Արգելափակված կայքեր Ադրբեջանում․ երկիր, որտեղ գրաքննություն չկա՞
Ադրբեջանում արգելափակված կայքերը խնդիր են, որն առաջացել է 2017 թ-ին։ Այս հարցով դատարանի վերջնական որոշում դեռ չկա։ Միաժամանակ, երկրի նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանում համացանցային գրաքննություն չկա։ Սակայն վերջերս էր, որ երկրի ողջ տարածքում փակվել էին սոցցանցերը։
- Telegram՝ նախագահի համար։ «Խոշորագույն թվային միգրացիա մարդկության պատմության մեջ»
- Վրաստանի ՊԱԾ-ը հետաքրքրվում է կորոնավիրուսի մասին ֆեյսբուքյան գրառումներով։ Ուշադրության կենտրոնում են քաղաքական գործիչները և լրագրողները
- Ընդհատակյա արվեստն Ադրբեջանում․ գրաքննություն՝ օգնության դիմաց
Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել
2017 թ-ի մայիսին Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը դատարան է դիմել իշխանություններին «անհաճո» նյութեր տարածող հինգ կայքերի արգելափակման հայցով։
Այդ կայքերի թվում էին «Ազադլիգ» թերթի (Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության պաշտոնական մարմին), «Ազադլիգ» ռադիոկայանի (Ազատություն ռադիոկայան), «Մեյդան Թի-Վի»-ի, «Թուրան Թի-Վի»-ի և «Ադրբեջանի ժամ» ծրագրի կայքերը։
Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական խմբագրությանը զուգահեռ՝ արգելափակվել է նաև այդ լրատվամիջոցի միջազգային ծառայության հասանելիությունը
Բաքվի Յասամալի շրջանային դատարանը բավարարել է նախարարության հայցը, և կայքերն արգելափակվել են Ադրբեջանի ողջ տարածքում։
Բաքվի վերաքննիչ դատարանն առաջին ատյանի վճիռն ուժի մեջ է թողել։ 2019 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի Գերագույն դատարանը չեղարկել է շրջանային դատարանի վճիռն ու գործը վերադարձրել վերաքննիչ դատարան։
Այս գործով վերջնական վճիռ դեռ չկա։
Անվերջ դատ
Արգելափակված կայքերից մեկի՝ «Մեյդան Թի-Վի»-ի խմբագիր Այնուր Էլգյունեշի կարծիքով՝ դատավարության նման դանդաղկոտության նպատակն այն է, որ իշխանությունները կայքերին հնարավորություն չտան եվրոպական դատական ատյաններ դիմելու։
«Արդեն որերորդ տարին է՝ կայքի դեմ քրեական գործով նույնպես վերջնական վճիռ չկա, և մեզ շարունակում են ճնշման տակ պահել», — ասել է Էլգյունեշը JAMnews-ին տված հարցազրույցում։
Այս կայքի աշխատակիցների համար բոլորովին վերջերս է հանվել երկրից դուրս գալու արգելքը։
Արգելափակված կայքեր Ադրբեջանում․ որո՞նք են հետևանքները
Այնուր Էլգյունեշը նշել է, որ արգելափակումից հետո կայքի այցելուների թիվը գրեթե կրկնակի նվազել է։ Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սովորել են օգտվել VPN ծրագրերից, որոնք թույլ են տալիս շրջանցել արգելափակումը։
«Այժմ դրա հետ կապված իրավիճակը մի փոքր ավելի լավ է։ Պետք է նաև նշել մեր ակտիվ գործունեությունը սոցցանցերում։ Դրանց օգնությամբ մենք մեր նյութերը հասցնում ենք ընթերցողին։ Սակայն այն, որ մարդիկ չեն կարողանում ազատ կարդալ կայքը, մեզ համար դեռևս մեծ խնդիր է», — ընդգծել է նա։
Կարդացեք Թվիթերում, որը փակ է
2020 թ-ի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեցին ակտիվ ռազմական գործողություններն Արցախում, Ադրբեջանի տարածքում սահմանափակվեց ինտերնետ-հասանելիությունը։ Որոշ սոցցանցեր դադարեցին գոյություն ունենալ ադրբեջանցիների համար։ Մարդիկ արագ հասկացան, որ պետք է օգտվել VPN-ից։
Հետաքրքիր է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքի մասին ամենակարևոր լուրերը մարտադաշտից հաղորդվում էին Թվիթերում։ Դրանք տարածում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։ Չնայած նրան, որ Թվիթերը երկրում արգելափակված էր։
Երկիր, որտեղ համացանցային գրաքննություն չկա
2020 թ-ի նոյեմբերի 9-ին Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ երկրում համացանցային գրաքննություն չկա։
«Ադրբեջանում ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 80 տոկոսը։ Արդյո՞ք կարող եք պատկերացնել մեդիայի սահմանափակում մի երկրում, որտեղ կա ազատ ինտերնետ, չկա գրաքննություն, և ինտերնետից օգտվողների թիվն 80 տոկոսի է հասնում։ Մեզ մոտ միլիոնավոր մարդիկ կան Ֆեյսբուքում։ Ինչպե՞ս կարող եք ասել, որ ազատ մեդիա չունենք։ Դա կրկին կանխակալ մոտեցում է», — հայտարարել էր Ալիևը։