«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիրները սոմալացի իրավապաշտպաններն են
Այս տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիրները սոմալացի իրավապաշտպաններ մայր ու դուստր Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանն են։ Կանայք գլխավորում են Սոմալիի «Էլման» Խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը։ Նրանք պայքարում են կանանց իրավունքների համար, նպաստում խաղաղ գործընթացին և զբաղվում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներով։
Մրցանակի հաղթող ճանաչվելով՝ նրանք 1 մլն դոլար պարգև և մարդասիրության շղթան շարունակելու հնարավորություն կստանան։ Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը որոշել են 1 մլն դոլարի շահառու դարձնել երեք կազմակերպություններ, որոնք իրենց ոգեշնչել են մարդասիրական գործունեություն ծավալել՝ Love Does–ը, Panzi հիմնադրամն ու Prajwala–ն։ Այս կազմակերպությունները պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին ու փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։
«Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը մարմնավորում են «Ավրորա» մրցանակաբաշխության ոգին և գործողության կարևորության մեր փիլիսոփայությունը, և մենք շատ ուրախ ենք նրանց հայտնել մեր մեծ հիացմունքն ու երախտագիտությունն անձնվեր աշխատանքի համար, որը նրանք անում են Սոմալիում։ Նրանք մարդկանց երկրորդ շանս և ապագայի հույս են տալիս և ոգեշնչում ապրել լիարժեք կյանքով», – նշել է Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը։ Այս տարի թեկնածուների թվում էին նաև․
- ակտիվիստ Անժելիկ Նամայկան Կոնգոյից,
- փախստականներին փրկող կազմակերպութան հիմնադիրներ Սոֆի Բոն և Կլաուս Ֆոգելը,
- ինչպես նաև մանկավարժ Սաքինա Յակուբին Աֆղանստանից։
«Ավրորա» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 100 LIVES գլոբալ նախաձեռնության շրջանակում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։ 1915 թ–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ավելի քան մեկ ու կես միլիոն հայ է զոհվել, և քչերն են կարողացել փրկվել՝ շնորհիվ առանձին համարձակ անհատների և մարդասիրական հաստատությունների։
Մրցանակը պատահական չէ «Ավրորա» անվանվել։ Դա կենդանի մնացածներից մեկի անունն է։ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը, որը հրաշքով է փրկվել, «Հոշոտված Հայաստան» վերնագրով գիրք է գրել և նկարահանվել համանուն ֆիլմի գլխավոր դերում։ Ֆիլմի ցուցադրությունից ստացված ողջ հասույթը [30 մլն դոլար] փոխանցվել է ավելի քան 60 հազար հայ որբերի կարիքների համար։
«Ավրորա» մրցանակը հանձնվում է Հայոց ցեղասպանությունից փրկված բոլորի անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Դառնալով մարդկության դեմ հանցանքի զոհ՝ Հայաստանը կոչ է անում կանխել նոր ողբերգություններն՝ ընդունելով և դատապարտելով նախորդները։ Հենց այս գաղափարն են 100 LIVES նախաձեռնության հիմքում դրել դրա հիմնադիրները՝ գործարաներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Վարդան Գրեգորյանը։