Առանց նախապայմանների՞․ հայ-թուրքական գործընթացի մեկնարկը տեսանելի է
Անկարան ու Երևանը հատուկ բանագնացներ կնշանակեն։ Դեկտեմբերի 13-ին այս մասին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը։ Հաջորդ օրը Հայաստանն արձագանքեց՝ հաստատելով տարածված տեղեկությունը։ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվեց փակ քննարկում։
Թեմայի շուրջ վերջին զարգացումները, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանությունները։
Անկարան հայտարարում է
Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսել էր նախօրեին։ Երկրի խորհրդարանում ունեցած ելույթում Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր հատուկ ներկայացուցիչներ նշանակելու պայմանավորվածության մասին․
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով», — ասել էր Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր նաև ավիահաղորդակցության վերականգնման մասին։
«Ստամբուլից Երևան միջազգային չարտերային թռիչքներ կգործարկվեն», — ասել էր Չավուշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիան ամեն քայլափոխի գործելու է Ադրբեջանի հետ։
Պաշտոնական Երևանը հաստատում է
Մամուլում շրջանառվող տեղեկություններին ավելի ուշ արձագանքեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մամուլի քարտուղարի մակարդակով։ Լրատվամիջոցների հարցադրումներին ի պատասխան՝ Վահան Հունանյանն ընդգծեց, որ Չավուշօղլուի հայտարարությունը պաշտոնական Երևանը դրական է գնահատում․
«Հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ հատուկ ներկայացուցիչ նշանակելու նպատակը հարաբերությունների կարգավորումն է, ինչին Հայաստանը պատրաստ է․
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում», — նշել է Հունանյանը։
Ովքե՞ր են բանագնացները
Արտաքին գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկում են՝ ով կարող է լինել նշանակված պաշտոնյան։
Հայտնի է միայն, որ բանագնացներն արդեն նշանակված են։
«Երկխոսելու համար կան նշանակված մարդիկ իրենց կողմից ու նաև մեր կողմից։ Ես դա չեմ ենթադրում, դա հաստատված է», — լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը չի բացահայտել՝ ով է հայկական կողմից նշանակված պաշտոնյան․
«Երբ ժամանակը գա, կհայտարարվի»։
Ընդդիմադիր պատգամավորների արձագանքը
Հայաստանը գործընթաց է սկսել Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում։ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքն է։
Աբրահամյանը հիշեցնում է՝ մի քանի շաբաթ առաջ ՀՀ արտգործնախարարը խոստովանել էր, որ հայ-թուրքական գործընթացում Թուրքիան միջանցքի հարցը որպես նախապայման է ներկայացնում։
«Հերթական փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց, որի ավերիչ հետևանքները ամբողջությամբ դեռևս դժվար է գնահատել», — գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, թե Թուրքիան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է, ինչը չի կարող քննարկման առարկա դառնալ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են թուլացած Հայաստանից պոկել ամեն ինչ։
Մինասյանի գնահատմամբ՝ սա կարող է տանել «պետականության վերջնական կործանման»․
«Պատմությունը ցույց է տվել՝ երբ մարդիկ արհամարհում են ժողովրդի ցանկությունը, նպատակը, ազգին բերում են կործանման եզրին։ Հիմա այս իշխանությունը կամ չի գիտակցում, կամ էլ հատուկ է անում, որ Հայաստանն անընդհատ հայտնվի թուրք-ադրբեջանական ճիրաններում»։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը հիշեցրել է՝ քանիցս հայտարարել են՝ կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների։
«Չէ՞ որ Թուրքիայի նախապայմաններից մեկն էլ այն է, որ Արցախի հարցը չպետք է լինի օրակարգում։ Բացի այդ, Թուրքիան ինչո՞ւ չէր գնում հարաբերությունների կարգավորման նախքան պատերազմը, երբ մենք ամուր էինք», — լրագրողների հետ զրույցում ասել է Արծվիկ Մինասյանը։
Փակ քննարկում Հայաստանի խորհրդարանում
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների թեմայով փակ քննարկում է կազմակերպվել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, հայ-թուրքական հարաբերությունների թեմայով «Սպիտակ թուղթ» գրքի հեղինակ Ժիրայր Լիպարիտյանի հետ։
Քննարկման ավարտին Լիպարիտյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների՝ թեմային առնչվող հարցերին։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի համոզմամբ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվում է իր առանցքային ու պետական շահերից․
«Հակառակը` մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ»։
Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանը չի կարող խուսափել հարևան երկրներից, նրանք՝ նույնպես․
«Հետևաբար, այլընտրանք, քան հարևան երկրների հետ ձևավորել, հաստատել բարիդրացիական հարաբերություններ, ուղղակի չկա», — ընդգծել է պատգամավորն ու հավելել, որ գործընթացը հեշտ չէ, բայց իշխանությունը պատրաստ է գնալ այդ ճանապարհով։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ 1993 թ․-ից Անկարայի նախաձեռնությամբ երկու երկրների միջև ցամաքային սահմանը փակ է։ Օդային սահմանը վերաբացվել է 1995 թ․-ին միջազգային հանրության ճնշման ներքո:
2019 թ․-ին թարմացված ԱԳՆ տեղեկագրի համաձայն՝ ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ, մասնավորապես՝ ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը ձախողվել են, մասնավորապես, խոսքը Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման մասին է։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անկարան ու Երևանն ավելի հաճախ են խոսում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Էրդողանն ու Փաշինյանը մի քանի անգամ խոսել են «ստացվող դրական ազդակների» մասին՝ անդրադառնալով հարևան երկրից եկող պաշտոնական ուղերձներին։
Հայկական կողմն ակնկալում է, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների։ Սա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում խոսել «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին՝ սպառնալով «միջանցք» չտրամադրելու դեպքում ճանապարհն ստանալ ուժի գործադրմամբ։