Առաջին անգամ Արցախում․ երևանցի լրագրողի ճամփորդական նոթերը
Լրագրող Դիանա Գասպարյանը որոշել է Արցախ մեկնել՝ ոչ թե գործուղման, ոչ թե հանգստանալու, այլ ամեն ինչ սեփական աչքերով տեսնելու, մարդկանց հետ խոսելու, ամեն ինչ ինքնուրույն հասկանալու՝ ինչպես են նրանք ապրում, ինչ է կատարվում Արցախյան երկրորդ պատերազմից հետո։
Նա JAMnews-ին է տրամադրել իր ճամփորդական գրառումներն ու լուսանկարները։
- Հետպատերազմյան կյանքն Արցախում․ մարդիկ հեռացել են, որ վերադառնան
- Պահպանել սեփական բիզնեսը՝ զարգացնել տնտեսությունը․ արցախցի ձեռնարկատերերի պատմությունները
- «Շատերը Հայաստանում կմնան, և աշխատանք է պետք»․ Արցախից տեղափոխված հազարավոր հայ ընտանիքների մասին
Ավտոկայանում
«Ես Պատարայից եմ։ Երեխաների հետ տուն ենք վերադառնում։ Կարող ես մեզ մոտ մնալ։ Ճիշտ է, տնից գրեթե բան չի մնացել, բայց երեխաները քեզ գեղեցիկ վայրեր ցույց կտան, այն, ինչ դեռ մերն է»։
Առավոտյան 5-ն է։ Երևանի կենտրոնական ավտոկայան։ Մարդիկ այս ժամի համար զարմանալիորեն շատ են, բոլորը վերակառուցման շրջանի վանդակավոր պայուսակներով են։ Տղամարդիկ ծխում են, քննարկում երիտասարդ վարորդների «ոչ կոմպետենտությունը», կանայք առանձին են կանգնած, նորաձևությունից են խոսում։
— Ներողություն, ի՞նչ արժե Ստեփանակերտի տոմսը, — հարցնում եմ կողքիս կանգնած տղամարդուն։
— Անվճար է։ Բախտներս բերել է, չէ՞։ Հայրենիք գրեթե չկա, փոխարենը կարելի է անվճար տեղ հասնել։ Ահա և ավտոբուսը։ Կողքիցս տեղ մի գնա, թե չէ, կարծես, չես հասկանում, թե ուր ես մեկնում։
Պատերազմի ժամանակ, որը սկսվել է 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին և տևել 44 օր, Արցախից Հայաստան է տեղափոխվել շուրջ 90 հազար մարդ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ նրանց մեծ մասը վերադարձել է, մնացել է մոտ 25 հազար մարդ։ Ամեն օր Երևանից Ստեփանակերտ անվճար ավտոբուսներ են մեկնում, որոնք վերադարձնում են նրանց, ովքեր լքել են իրենց տներն ակտիվ ռազմական գործողությունների օրերին և այժմ ուզում են վերադառնալ։
Ճիշտ է, ինձնից ճամփորդ դուրս չի գա, բայց ես հստակ մի բան գիտեի․ ուզում եմ մեկնել Արցախ, զրուցել մարդկանց հետ և ամեն ինչ ինքս տեսնել։ Զզվեցրած «վստահեք միայն պաշտոնական աղբյուրներին» արտահայտությունը վաղուց արդեն վստահություն չէր ներշնչում։
Ավտոբուսում ողջ ճանապարհին լռություն էր, Պատարա մեկնող տղամարդը, որը կողքիս էր նստած, մի անգամ խախտեց լռությունը, երբ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերով էինք անցնում․
«Սա նրանց [ռուս խաղաղապահների] տեղը չէ։ Մենք պետք է այս կամուրջը պահեինք։ Ինչո՞ւ ես պետք է անձնագիրս ինչ-որ մեկին ցույց տամ հայրենիք վերադառնալիս (մի պահ լռում է)։ Վերցրու, կոնֆետ կեր»։
Նոթատետրիս սոսնձված քարտեզը հուշում է՝ մոտենում ենք Շուշիին։ Քաղաքի մուտքի մոտ ադրբեջաներենով «Şuşa» գրառումն է, ճանապարհի երկայնքով ռուս խաղաղապահներ են կանգնած՝ մի կողմից, ադրբեջանցի զինվորականներ՝ մյուս կողմից։ Նրանց ժպտացող դեմքերն ուևորներից մեկին ստիպում են վարագույրը քաշել։
2020 թ-ի նոյեմբերի 10-ին՝ Արցախում հրադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց․ «Մենք կորցրինք Շուշի քաղաքի նկատմամբ վերահսկողությունը նոյեմբերի 5-ին մասնակիորեն, նոյեմբերի 7-ին՝ ամբողջությամբ։ Մենք ստիպված էինք ընդունել պատերազմի դադարեցման մասին որոշումը։ Հակառակ դեպքում կկորցնեինք ողջ Արցախը»։
«Պետք է ավելի շատ բան ստեղծել, որպեսզի իմանաս, թե ինչի համար ես կռվում»
— Դիմակդ հանիր, այստեղ ոչ ոք դիմակ չի կրում,- հուշում է լուսանկարիչ ընկերս, որն ինձ դիմավորում է Ստեփանակերտում։
— Իսկ կորոնավիրո՞ւսը»,- հարցնում եմ։
— Համարի, որ պատերազմի ժամանակ բոլորը հիվանդացել են։ Կորոնավիրուսով այստեղ ոչ ոքի չես վախեցնի,- ծիծաղում է Դավիթը։
Նա մասնակցել է ռազմական գործողություններին, ռազմական լուսանկարիչ «աշխատել», վերջերս կայացել է նրա աշխատանքների ցուցահանդերը։ Հյուրանոցի ճանապարհին հետաքրքրվում եմ նրա ինքնազգացողությամբ։
— Հիմա գոնե քնո՞ւմ ես,- մենք ծանոթացել ենք, երբ հարցազրույց էի վերցնում ցուցահանդեսի մասին։ Նա այն ժամանակ պատմել էր, որ մղձավանջներ է տեսնում և գրեթե չի քնում։
— Հիմա ավելի լավ եմ,- ասում է Դավիթը։ — Այսօր հանգստացիր, տեսքդ այն չէ (ծիծաղում է)։ Երեկոյան գնա տեղի փաբ, Ազատը կդիմավորի։ Այսօր աղջկաս պահելու իմ հերթն է,- Դավիթի աղջիկն ընդամենը 2 ամսական է։
Տեղավորվում եմ հյուրանոցում։ Դավիթը չի խաբել․ տեսքս հեչ լավ չէ։ Հանգցնում եմ ծխախոտը, տաքսի կանչում։
— Բարև ձեզ, «Բարդակ» ենք գնում,- տաքսու վարորդին եմ ասում փաբի հասցեն։
— Մեզ մոտ ամեն օր է բարդակ, փաբ ես ասում (երևում է, որ գոհ է սեփական կատակից)։ Տեսախցի՞կ է։ Լրագրո՞ղ ես,- գլխով եմ անում։ — Ափսոս, Շուշին չես կարող լուսանկարել (երկար դադար)։ Բոլորը ֆեյսբուքում են «կռվող» դարձել, սա է պարտության պատճառը։
Դավիթն ինձ զգուշացրել էր․ այստեղ բոլորն իրենց կարծիքը, բնավորությունն ու պատմությունն ունեն։
Ինձ դիմավորում է Ազատը՝ «Բարդակի» տերը։ — Ի՞նչ լցնեմ։
— Բակարդի, շնորհակալություն։
«Այս տխուր պատմությունը երբեք չի ավարտվի»,— երգում է Զեմֆիրան։ Երևանում այսպիսի փաբեր վաղուց էլ չկան (ափսոս)․ այստեղ և հին պաստառներ կան, և թերթեր, հին ֆոտոխցիկներ, թագավորական գվարդիայի զինվորի մանեկեն, նույնիսկ «Սմերչի» իսկական ական՝ մուտքի մոտ։ Մի խոսքով, «բարդակ»։
— Որոշեցի փաբ բացեմ, երբ 2016 թ-ի պատերազմի ժամանակ խրամատում պառկած էի։ Թալիշում [այս գյուղը մեծապես տուժել էր 2016 թ-ի «քառօրյա պատերազմի» ժամանակ] երկինքն ամենագեղեցիկն է։ Ես այն ժամանակ որոշեցի, որ իմ գործն եմ բացելու։ Հետո այս պատերազմը սկսվեց, վիրավորվեցի»,- ցույց է տալիս այտի սպին, լռում, թեյ խմում։
— Այստեղ շատերը վաղվա օրվա վրա վստահ չեն,- ընդհատում եմ նրա մտքերը։
— Եթե ցանկանանք, ապագան կգա։ Պետք է ավելին ստեղծել, որպեսզի հետո իմանաս, թե ինչի համար կռվել։
Զեմֆիրային փոխարինում է Led Zeppelin-ը, երբեմն երաժշտությունը չի լսվում այցելուների խոսակցությունների պատճառով, որոնք կրկին պատերազմի մասին են։
«Վաղը քեզ կտանեմ Մխիթարաշեն։ Այնտեղից Շուշին է երևում», — ինձ հրաժեշտ է տալիս Ազատը։ Իսկ «սմերչը» իր տեղում է։
«Շտապօգնությունը հրաժարվում է մեզ մոտ գալ»
Առավոտյան հյուրանոցի մոտ ինձ սպասում է Ազատի մեծ մեքենան։ Այն հայտնի է ողջ քաղաքում․ կանաչ հսկա է՝ ամբողջությամբ հայրենասիրական պիտակներով պատված և Արցախի դրոշով։
— Մեզ այսպես անգամ դիրքերից կնկատեն, Ազատ,- չեմ կարողանում զսպել զարմանքս։
— Նստիր, մենք այս գեղեցկուհիով դեռ Շուշիում կշրջենք, խոսքերս հիշիր։
Մխիթարաշենն Ասկերանի շրջանի ամենատուժած բնակավայրերից մեկն է։ Գյուղի հարևանությամբ ռազմամթերքի պահեստ կա։ Պատերազմի առաջին օրերին ադրբեջանական կողմը դրան թիրախային հարվածներ էր հասցնում։ Բնակիչները պատմում են, որ հիմա էլ Շուշիի կողմից ամեն օր կրակում են, հիմնականում՝ օդ։ Ավտոմոբիլային ճանապարհներն այստեղ ընդհանուր օգտագործման են․ ամեն օր ադրբեջանական շարասյուներ են անցնում։
«Հյուրին թեյ բեր, Ազատ։ Կներեք թափթփվածության համար, երեխաների հետ չեմ հասցնում»,- այս ու այն կողմ է գնում Մխիթարաշենի բնակիչ Արմինե Օհանջանյանը։
— Դժվար չէ՞ այստեղ ապրել,- Շուշիին եմ նայում տան պատուհաններից։
— Սկզբում անտանելի էր։ Ամեն առավոտ զարթնում ենք նամազի ձայներից։ Գլխավորը՝ այստեղ անվտանգ չէ։ Մեզ մոտ նույնիսկ շտապօգնությունն է հրաժարվում գալ։ Կառավարությունը մեզնով այնքան էլ չի հետաքրքրվում։ Երեխաները մինչ օրս հագուստով են քնում։ Ադրբեջանական դիրքերը մոտ 50 մետրի վրա են։ Նրանք անասուն են գողանում, մորթում։ Երեխաներին չեմ կարողանում բակից հեռու թողնել։ Իսկ եթե հողը մշակենք ու բերքը չկարողանանք հավաքե՞լ,- Արմինեն կանչում է կրտսեր դստերը, որը բակ է վազում գնդակով։
Նա հասկանում է ադրբեջաներեն։ Երբեմն համացանցում դիտում է Ալիևի ելույթները․ «Ալիևը դեռ չի հանգստացել։ Մենք երբեք նրանց հետ կողք-կողքի չենք կարողանա ապրել»։
«Ես իմ հողի վրա եմ։ Վախն ինձ համար չէ»
«Ընկերս պատերազմի մասնակից է, ուզում է Ստեփանակերտում գինու ռեստորան բացել։ Նա Շուշիում սրճարան է թողել, պատերազմում՝ ոտքը,- Դավիթը նկատում է, որ շփոթվել եմ։ — Կներես, մենք այստեղ սովոր ենք այդպես արտահայտվել, առանց հեգնանքի և սև հումորի՝ չի ստացվում»։
Մուտքի մոտ մեզ դիմավորում է Հայկը, նա շատ քիչ է կաղում։ Եթե Դավիթը չզգուշացներ, ոչինչ չէի նկատի։ Գոգնոցով և տխուր ժպիտով Հայկը մեզ ներս է հրավիրում։ Հաստատությունը պետք է շուտով բացվի, նախապատրաստական աշխատանքները եռում են։ Հայկը բրուսկետաներ՝ չորսուներ է պատրաստում։ Դեմքը խոժոռում է և թեքում, երբ փորձում եմ լուսանկարել։
«Պատերազմից առաջ խոհարար էի, Շուշիում սեփական սրճարան ունեի։ Նստե՞նք,- նա դժվարությամբ է նստում բազմոցին, նայում է ինձ և կռահում, որ ինքս չեմ հարցնի վիրավորման մասին։ — Ոտքս պատերազմի ժամանակ եմ կորցրել։ 4 ժամ մարտի դաշտում պառկած եմ մնացել։ Մտածում էի՝ կմեռնեմ։ Նռնակը պատրաստ պահել էի․ ավել լավ է մահանալ, քան գերի ընկնել։ Տղաներն ինձ դուրս բերեցին»։ Այն հարցին, թե արդյո՞ք Արցախում ապագա է տեսնում, պատասխանում է․
«Մենք վիրավոր ժողովուրդ ենք։ Բայց եթե Արցախը թողնենք արնահոսող վերքերով, դա դավաճանությանը հավասար մի բան կլինի։ Ես մնում եմ։ Մարդիկ կան, որ վախենում են։ Բայց գաղափարներ գոյություն ունեն՝ վախ, հայրենիք, ընկերություն։ Վախն ինձ համար երրորդ տեղում է։ Ես իմ հողի վրա եմ։ Վախն ինձ համար չէ»։
— Հայկ, ինչո՞ւ պարտվեցինք,- միամիտ և հիմար հարց (մտածում եմ ես), բայց, թերևս, ամենակարևորը։
— Պատրաստ չէինք։ Քաոս սկսվեց։ Իսկ քաոսն ու խուճապը վերջի սկիզբն է։ Չեմ ուզում մտածել, որ մեր պարտությունն ինչ-որ մեկին ձեռնտու էր, առավելևս՝ «մերոնց»։
Աշխույժ և միաժամանակ տխուր փողոցներով վերադառնում եմ հյուրանոց։
Այստեղ նույնիսկ երեխաներն են լուռ խաղում, իսկ մարդիկ պատշգամբներից նայում են կարծես դեպի անէություն։
«Պատերազմը վատը դարձնում է սարսափելի, լավը՝ հիանալի»
Օր չորրորդ։ Տաքսի չեմ գտնում, որ Սարուշեն մեկնեմ։
«Ստեփանակերտից վախենում են այստեղ գալ, վտանգավոր է։ Ճանապարհն ադրբեջանցիների հետ ընդհանուր է։ Նրանք քար են նետում մեքենաների վրա, վթարային իրավիճակներ ստեղծում»,- պատմում է Վաչեն Սարուշենի ճանապարհին։
Նա ծնողներին Երևանում է թողել և Ասկերանի շրջանի սահմանամերձ գյուղ մեկնել 2020 թ-ի դեկտեմբերին։
Ոչ ջուր է եղել, ոչ լույս, ոչ էլ ջեռուցում։ Նա հիմնել է «Արցախի կանայք՝ հանուն Արցախի» նախաձեռնությունը։
Պատերազմի ժամանակ տարբեր բնակավայրերի կանայք հավաքվում էին և էկոպայուսակներ կարում։ Վաչեն նաև դասավանդում է Սարուշենի ուսումնական կենտրոնում, որը բացվել է հենց իր ջանքերով։
Վաչեն ինձ ծանոթացնում է իրեն հյուրընկալած ընտանիքի հետ։ Կանայք միանգամից սեղան են գցում, երեխաները փոքրիկ մաուգլիների պես վազվզում են իմ տեսախցիկի շուրջը։
«Պատերազմը վատը դարձնում է սարսափելի, լավը՝ հրաշալի։ Այստեղ հրաշալի բաները շատացել են։ Կարծում էի, թե վերահսկում եմ հույզերս,- մի պահ քարանում է Վաչեն ու ինչ-որ բան մատնացույց անում։ — Տեսնո՞ւմ ես գյուղերը։ Արդեն մերը չեն։ Բայց ընդամենը ինչ-որ 200 մետրի վրա են։ Երբեմն անծանոթներ են մեր բակ գալիս, որ իրենց տներին գոնե հեռվից նայեն։ Նրանց համար հեռադիտակ եմ գնել»։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք վտանգավոր է ադրբեջանական դիրքերին և ընդհանուր ճանապարհին այդքան մոտ ապրելը, տանտիրուհին ժպտում է և թեյ լցնում ինձ․ «Վտանգավոր է։ Երեխաներին բակից այն կողմ չենք թողնում։ Հետաքրքիր է, բայց երիտասարդ ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են։ Մեծահասակները նրանց վրա նույնիսկ բարկանում են։ Այո, տարիքով մարդիկ գիտեն ճշմարտությունը։ Երիտասարդների ուղեղները լավ լվացել են»։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ 2021 թ-ի մարտի 25-ին ադրբեջանցիները քարկոծել են Սարուշեն-Կարմիր ճանապարհով անցնող հայի մեքենա։ Ապրիլի 12-ին ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել դաշտում աշխատող Սարուշենի բնակիչների ուղղությամբ։
«Ոչ մի նորմալ մարդ չպետք է պատերազմ տեսնի»
Օր վերջին․ շուտով տուն եմ վերադառնալու։
Վերջում հանդիպում եմ լուսաձորցի բլոգեր Հարությունին, որն էկոտներ է սարքում և հույս ունի, որ Արցախը Հայաստանի զբոսաշրջային կենտրոնն է դառնալու։
«Ոչ մի նորմալ մարդ չպետք է պատերազմ տեսնի։ Եղբորս մարմինը դեռ չեն գտել։ Նա զոհվել է Ֆիզուլիի պաշտպանության ժամանակ,- Հարությունն, աչքերն արևից կկոցելով, ինձ համար ծնեփակ է հավաքում, ինչպես այստեղ ասում են ծնեբեկին։ — Ծնեփակով ձվածեղն ուղղակի շիկ է»։
Հարությունն Արցախ է եկել Ստավրոպոլից, 3 տարի առաջ․ «Ես հադրյութեցի եմ, ինչպես այստեղ են ասում։ 100%-ով։ Սկզբից չէի հասկանում, թե ինչու են արցախցիներն այդքան տխուր։ Հիմա եմ հասկացել, ինչպես կարող է պատերազմը հարվածել՝ հնարավոր չէ չփոխվել»։
Հարությունն ինձ ցույց է տալիս իր ճագարներին, խոզերին, աղավնիներին և շանը, որի հետ այդպես էլ չի կարողացել ընկերանալ։ Բարի նախանձով է նայում, թե ինչպես եմ շոյում հսկա հովվաշանը։
— Հարութ, քո մեջ ի՞նչ է փոխել պատերազմը։
— Ավելի լավ է, արի քեզ համար ծնեփակ սարքեմ։