«Բեմականացում»․ հայ քաղաքագետը՝ արցախցիներին Բաքու հրավիրելու մասին
Առաջխաղացման երկու փորձ ԼՂ-ում
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Փորձը կասեցվել է»,- այսօր հաղորդեց Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
Շաբաթ օրը ադրբեջանական կողմին հաջողվել էր այստեղ դիրքային առաջխաղացում ունենալ։ Ստեփանակերտն այն բնորոշել էր որպես «Արցախի շուրջ օղակը սեղմելու գործողություն»։ Այս ֆոնին Ադրբեջանը հերթական անգամ «ինտեգրման հարցերը քննարկելու համար» Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում նման հրավերը պետք է ընկալել որպես գործընթացի խաղարկային մաս, բեմականացում։ Ասում է՝ Բաքուն ուզում է արտաքին աշխարհին ցույց տալ, թե հայկական կողմն, իբր, կառուցողական չէ, և մնում է միայն «ապավինել բիրտ ուժին»։
Ի՞նչ է հաղորդվել մարտի 25-ին առաջխաղացման մասին
Մարտի 25-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում»:
Շտաբի գնահատմամբ՝ Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը, իբր, զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին ադրբեջանական կողմի կեղծ պնդումը պարզապես պատրվակ է «հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների» իրականացման համար:
«Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին»,- հիշեցրել էր կառույցը։
Մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն պնդում է, թե գրունտային ճանապարհն օգտագործվում է Հայաստանից Արցախ զինամթերքի և կենդանի ուժի տեղափոխման նպատակով։
Ստեփանակերտից բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակման պայմաններում այդ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար։
Ավելի ուշ հաղորդվեց, որ նույն բարձունքին են դիրքավորվել նաև ռուս խաղաղապահները և հսկում են այն։ Նշվում էր նաև, որ «խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք»։ Մինչ այս պահը բանակցությունների և դրանց արդյունքի մասին ոչինչ հայտնի չէ։
Գնահատականներ Արցախից և Ռուսաստանից
Պաշտոնական Երևանը շաբաթ օրը և մարտի 27-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշում դեռևս չի հայտնել։ Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ակնկալում են ռուս խաղաղապահ զորախմբի «գործնական քայլերը»։ Դրա մեջ ասվում է նաև, որ հրամայական է դարձել «միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը»․
«Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը»։
Ինչպես Արցախի ԱԳՆ-ն, այնպես էլ Ռուսաստանի ՊՆ-ն արձանագրել են՝ տեղի է ունեցել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտում։
ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ գերատեսչության ամենօրյա տեղեկագրում նշվում է, որ շփման գիծը հատելուց հետո ադրբեջանական կողմը «սկսել է դիրքի ինժեներային կահավորում»։
«Ադրբեջանական կողմին է հասցվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնությունների դրույթների պահպանման, ինժեներական աշխատանքների դադարեցման և ազգային զինված ուժերի՝ նախնական դիրքեր հետքաշման պահանջը»,— հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հանդիպման նոր առաջարկ Բաքվից
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մարտի 27-ին «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Բաքվում հանդիպելու առաջարկ է արել։ Հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ առաջարկում են քննարկել «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը»։
Փետրվար-մարտ ամիսներին Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև երկու հանդիպում է տեղի ունեցել։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ քննարկվել են բացառապես հումանիտար հարցեր, դրանք բանակցություններ չեն եղել։ Ադրբեջանը, սակայն, այդ հանդիպումները ներկայացնում է «վերաինտեգրման» տրամաբանության մեջ։ Մարտի 13-ին ևս ԼՂ-ի ներկայացուցիչներին առաջարկել էին հանդիպել Բաքվում։ Այդ առաջարկը մերժվել էր։ Արցախի իշխանությունները հայտարարել էին՝ պատրաստ են հումանիտար հարցերի քննարկման համար հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ Բաքվում և ռուս խաղաղապահների մասնակցությամբ։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը Արցախի լիակատար հայաթափումն է, իսկ հեռահար նպատակը՝ հայկական պետականության լիկվիդացիան։ Հիշեցնում է՝ սրանք նոր նպատակներ չեն։
«Վերաինտեգրման» հարցի շուրջ քննարկումների հրավերն, ըստ նրա, պետք է դիտարկել որպես ագրեսիվ գործողությունները սկսելու համար «բարոյական հիմքերի» ձևավորում։ Սիմոնյանի խոսքով՝ այս մոտեցումը ձախողման է դատապարտված։
«Պետք է իներտ չլինենք, հստակ նշենք, որ մետրոպոլիա գոյություն չունի, եթե ազնիվ եք տրամադրված, ապա ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տիրույթում հանդիպեք, քննարկեք։ Բայց խոսեք ընդհանուր՝ հետագա անելիքների մասին, ոչ թե ուլտիմատումներ դրեք, պահանջեք դրանք իրականացնել»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը անակոնդայի նման սեղմում, ճզմում է սոցիալ-տնտեսական տարածքը։ Նկատում է՝ պետք է դա կասեցնել դիվանագիտական հսկայածավալ աշխատանքի միջոցով։
Սիմոնյանն ասում է՝ Լիսագորով անցնողն ընդամենը զարտուղի ճանապարհ էր, որով մարդիկ երբեմն կարողանում էին շրջանցել Լաչինի միջանցքը։ Մյուս կողմից շեշտում՝ «զենքի և զինամթերքի տեղաշարժը» 2020 թ․-ի նոյեմբերի հայտարարության ոչ մի կետով բացառված բան չէ․
«Եթե նույնիսկ զենք տեղափոխվի, նրանք իրավունք չունեն պատճառաբանություններ բերել, որովհետև կոնֆլիկտը հանգուցալուծված չէ, մարդիկ գոյաբանական հիմնախնդրի առջև են կանգնած, նրանց ֆիզիկական անվտանգությունը պե՞տք է ինչ-որ կերպ ապահովվի, թե՞ ոչ։ Կարգավիճակ տվեք, զենքեր չտեղաշարժեն»։
Անդրադառնալով միջազգային հանրության հնարավոր արձագանքին՝ քաղաքագետը նշում է՝ ճնշումները զգալիորեն ավելանում են, բայց նաև հավելում՝ միջազգային հանրությունը որպես այդպիսին «հարուստ պարտադրող լծակներ» չունի։
«Միայն տարածաշրջանում ֆիզիկապես առկա ուժերը կարող են պարտադրանքի լեզվով խոսել։ Իսկ նրանցից դեռևս Իրանի շահերն են համընկնում մեր շահերի հետ։ Հուսամ՝ մոտ ապագայում մենք մեզանից նմանատիպ ուժ կներկայացնենք»,- ամփոփել է Գուրգեն Սիմոնյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Առաջխաղացման երկու փորձ ԼՂ-ում