«Առավոտյան պատերազմ, երեկոյան՝ խաղաղությո՞ւն». հաշտվելո՞ւ են արդյոք Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում, ինչո՞ւ են վրդովված Թուրքիայում և դեպի Եվրոպա փախստականների նոր հոսքի մասին
Սիրիայից 18 հազար նոր փախստականներ արդեն տեղափոխվել են Եվրոպա այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց պահել նրանց իր երկրում և բացեց նրանց համար սահմանը:
Այդ որոշումը Թուրքիայի պատասխանն էր Սիրիայի հյուսիսում փետրվարի 28-ին Ռուսաստանի կողմից աջակցություն ունեցող սիրիական կառավարական ուժերի աննախադեպ գրոհին թուրքական զինվորական խմբերի վրա:
Վերջին ամիսներին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի աջակցությամբ փորձում է իր վերահսկողության տակ վերադարձնել Իդլիբի նահանգը: Դա վերջին և բավականին ընդարձակ տարածքն է, որը պահպանում է սիրիական ընդդիմությունը՝ ջիհադիստների խմբավորումները և ապստամբները: Նրանց աջակցում է Թուրքիան:
Փետրվարի 28-ին ռուսական ավիացիան ռմբակոծեց Իդլիբը, նվազագույնը 34 թուրք զինվորական սպանվեց, տասնյակ զինվորներ ծանր վիրավորումներ ստացան:
Փետրվարի 29-ին Թուրքիան մի շարք պատասխան հարվածներ հասցրեց դրոններով: Դրանց օգնությամբ ոչնչացվեցին կառավարական ուժերի հրետանային դիրքերը և տասնյակ միավոր ռազմական տեխնիկա:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հալուսի Աքարը հայտարարեց, որ ոչնչացված են սիրիական կառավարական ուժերի 309 զինվորական: Միջազգային աղբյուրները առայժմ հաստատել են սիրիացի 26 զինծառայողների մահը:
Դրա հետևանքով Թուրքիա անմիջապես լցվեցին տասնյակ հազարավոր նոր փախստականներ, և Արևմուտքի վրա զայրացած Թուրքիան կրիտիկական որոշում կայացրեց:
«Թուրքիան այլևս չի կարող պահել մարդկանց այդ քանակը, որոնք փախել են Սիրիայում քաղաքացիական պատերազմից: Եվրոպան պայմանավորվածությունները չի կատարում: Դրա համար սահմանները բաց են, և մոտակա օրերին Սիրիայից դեպի Եվրոպա նոր ներգաղթյալների թիվը կհասնի 25-30 հազար մարդու», — հայտարարեց Թուրքիայի նախագահը:
Ներգաղթյալների առաջին ահռելի խմբին հանդիպեց Հունաստանը փետրվարի 29-ին: Հազարավոր ապօրինի ներգաղթյալների կողմից սահման հատելը կանխելու համար Հունաստանի իշխանությունները արցունքաբեր գազ կիրառեցին:
Սակայն Էրդողանը պնդում է, որ հետագայում էլ կպահպանի Եվրամիության հետ իր երկրի բաց սահմանի քաղաքականությունը այնքան ժամանակ, մինչև Եվրոպան ամբողջությամբ չկատարի գործարքի իր վրա վերցրած պայմանավորվածությունները:
Գործարքը կնքվել էր երկու տարի առաջ և կայանում էր նրանում, որ Թուրքիան համաձայնվել էր պահել Սիրիայից եկած փախստականներին ֆինանսական օգնության դիմաց: Բայց օգնությունը չի վճարվել ամբողջ ծավալով:
Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնվում են 3,7 միլիոնից ոչ պակաս սիրիացի փախստականներ, մեկ միլիոն էլ կուտակվել է Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայում վերջին դեպքերի հետևանքով:
• Ովքե՞ր են քրդերը, և ինչո՞ւ են նրանք հարվածի տակ գտնվում
Դիմելով Ռուսաստանին՝ նախագահ Էրդողանն առաջարկեց նրան Սիրիայում «մի կողմ քաշվել»:
Միաժամանակ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվ գործողությունների կոչ արեց դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի շրջանակներում, որի համաձայն դաշնակիցները պարտավոր են պաշտպանել կազմակերպության անդամ-երկրին, որը հարձակման է ենթարկվել: Այդ կոչերին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հենս Ստոլտենբերգը դիմեց հակամարտող կողմերին և կոչ արեց հրադադարի ռեժիմ պահպանել:
Թուրքիան Եվրոպային և Ռուսաստանին շանտաժի՞ է ենթարկում: Թուրքական լրատվամիջոցները և հասարակությունը քննադատում են իշխանություններին անհետևողական լինելու մեջ
Ինչպես գնահատում են վերլուծաբանները BBC- ի հետ զրույցում, Հունաստանի հետ սահմանը հատելու Թուրքիայի թույլտվությունը փախստականներին երկու նպատակ է հետապնդում.
• հասնել ֆինանսական օգնության,
•Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ ներգրավել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին:
Սակայն թուրքական լրատվամիջոցներում և սոցցանցերում իշխանություններին քննադատում են այն բանի համար, որ նրանց ռազմաշունչ հռետորաբանությունը կարող է արագ փոխարինվել հաշտարար տոնով:
Թուրք զինվորների սպանությունից ժամեր անց Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու հնարավորության և Սիրիային պատերազմ հայտարարելու մասին «մինչև Ասադի ռեժիմի ոչնչացումը»:
Բայց արդեն փետրվարի 29-ին սիրիական զորքերի դեմ պատասխան հարվածի մասին զինվորականների զեկույցից հետո հայտնի դարձավ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսային բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկվել է Մոսկվայում անձնական հանդիպման հնարավորությունը մարտի 4-ին կամ 5-ին:
Նաև տեղի ունեցավ Էրդողանի զրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Արդեն երեկոյան Անկարայում կրքերը հանդարտվեցին: Պատգամավորներն այդպես էլ չհավաքվեցին արտահերթ նիստի, Թուրքիայում ՌԴ դեսպանատունը շրջապատել էին ոստիկաններով անկարգություններից խուսափելու համար:
«Դա անբարոյականություն է», — այսպես գնահատեց Թուրքիայի իշխանությունների գործողությունները ընդդիմադիր «Sözcü» թերթի վերլուծաբան Յիլմազ Օզդիլը:
«Մեզ մոտ ազգային սուգ էր հայտարարված մեկ այլ պետության թագավորի մահվան կապակցությամբ: Բայց ահա սպանված են մեր 33 զինվորները, իսկ սուգ հայտարարված չէ, նույնիսկ նեղություն չկրեցին ժամանցային հեռուստաալիքների ծրագրերը փոխել»:
Փետրվարի 29-ին Թուրքիայի իշխանությունները որոշեցին կանխել ներքին քննադատությունը երկրի տարածքում սոցցանցերի հասանելիությունը արգելափակելով: Սակայն տեղի բնակիչներն արդեն ունեն այդ հմտությունը, և շատերը սովորել են օգտվել սոցցանցերից հատուկ ծրագրերի օգնությամբ:
Թուրքիայում ամենապոպուլյար սոցցանցերից մեկի՝ Թվիթթերի մեկնաբանություններից.
«Առավոտյան պատերազմի կոչ էին անում, երեկոյան՝ խաղաղության: Ինչպե՞ս կարող է այդպես լինել»:
«Ինչո՞ւ մինչև հիմա սուգ չեն հայտարարել զոհվածների համար: Բոլորն իրենց այնպես են պահում, կարծես ոչինչ չի պատահել»:
«Ռուսաստանը միևնույն է մեզ հետ չի պատերազմի, նույնիսկ մի փորձեք: Դա նրան պետք չէ: Ավելի լավ է բավարարվել քաղաքական մեթոդներով»: