«Մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի» - Հայաստանի վարչապետ
Հուլիսի 31-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 354-ով և դարձել 38 550:
Մահացել է ևս 10 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 738-ի։
Առողջացել է ևս 631 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 28 997։ Շարունակում է բուժում ստանալ 8 587 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 163 736 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 982:
● Իրանում յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը կորոնավիրուսն է, Թեհրանում կրիտիկական վիճակ է
Հուլիսի 30-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել ու բարելավվում է․
«Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք, եթե շատ պատկերավոր ասենք, ջարդելու այս համավարակի ողնաշարը»։
Սակայն վարչապետը նշեց նաև, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի․
«Սա նշանակում է, որ մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են և ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից»։