Ապառիկով Ամանոր
Ամեն ընտանիք պետք է Նոր տարին ճոխությամբ նշի, նույնիսկ եթե դրա համար բավականաչափ միջոցներ չկան: Այդ վիճելի, եթե ավելին չասել, կտրականապես թյուր կարծիքը, այնքան է արմատավորվել Հայաստանի բազմաթիվ բնակիչների գիտակցության մեջ, որ դրանից սկսեցին օգտվել… ոչ, ոչ թե վարկ տրամադրող բանկերը, այլ սուպերմարկետների ցանցը:
«ԱԺ «ամենաչունևոր» գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ներում մի քանի օր է՝ կրկին մեկնարկել է «ապառիկով Ամանոր» ակցիան», — գրում է hraparak.am-ը:
Ցանկացած հաճախորդ կարող է առանց վարկ ձևակերպելու թողնել այստեղ իր անձնագիրն ու 200 հազ. դրամի (մոտ 415 դոլարով) ամեն անհրաժեշտ բան գնել: Պարտքը կարելի է մարել 1 տարվա ընթացքում, այն ամբողջությամբ մարելուց հետո՝ քաղաքացուն կվերադարձնեն նրա անձնագիրը:
«Անցած տարի պատգամավորն ավելի «քաղաքակիրթ» տարբերակ էր ընտրել, էժան՝ 21 տոկոսով վարկեր էր տրամադրում Նոր տարվա նախաշեմին. երևի դա ձեռնտու չի եղել, եւ Ալեքսանյանը նորից հին ձեևերին է վերադարձել», — գրում է նույն աղբյուրը։
Այն մարդկանց տեսանկյունից, ովքեր իրենց պարտքն են համարում ուտելիքից ճկվող սեղաններ բացելը, թեկուզև պարտքով, “Վարկով Նոր տարի ակցիան պարզապես ճակատագրի նվեր է, հետևաբար, սուպերմարկետի սեփականատեր Ալեքսանյանին բարեգործ են համարում:
Սակայն ըստ կառավարության 1998թ. դեկտեմբերի համար 821 որոշման, արգելվում է երկրի քաղաքացիների անձնագրերը վերցնել, եթե նա չի կասկածվում կամ մեղադրվում հանցագործության համար, ընդ որում այդ դեպքերում էլ անձնագիրը ժամանակավորապես հանձնվում է ոչ թե ինչ-որ մեկին, այլ իրավապահ մարմիններին կամ դատարանին: Կառավարության այդ նույն որոշմամբ արգելվում է անձնագիրն այլ անձանց տալը և գրավ դնելը:
Շատ երևանցիներ “Երևան-սիթի սուպերմարկետների ցանցի ակցիայի հետ կապված հարցադրում են անում, որքանո՞վ է դա օրինական ու ընդունելի: Ահա մի քանի մեկնաբանություն.
Մարիաննա Սարգսյան. “Իսկ անձնագիր վերցնելու իրավունք ունե՞ն: Ես ընդունում եմ, որ սուպերմարկետը մարդկանց հնարավորություն է տալիս Նոր տարին դատարկ սեղաններով չդիմավորելու: Շատ երկրներում կան խանութներ, որոնք վարկով մարդկանց մթերք են տրամադրում, սակայն ոչ միայն Ամանորին, քանի որ հայերից բացի ոչ ոք նոր տարվա այդ շքեղության հետևից չի ընկնում: Հայերը պետք է դադարեն այդ ցուցադրական սեղանները գցել, քանի որ բոլորը պարտքով են անում: Ինչ վերաբերում է սուպերմարկետններին, ապա նրանք պետք է ուսումնասիրեն այլ երկրների փորձը: Ամեն դեպքում, այնտեղ մարդկանց անձը հաստատող փաստաթղթերը չեն վերցնում: Եվ այն մարդկանցից, ովքեր ապառիկով սնունդ են գնում, նման տոկոսներ չեն վերցնում»:
Արթուր Մարգարյան. «Նորմալ է: Շատ լավ բան է անում ժողովրդի համար: Հիսուսից հետո ինքն է (Ալեքսանյանը): Բայց ինչո՞ւ է անձնագրերը գրավ վերցնում: Ավելի ճիշտ կլիներ մարդկանց բնակարանները գրավ վերցնել, այդպես ավելի ապահով կլիներ»:
Իսկ նախատոնական շոփինգամոլությունը շարունակում է թափ հավաքել: