Ապրիլյան պատերազմ. Մեկ տարի անց
Նախաբան
2016-ի ապրիլի 1-ին JAMnews-ը հրապարակեց իմ վերլուծությունը, որը կրում էր «Խաղաղություն չի՞ լինելու: Ուրեմն՝ պատերազմ» խորագիրը:
Թաթուլ Հակոբյան. «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող, «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» և «Հայացք Արարատից. Հայերը և Թուրքերը» գրքերի հեղինակ։
Գլուխ գովալու համար ես կարող եմ ասել, որ զգում էի մոտալուտ պատերազմի շունչը։ Բայց ես, ինչպես հայերի մեծագույն մասը, չէի պատկերացնում, որ կարող է նոր պատերազմ սկսվել՝ խլելով հարյուրավոր նոր մարդկային կյանքեր։
Պատերազմից ուղիղ երկու շաբաթ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսում, տեղի հայերի հետ հանդիպման ընթացքում գրեթե բացառել էր պատերազմի հավանականությունը։ Պատերազմից երկու օր առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույնն կարծիքն էր հայտնել հայ ակադեմիականների հետ հանդիպման ժամանակ։
Մեկ տարի առաջ, ապրիլի 2-ի վաղ առավոտյան Գյումրիի ճանապարհին ես իմացա, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ է սկսվել։ Իմ մեքենան շրջադարձ կատարեց ու շարժվեց դեպի Ստեփանակերտ։
Իսկ այս հոդվածը գրելու պատվերը JAMnews-ից ստացա այն ժամանակ, երբ պատրաստվում էի մեկնել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի պատրաստեմ ֆիլմ՝ ներկայացնելով կյանքը շփման գծի հարևանությամբ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից մեկ տարի անց։
Երևանից՝ Թալիշ
Մարտի 26-ի առավոտյան իմ մեքենայով Երևանից շարժվեցի դեպի Թալիշ՝ կտրելով շուրջ 350 կիլոմետր ճանապարհ։
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Թալիշ, գրավել 14 ռազմական հենակետեր, ինչպես նաև ռմբակոծել գրեթե բոլոր տները։
Ղարաբաղյան ուժերը կարողացան հետ վերցնել այդ 14 հենակետերի մի մասը։ Թալիշում ղարաբաղյան ուժերը տվեցին մի քանի տասնյակ զոհ։ Զոհեր եղան նաև խաղաղ բնակչության շրջանում։ Մասնավորապես, գյուղի ծայրամասային տներից մեկում երեք տարեցներ, որոնք չէին հասցրել հեռանալ դեպի հարևան Մատաղիս գյուղ, խոշտանգվել էին ու սպանվել։
Թալիշը ղարաբաղյան պատերազմի տխուր պատմություններից է։ 1992-1994 թվականներին գյուղը գրեթե երկու տարի մնացել է ադրբեջանական զինուժի գրավման տակ։ Տների մեծ մասն ավերվել էր։ Սակայն, երբ 1994-ի ապրիլին ղարաբաղյան ուժերը կարողացան մտնել Թալիշ, խաղաղ բնակչության մի մասը վերադարձավ հարազատ տները։
2016-ի ապրիլի 4-ին, երբ ես հասա Թալիշ, այնտեղ կանգուն գրեթե բոլոր տները ռմբակոծված ու ավերված էին, իսկ հատուկենտ խաղաղ բնակիչներն եկել էին տանելու իրենց անվնաս մնացած կահ-կարասին։
Ապրիլյան պատերազմից հետո ես մի քանի անգամ այցելել եմ Թալիշ։ Այստեղ վերականգնողական աշխատանքներ էին կատարվում. կառուցվում էր գյուղապետարանի շենք, հանդիսությունների սրահ, վերականգնվում էր ջրամատակարարումը: Գյուղում արդեն կա էլեկտրականություն, կապ, խանութ, սակայն դեռ ոչ մի ընտանիք չի վերադարձել։
Թալիշում անցկացրած մի քանի ժամերի ընթացքում զրուցեցի բանվորների ու շինարարների հետ։ Նրանք պատմեցին, որ ընդհանուր առմամբ գյուղում կրակոցների ձայն հազվադեպ է լսվում։
Թալիշից Մարտակերտով Աղդամ և Մարտունի
Ապրիլյան պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հատուկ հաշվեհամար բացեց՝ հնարավորություն տալով ցանկացողներին ուղիղ դրամական օժանդակություն ցուցաբերել:
Հանգանակված գումարով Թալիշից մինչև Արաքս գետ, որտեղ հատվում են Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Իրանի սահմանները, փաստացի կառուցվեց նոր առաջնագիծ։ Թալիշի և շփման գծի առաջնային մյուս հենակետերից հստակ երևում է, որ առաջնագծում ինժեներական հսկայական աշխատանքներ է կատարել նաև Ադրբեջանը, հատկապես այն հատվածներում, որտեղ ադրբեջանական բանակը նախկին դիրքերից կարողացել է առաջ գալ՝ Թալիշի և Լելե Թեփեի հատվածներում։
Հայկական կողմը ընդունել է՝ և դա փաստ է, որ Քառօրյա պատերազմի արդյունքում կորցրել է շուրջ 800 հեկտար տարածք, այդ թվում ռազմավարական նշանակություն ունեցող Լելե Թեփե բլուրը Արաքս գետից ոչ հեռու։
Թալիշից դեպի Մատաղիս գյուղ տանող ճանապարհը դիտարկելի չէ ադրբեջանական կողմի համար։ Թեև Մատաղիսը ևս ենթարկվեց հուժկու հրետակոծության, սակայն բնակչությունը, մի քանի օրվա տարհանումից հետո, վերադարձավ սեփական տները։
Գարնանային տաք, հաճելի օր էր Մատաղիսում։ Մարդիկ ծառերն էին էտում, ջրում, փորում հողը։ Այս գյուղում՝ Թարթառ գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն ու ձկնաբուծարանը, ապահովում են մի քանի տասնյակ մշտական աշխատատեղեր։
Մարտակերտը Լեռնային Ղարաբաղի միակ քաղաքն է, որը հասանելի է ադրբեջանական հրետանու համար։ Ապրիլյան պատերազմի օրերին քաղաքը մի քանի օր ենթարկվեց հուժկու հրետակոծության։
Այս օրերին կյանքը Մարտակերտում խաղաղ է։ Եթե չիմանաս, որ քաղաքը շփման գծից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու, ապա չես էլ մտածի, որ սա պատերազմական գոտի է: Քաղաքում դեռևա պահպանվել են 1991-1994 թթ. պատերազմի հետքերը։ Այս քաղաքը ուղիղ մեկ տարի՝ 1992-1993 թթ, գրավվել է ադրբեջանական զինուժի կողմից և մասամբ ավերվել։
Փախստական դարձած բնակիչների կեսից ավելին այլևս չվերադարձավ Մարտակերտ և շարունակվում է բնակվել այլ վայրերում՝ հիմնականում Ռուսաստանում։ Այսօր Մարտակերտն ունի շուրջ 5000 բնակչություն։ Գիշերեցի «Մարտակերտ» անունով նորակառույց հյուրանոցում։
Մարտակերտից ճանապարհը շարունակեցի դեպի Աղդամ, ապա Մարտունի և Ֆիզուլի։ Շփման գծի այս հատվածում այս տարվա փետրվարին ադրբեջանական կողմը տվեց 6 զոհ՝ դեպի ղարաբաղյան տարածք ադրբեջանական ներթափանցման փորձը կանխվեց։ Ապրիլյան պատերազմից ի վեր մեկ տարվա ընթացքում սա ամենալուրջ կորուստն էր ադրբեջանական կողմի համար։
Ավելի վաղ՝ 2016-ի դեկտեմբերի 29-ին, Հայաստան-Ադրբեջան սահմանի Չինարի գյուղի հատվածում ադրբեջանական ներթափանցումն ավարտվել էր երեք հայերի և մեկ ադրբեջանցու մահով։
Այս երկու դեպքերը Ապրիլյան քառօրյայից ի վեր ամենալուրջ կորուստներն էին։ Մեկ տարվա ընթացքում դիպուկահարների զոհ դարձան մի քանի տասնյակ հայ և ադրբեջանցի զինվորականներ, իսկ ընդհանուր առմամբ, շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով պահպանվեց «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կամ՝ «և՛ պատերազմ, և՛ խաղաղություն» իրավիճակը։
Հադրութ քաղաքում գիշերելուց հետո շարժվեցի դեպի Լելե Թեփե, ապա չհասած այնտեղ՝ Արաքս գետի երկայնքով շարունակեցի ընթացքը դեպի Ջեբրայիլ, Ղուբաթլի, ապա՝ Գորիս, որն արդեն Հայաստանում է։ Երեք օրերի ընթացքում ես անցա շփման գծի ամբողջ երկարությամբ, զրուցեցի բազմաթիվ մարդկանց հետ։
Բոլորը, մտքում ունենալով նոր պատերազմի սպառնալիքը, խոսում էին խաղաղության անհրաժեշտությունից։ Երբ հիշեցնում էի, որ բանակցություններում քննարկում է նաև տարածքներ վերադարձնելու հարցը, նրանք լսել անգամ չէին ուզում։ Որքան հասկացա, նրանք պատրաստ չեն խաղաղության համար գին վճարել, եթե այդ գինը տարածք վերադարձնելն է։
Կարգավորման խաղաղ գործընթացը
Ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին։ Ավելի քչացավ նաև այն հայերի թիվը, որոնք կողմնակից էին տարածքներ վերադարձնելու ճանապարհով Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման տարբերակի հետ։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հակամարտությունը կարգավորել Մադրիդյան սկզբունքների հենքով, այն է՝ տարածքներ վերադարձնելու դիմաց Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդունելի է համարում կարգավորման այդ տարբերակը և հայտարարում, որ այդ հարցում պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանին։
Իլհամ Ալիևը, սակայն, պատրաստ չէ ստորագրել մի փաստաթղթի տակ, որով Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո անկախ վիճակը կփոխվի դե-յուրեի։ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա։ Ի պատասխան հնչել է Սերժ Սարգսյանի խոսքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը կարող է ապահովված լինել միայն Ադրբեջանի կազմից դուրս։
Ապրիլյան պատերազմից ի վեր տեղի է ունեցել նախագահների երկու հանդիպում՝ մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և հուլիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Սպառազինությունների նոր մրցավազք
Մինչ կարգավորման խաղաղ գործընթացում չկա որևէ առաջընթաց, կողմերը շարունակում են զինվել և թարմացնել զինանոցը։
Փետրվարին Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտը հրապարակեց տարեկան զեկույց, որի համաձայն վերջին 5 տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը։ Ամենից շատ Ադրբեջանը զենք գնում է Ռուսաստանից, որը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը։
Ռուսաստանը զենք վաճառում է նաև Հայաստանին։ 2016-ի սեպտեմբերին Երևանի կենտրոնական հրապարակում զորահանդեսի ժամանակ ցուցադրվեց «Իսկանդերը», իսկ օրերս Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ «այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»։
Նախագահ Իլհամ Ալիևը յուրաքնաչյուր առիթով հայտարարում է, որ եթե հայերը չհեռանան ադրբեջանական հողերից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով։
2016-ի ապրիլին դա չհաջողվեց։
Գլխավոր էջի լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի