Այդ ամենն ինքնուրույն պետականության աստիճանաբար ճանաչման քայլեր են: Վերջին ժամանակների վառ օրինակ կարող են ծառայել քրդերը, ավելի վաղ՝ Բանգլադեշն ու Հարավային Սուդանը:
Եթե իսպանական կառավարության անհամաչափ արձագանքը շարունակվի, Կատալոնիան կարող է նույնատիպ աջակացություն ստանալ այլ երկրների կողմից, հատկապես՝ նախկին գաղութների:
Իսպանական կառավարությունը, եթե այն ցանկանում է վերականգնել իր վարկը, պետք է ամեն կերպ աջակցի ֆեդերալիզմի զարգացմանը և նախևառաջ չեղարկի 2010 թ-ի տխրահռչակ դատական որոշումը, որը Կատալոնիային զրկեց կարևոր ինքնավար իրավունքներից լեզվի և դատական համակարգի ոլորտներում:
Հակառակ դեպքում աշխարհը կարող է որոշել, որ այն հետևում է Իսպանիայի վերադարձին դեպի բռնապետական անցյալ: Իսկ կատալոնյան անկախության կողմնակիցներն ավելի մեծ աջակցություն կստանան այլ երկրների կողմից: