Ապրելու կամքը, ռեփն ու սպորտը
Բախլուլ Ալիևը վիրավորվել է Նոր տարվա շեմին`2002թ. դեկտեմբերի 31-ին: Նա ծառայում էր Ֆիզուլիի շրջանում, Հարամի Դյուզյու կոչվող վայրում: Զինվորները գնացել էին հաց բերելու և վերադարձի ճանապարհին գնդակոծության էին ենթարկվել:
Բախլուլը գիտակցության եկավ հունվարի 2-ին հիվանդանոցում: Առաջինը լսեց ազանի ձայնը`մոլլան աղոթքի էր կանչում Սարիջալի գյուղի բնակիչներին: Ավելի ուշ նրան այցելեց բժիշկն ու հարցրեց.
— Սպորտսմե՞ն եք եղել:
— Ինչո՞ւ «եղել»…ես հիմա էլ եմ սպորտսմեն: Հո դարեր չեն անցել:
-Այդպես էլ կարծում էի: Տանջվեցինք, մինչև ձեր կուրծքը կտրեցինք:
Գնդակը վնասել էր ողնաշարը, և այդ օրվանից Բախլուլը չի քայլում:
Բախլուլ Ալիևի վիրավորման պահից ավելի քան 16 տարի է անցել: Այսօր Բախլուլը շատ կենսուրախ տեսք ունի, բայց նրա համար ամենևին հեշտ չէր նորից ժպտալը.
«Չորս ամիս հիվանդանոցում պառկեցի: Չէի ուզում հաշմանդամի անվասայլակ նստել: Կարծում էի, որ ոտքի կկանգնեմ ու կգնամ տուն: Բայց հետո ստիպված նստեցի:
Վերադարձա հայրենի գյուղս`Իսմայիլի: Կյանքն ինձ համար կորցրեց իմաստը: Նույնիսկ ինքնասպանության մասին էի մտածում: Հայրս դա զգաց: Տնեցիներին հանձնարարեց ինձ մենակ չթողնել:
Այդպես ես մոտ երկու տարի ապրեցի: Այնքան ժամանակ, մինչև եկա Բաքու»:
Թեև շատերը ծիծաղում են, լսելով այդ մասին, նա անկեղծորեն խոստովանում է, որ կյանքի է վերադարձել կանանց շնորհիվ:
«Բաքվում բուժվում էի վերականգնողական կենտրոնում: Այնտեղ ես տեսա, որ պրակտիկա անցնող աղջիկներն ինձ ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան քայլող տղաներին: Ժամանակի ընթացքում ծանոթացա նրանց հետ, ընկերացա: Իսկ հետո հանկարծ մտածեցի`ի՜նչ հիասքանչ է կյանքը»:
Մանկուց Բախլուլն ամենաշատը սիրում էր սպորտն ու պոեզիան: Դրանց շնորհիվ նա նորից սկսեց կյանքում իր տեղը փնտրել:
«2008թ. սրտի կաթվածից մահացավ հայրս: Որոշ ժամանակ անց ես սկսեցի մարզվել մեր թաղամասի Սպորտային համալիրում: Այնտեղի մարզիչիս օգնությամբ դիմեցի Սումգայիթի Պարաօլիմպիական կոմիտե: Այնտեղ դրական արձագանքեցին, ու ես նույնիսկ մի անգամ հանրապետության չեմպիոն դարձա: Բայց ֆինանսական դժվարությունների պատճառով թողեցի սպորտը»:
Ի դեպ, նրա խոսքով, իր բուժման համար վիրահատություն է անհրաժեշտ: Թեև ոչ մի բժիշկ հարյուր տոկոսով չի երաշխավորում, որ վիրահատությունը հաջողությամբ կպսակվի, նա հույսը չի կորցնում:
Հոր մահից հետո Բախլուլը որոշ ժամանակ սպորտով էր զբաղվում, իսկ հետո մի օր ռեփ գրեց իր հետ կատարվածի մասին: Ու դա նրա կյանքում շրջադարձային կետ դարձավ.
«Ես ռեփ գրեցի ու ելույթ ունեցա Իսմայիլի եկած «Tanıdım Səni» ծրագրի շրջանակներում: Դրանից հետո մի քանի հեռուստաալիքներից հրավեր ստացա:
Այդպես ես հայտնի դարձա: Նույնիսկ Բաքու տեղափոխվեցի: Այժմ ռեփով եմ զբաղվում, երգեր եմ երգում: Նաև սերիալներում եմ նկարահանվում: Ուզում եմ սկսել վաստակել: Ճիշտ է, դեռ չեմ կարողանում դրանով գումար աշխատել: Բայց, ամեն դեպքում, ինչ-որ բանով զբաղվում եմ»:
Մեկ տարուց ավել է, ինչ Բախլուլն ամուսնացել է, ու այժմ ապրում է կնոջ ու մոր հետ: Ասում է, որ վերջերս ավելացած նպաստի հետ միասին ստանում է մոտ 450 մանաթ թոշակ, բայց այդ գումարով դժվար է ընտանիք պահել.
«Ճիշտ է, պետությունն ինձ մեքենա և տուն է նվիրել Իսմայիլիում, ու այդ տանն այնքան հրաշալի պայմաններ են ստեղծված, որ այնտեղ մոռանում եմ իմ հաշմանդամության մասին: Իսկ մեքենան ես վաճառեցի, քանի որ փոխանցման տուփը մեխանիկական էր, մեկ ուրիշը գնեցի: Բայց, ամեն դեպքում, ուզում եմ նշել, որ թոշակի չափը շատ փոքր է, հաշվի առնելով, որ Ադրբեջանը նավթային երկիր է, իսկ ես ղարաբաղյան պատերազմի առաջին կարգի չաշխատող հաշմանդամ եմ»:
Վերջերս Բախլուլն ընկերոջ հետ Հեծանվորդների ակումբ է ստեղծել սահմանափակ կարողություններով մարդկանց համար:
«Ես էլ եմ այդ ակումբի անդամ: Ընկերներ ունենք, որոնց ձեռքերը չեն աշխատում, բայց նրանք կարող են հեծանիվ քշել: Սպորտից բացի, դա նաև վերականգնողական աշխատանք է»: