«Ապրել Ադրբեջանում՝ իմ իրավունքն է». լրագրող Աֆղան Մուխտարլին՝ նախկին խղճի բանտարկյալը, JAMnews-ին պատմել է ապագայի վերաբերյալ իր ծրագրերի մասին
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին՝ իշխանությունների հայտնի քննադատը, 2014 թվականին արտագաղթել է Բաքվից Վրաստան: 2017-ին նրան առևանգել են Թբիլիսիում և տարել Բաքու:
Ինչպես այն ժամանակ հաղորդեց BBC Azerbaijan-ը, Մուխտարլին հասցրել է զանգել իր փաստաբաններին և ասել, որ իրեն «գողացել են», և ինքը գտնվում է Բաքվի պետական սահմանային ծառայության գլխավոր շենքում:
Այնուհետև նրան դատապարտել են վեց տարվա ազատազրկման՝ մեղադրելով սահմանն անօրինական հատելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրելու մեջ:
Նա գտնվել է անազատության մեջ գրեթե երեք տարի: 2020 թվականի մարտի 17-ին դատարանը որոշեց փոխարինել պատժի կրումը պայմանականով:
Ազատվելուց անմիջապես հետո Մուխտարլին մեկնել է Գերմանիա, որտեղ որպես քաղաքական ներգաղթյալ ապրում է նրա ընտանիքը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Աֆղան Մուխտարլիին համարում են խղճի բանտարկյալ:
JAMnews-ը խոսել է Աֆղանի հետ Skype առցանց հարթակի միջոցով:
- Ադրբեջանում կոռուպցիայի մեղադրանքով մի քանի խոշոր պաշտոնյա է ձերբակալվել: Այս անգամ՝ զինվորականներ
- Ընդդիմադիրների հոմոֆոբ արտահայտությունները հերթական սկանդալն են առաջացրել ադրբեջանական սոցցանցերում
- Ադրբեջանում սկսել են չեղարկել որոշ տեղամասերում ընտրությունների արդյունքները: Ի՞նչ է դա նշանակում
- Ամեն ինչ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մասին` մեկ րոպեի ընթացքում
«Ճիշտ կլինի ինձ ներկայացնել որպես աքսորյալ լրագրող և ոչ թե արտագաղթած լրագրող: Արտագաղթը հաճախ լինում է ինքնակամ: Իսկ իմ կալանավորումը փոխարինել են աքսորով»,- ասում է Աֆղան Մուխտարլին:
«Լավ կլիներ վերադառնալ Վրաստան»
Մուխտարլին ասում է, որ ինքը արտագաղթի պայմաններում աշխատանքի փորձ ունի: 2015-2017 թվականներին ապրել է Վրաստանում, և այդ շրջանը իր կյանքում որպես լրագրող նա համարում է բեղմնավոր:
«Ես հետաքննություն եմ անցկացրել Ադրբեջանի նախագահին և նրա մտերիմներին պատկանող բիզնեսին առնչվող»:
Աֆղանն ասում է, որ Վրաստանում աշխատելը իր համար ավելի հարմարավետ էր, քան Գերմանիայում:
«Գերմանիայում ես նույնպես լրագրությամբ եմ զբաղվելու: Ադրբեջանցի լրագրողները արտագաղթի պայմաններում աշխատանքի փորձ ունեն: Բայց ինձ համար ավելի լավ կլիներ վերադառնալ Վրաստան: Այնտեղ ես ավելի արդյունավետ կաշխատեի»:
Խոսելով հետաքննական լրագրության յուրահատկությունների մասին՝ Մուխտարլին նշում է, որ դա երկարատև գործընթաց է: Որովհետև զուգահեռաբար նա պետք է զբաղվի նաև ակտիվ լրագրությամբ. «Կհամագործակցեմ ադրբեջանական և եվրոպական մեդիայի հետ»:
«Հետազոտություն եմ անցնում»
«Ես ապրել եմ ծայրահեղ պայմաններում, 17 տարեկանից մասնակցել եմ կռիվներին (նկատի ունի ղարաբաղյան պատերազմը 1990-ականների սկզբին — JAMnews): Եվ դա լրջորեն ազդել է իմ առողջության վրա»:
Դեռևս մինչև ձերբակալությունը Մուխտարլին տառապում էր շաքարային դիաբետով: Բացի այդ, նա սրտանոթային համակարգի խնդիրներ ունի:
«Այժմ ես հետազոտություն եմ անցնում: Թող ադրբեջանական իշխանությունները չուրախանան, որ ես հիվանդ եմ և չեմ կարող աշխատել»:
«Ես մտադրություն չունեմ պրոֆեսիոնալ իրավապաշտպան դառնալու»
«Համարվում է, որ լրագրողները աշխատում են իրավապաշտպանության ոլորտում: Մենք լուսաբանում ենք նրանց խնդիրները, ում իրավունքները խախտվում են, պաշտպանում ենք նրանց, ովքեր գտնվում են կալանքի տակ: Եվ ես կշարունակեմ դա անել: Սակայն պրոֆեսիոնալ իրավապաշտպան դառնալու մտադրություն չունեմ»:
Ամենամեծ խնդիրը
Գերմանիայում նրա համար դա լեզվի խնդիրն է: Առայժմ օգնում է այն, որ նրա ընտանիքի անդամները գիտեն մի քանի լեզու:
«Եվ ահա այնպես դասավորվեց, որ 50 տարեկանում ես պետք է սովորեմ գերմաներեն: Բայց լեզուն սովորել չի նշանակում, որ ես կհեռանամ լրագրությունից: Ես կզբաղվեմ դրանով իմ լրագրողական գործունեությանը զուգահեռ: Կփորձեմ այնպես անել, որ մեկ տարուց գերմաներենի հետ խնդիրներ չունենամ»:
«Հարավային Կովկասում միակ երկիրը, որտեղ կան ժողովրդավարության նշույլներ, Վրաստանն է»
«Վրաստանի գլխավոր դատախազությունը բազմիցս հայտարարել է, որ չի կարողացել բացատրություն ստանալ Աֆղան Մուխտարլիից: Առաջին պարտքս է գնալ դատախազություն և տալ այդ բացատրությունները:
Սա արդեն սկզբունքի հարց է, և վրացական կառավարությունը պետք է պատասխան տա հանցագործության համար: Դա Կվիրիկաշվիլիի (նախկին վարչապետ — JAMnews) ողջ կառավարության մեղքն է՝ Իվանիշվիլիի («Վրացական երազանք» կուսակցության ղեկավար — JAMnews) գլխավորությամբ:
Ես սա այսպես չեմ թողնի: Եվ ոչ միայն հանուն ինձ: Վրաստանը ժողովրդավարության նշույլներ ունեցող միակ երկիրն էր Հարավային Կովկասում: Եթե այդ հանցագործությունը չբացահայտվի, և այդ հանցանքը գործած մարդիկ չպատժվեն, պարարտ հող կստեղծվի նման անօրինականությունների համար»:
Մուխտարլին ասում է, որ Հարավային Կովկասի բոլոր հանրապետություններում պետք է կառուցվի ժողովրդավարական հասարակություն, իսկ լրագրողներին չպետք է առևանգեն և կալանավորեն:
«Երբեք չեմ ցանկացել տեղափոխվել Եվրոպա»
Մուխտարլին ասում է, որ չնայած 2003 թվականից առ այսօր հնարավորություն է ունեցել տեղափոխվել Եվրոպա, ինքը դա չի արել:
«Ազգային ազատագրական շարժմանը ես միացել եմ 15 տարեկանում, իսկ 17-ում ես պայքարում էի երկրի ինքնիշխանության համար: Եվ ես ավելի շատ իրավունք ունեմ ապրելու Ադրբեջանում, քան Իլհամ Ալիևը կամ ինձ վտարող ցանկացած պաշտոնյա»,- ասում է Մուխտարլին:
Աֆղան Մուխտարլիի հետ վիդեո-հարցազրույցի ամբողջական ձայնագրությունը ադրբեջաներենով