Առանց տուրքերի, բայց՝ արգելքներով․ ԵԱՏՄ տարածքում արտահանման նոր կանոններ
Ապրիլի 1-ից Եվրասիական տնտեսական միության երկրներից առաջին անհրաժեշտության պարենային ապրանքի արտահանումը ժամանակավորապես արգելված է։ Այսպիսի որոշում է կայացվել մարտի 31-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նիստին։ Որոշումը կվերաբերի նաև Հայաստանին, որը ԵԱՏՄ անդամ է։
Սահմանափակումները գործելու են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։
Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ տնտեսական միությանը, որը ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, 2015 թվականից։ Միջազգային կազմակերպությունը ենթադրում է աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ անդամ երկրների միջև։ Միության անդամ են հանդիասնում նաև Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Ո՞ր ապրանքների արտահանումն է սահմանափակվելու
«Խոսքն առաջին անհրաժեշտության և պարենային ապրանքների մասին է, սակայն եթե Հայաստանը դրանք ներկրում կամ արտահանում է ԵԱՏՄ սահմանների ներսում, ապա արգելքը դրանց վրա չի տարածվում», — ապրիլի 6-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
ԵՏՀ որոշման համաձայն՝ ԵԱՏՄ երկրներից չի կարելի արտահանել գլուխ սոխ, սխտոր, շաղգամ, աշորա, բրինձ, հնդկաձավար, կորեկ, ձավար, ալյուր, պատրաստի սննդամթերք հնդկաձավարից, աղացած և չաղացած սոյայի սերմեր և արևածակի սերմեր։
Սահմանափակումները գործում են միայն ԵԱՏՄ սահմաններից դուրս արտահանման դեպքում։
Իմաստը միությանն անդամակցող երկրների բնակչությանը բավարար քանակությամբ մթերքով ապահովելն է սանիտարահիգիենիկ իրավիճակի սրացման ժամանակ։
Արգելքը չի գործում միությունից դուրս որպես մարդասիրական օգնություն մթերք արտահանելու դեպքում։
Ո՞ր ապրանքների տուրքեր են հանվում
Եվրասիական միությունը երեք ամսով զրոյացրել է սննդամթերքի և դեղորայքի որոշ տեսակների մաքսատուրքերը։
Այդ ցուցակում են կարտոֆիլը, կաղամբը, սոխը և այլ բանջարեղեն, որոնք Հայաստանը չի ներկրում։ Երկրի համար կարևոր ապրանքներից՝ բրնձի, դեղորայքի և մանկական սննդի մաքսատուրքերն են հանվել։
«Օրինակ՝ դեղորայքը մենք ներկրում ենք 3-6.5 տոկոս մաքսատուրքով, երկարահատիկ բրինձը՝ 10 տոկոսով, մանկական սնունդն ու հյութերը՝ 10-11 տոկոսով։ Երեք ամսով այդ մաքսատուրքերը կզրոյացվեն», — հաղորդել է Էկոնոմիկայի փոխնախարարը։
Ցուցակում ներառվել է նաև համաճարակի ժամանակահատվածում կարևորության ստացած հնդկաձավարը, սակայն Հայաստանն այն, առանց այդ էլ, Ռուսաստանից և Ուկրաինայից գնում է առանց մաքսատուրքերի։
«Հակավարակային» ապրանքներից մաքսային արտոնություններ են գործում սխտորի ներկրման համար, որը Հայաստան է ներմուծվում միայն անհրաժեշտության դեպքում։ Այժմ դրա մաքսատուրքը նախկին 10 տոկոսի փոխարեն զրոյի է հավասարվել։
Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ է հնարավոր
Հայաստանում արտակարգ դրության ժամանակահատվածում հնարավոր է գների որոշակի աճ, սակայն իրավիճակն, ըստ Վարոս Սիմոնյանի, վերահսկողության տակ է. շուկայի մոնիթորինգն իրականացվում է ամեն օր.
«Կառավորությունը տարբեր այլընտրանքային միջոցառումներ է իրականացնում, որոնք հնարավորինս զսպելու են առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը»։