Արդյո՞ք Ադրբեջանում կրոնը հետապնդվում է: Պատասխանում է ԱՄՆ Պետդեպարտամենտը
Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են կրոնական ակտիվիստներին. այսպես են կարծում փորձագետներն ու իրավապաշտպանները: Ինչպես փոխանցում է Contact.az-ը, այս մասին խոսվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Ժողովրդավարության և մարդու իրավունքների բյուրոյի վերջերս հրապարակված ամենամյա զեկույցում:
Փորձագետների հաշվարկներով՝ 2017թ-ի վերջին իր կրոնական հայացքների համար բանտում է հայտնվել 80 մարդ: Նրանցից շատերը Մուսուլմանական միասնության շարժման առաջնորդներ ու այլ ակտիվիստներ են, որոնք կալանավորվել են 2015թ-ին Բաքվի մերձակայքում գտնվող Նարդարան ավանում:
Ադրբեջանցի փորձագետները խոսում են նաև որոշ մզկիթների փակման, կրոնական գրականության ներկրման և տարածման վերահսկողության մասին:
Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետների, ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը հանդուրժող է ավանդական կրոնական խմբերի հանդեպ (մուսուլմաններ, քրիստոնյաներ, հուդայականներ), իսկ ոչ ավանդական խմբերը (իսլամի տարբեր թևեր, բապտիստներ) ընկալում են որպես կասկածելի և պոտենցիալ վտանգավոր:
Ադրբեջանի քաղաքացիների մեծ մասն իսլամ է դավանում: Ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, այսինքն՝ կրոնն այստեղ ամբողջությամբ անջատված է պետությունից: Ադրբեջանի սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատություն, եթե այն սպառնալիք չէ հասարակական կարգին կամ բարոյականությանը: