Ավտոկեֆալիան անխուսափելի՞ է
Մոսկվայի և ողջ Ռուսաստանի պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին երբեք թույլ չի տա Ուկրաինական եկեղեցու անկախությունը: Կիրիլը շնորհակալություն է հայտնել Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու փոխանորդ Օնուֆրիին «կանոնական միասնության պահպանման» համար և ավելացրել, որ երբեք չի համաձայնի այդ սահմանների փոփոխությանը:
Արդյո՞ք Ուկրաինայում այնուամենայնիվ տեղական եկեղեցի կհայտնվի: Իրավիճակը մեկնաբանել է ռուս հրապարակախոս Սերգեյ Չապնինը:
Ի՞նչ բնույթ է կրում պատրիարք Կիրիլի հայտարարությունը: Այն պետք է արվեր միայն նրա համար, որ ինչ-որ ամսաթվի էր ամրակցվա՞ծ, թե՞ իր մեջ որոշակի ազդակ էր պարունակում:
— Կարծում եմ, դա ամենաանսպասելի բանն էր, որը տեղի ունեցավ պատրիարք Կիրիլի 70-ամյակի տոնախմբությունների օրերին: Դա խիստ, բավականին ծավալուն հայտարարություն էր Ուկրաինայի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ այն կապված էր ընդհանուր իրավիճակի հետ, որում գտնվում է Ռուսական եկեղեցին և անձամբ պատրիարք Կիրիլը: Այստեղ գլխավորը ներկայիս Ռուս ուղղափառ եկեղեցու առաջատար և հիմնականում կայսերական բնույթը հաստատելու փորձն էր: Այստեղ, պարզվում է, նույնիսկ ոչ թե Կոստանդնուպոլսի հետ մրցակցությունն է միայն, ոչ միայն կաթոլիկ կամ այլ կրոնական խմբերի հետ հարաբերություններն են այդքան վճռորոշ դեր խաղում պատրիարքի տեսանկյունից, որքան Ուկրաինական եկեղեցին Ռուսական ուղղափառ եկեղեցու կազմում անպայման, առանց քննարկումների և թուլտվությունների տեսնելու ցանկությունն է:
— Վերջերս ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում է եղել, որտեղ ձեռք է բերել Տիեզերական պատրիարքի համաձայնությունը Ուկրաինայում տեղական եկեղեցու առկայության վերաբերյալ: Տիեզերական պատրիարքի այս համաձայնությունն ինչ-որ կերպ կարո՞ղ է արագացնել Ուկրաինայում տեղական եկեղեցու հայտնվելու գործընթացը: Ինչպե՞ս կարող է արձագանքել դրան Ռուս ուղղափառ եկեղեցին:
— Եկեղեցական տեսանկյունից բավականին տարօրինակ է, երբ դեպի ավտոկեֆալ եկեղեցի ուղղվածության շարժիչ ուժը քաղաքական գործիչներն են: Դա խոսում է այն մասին, որ իրավիճակն այնքան էլ նորմալ չէ: Անկասկած և՛ Կոստանդնուպոլսի և մասնավորապես Տիեզերական պատրիարքի տեսանկյունից և ավելի լայն իմաստով եկեղեցու տեսանկյունից, ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան ոչ միայն հնարավոր է, այլ նաև անխուսափելի է ապագայում: Այլ հարց է, թե ինչպիսի քայլեր են հիմա ձեռնարկում նրանք, ովքեր ավտոկեֆալիայի կողմնակից են, կամ նրանք, ովքեր ասում են, որ դա բացարձակ անհնար է: Ինձ թվում է, որ հարցը ոչ այնքան ռազմավարական է, որքան մարտավարական:
— Ուկրաինայի տեղական եկեղեցին կարող է հայտնվել միայն Մոսվկայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցո՞ւ հիմքի վրա, թե՞ հիմքը կարող է արդեն Կիևի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին լինել:
— Ներկա պահին ակնհայտ է, որ չի կարող: Այս պարագայում այնուամենայնիվ պետք է խոսել այն մասին, որ կա ընկալում, թե ինչպես և ինչ հիմքերով է կառուցվում կանոնական եկեղեցու կյանքը: Մյուս տեղական եկեղեցիների կողմից ճանաչումն առանցքային պայմաններից մեկն է:
Քանի որ Կիևի պատրիարքարանն այդ պայմանները չի կատարում, այն չճանաչված եկեղեցի է, և խոսել այն մասին, թե Կիևի պատրիարքարանը կարող է ինչ-որ հիմք դառնալ, իմ կարծիքով, իրականությունից չափազանց կտրված է: Դա ինչ-որ արհեստական սխեմաներ են, և դրանք չեն աշխատի:
— Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նախորդ փոխանորդի ժամանակ ներքին քննարկում էր գնում նրանց միջև, ովքեր ավելի լայն ավտոկոֆալիայի են ձգտում, և նրանց, ովքեր առաջարկում էին ուշադիր լինել Մոսկվայի պատրիարքի ու նրա խորհուրդների հանդեպ: Այսօր ինչպե՞ս են բաժանվում ազդեցության այդ ոլորտները:
— Անկասկած, կողմնորոշումը Մոսկվայի, դրա պատրիարքի և շրջապատի ուղղությամբ բավականին զգալի է: Ես հիմա նույնիսկ մտածում եմ, որ դա Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիևի թեմի գերակշռող ներքին թրենդն է. բանն այն է, որ եթե եկեղեցին ուզում է հասարակության համար հասկանալի լինել գոնե իր հասարակական դիրքորոշմամբ, այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ իր դիրքորոշմամբ, որոնցից նա չի կարող խուսափել, կարևոր է, որպեսզի այն կարողանա ուղերձ հղել այսօրվա հասարակությանը: Ոչ թե մտացածին, այլ հստակ դեմքերի, որոնք այսօր ուկրաինական հասարակությունն են կազմում: Երևում է, որ հիերարխներն ու եկեղեցու խոսնակները վախենում են խոսել, երբեմն էլ թվում է, որ չեն կարողանում խոսել հասարակության և քաղաքական էլիտայի հետ: Եվ դա լուրջ խնդիր է:
— Ընդհանրապես ուկրաինական պետությունն, ի տարբերություն ռուսականի, իրենից Լևիաթան չի ներկայացնում և իրեն ոչ բնորոշ ոլորտներ չի խցկվում, սակայն այնուամենայնիվ, օրինակ, եթե պետական մակարդակով ցանկություն առաջանա Կիևի պատրիարքարանի համար դռներ բացել՝ մի խոքր խախտելով Մոսկվայի պատրիարքարանի շահերը, կբերի՞ դա արդյոք Ուկրաինայում դե ֆակտո ստեղծված հավասարակշռության փոփոխության:
— Ես մոսկովյան հեռանկարի տեսանկյունից եմ խոսում, այդ պատճառով էլ ինձ համար իհարկե բարդ է իրավիճակը ներսից՝ ձեր համատեքստում, գնահատել: Ես կասեի, որ պետությունն իրավունք ունի գործելու այնպես, ինչպես հարկ է համարում: Մյուս կողմից, անկասկած, ամենամեծ կրոնական համայնքը, որն իրենից այսօր ներկայացնում է Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին, անհրաժեշտ է: Պետության խնդիրը մի կրոնական խմբի հանդեպ մյուսների հնարավոր բռնությունը չեզոքացնելն է: Եվ այդ միջկրոնական խաղաղության ապահովումը պետության համար կարևոր խնդիր է: Եթե խաղաղություն լինի, եթե կանոնական և մնացած կրոնական կազմակերպությունները հասկանան, որ իրավիճակը խաղաղ և բարյացակամ երկխոսության ռեժիմում է, ապա դա իրավիճակի փոփոխության գործոններից մեկը կլինի:
Հրապարակվել է 25.11.2016