Աշուրան Բաքվում
Բաքվում շիաներն այսօր Աշուրան են տոնում՝ իմամ Հուսեյնի հիշատակի օրը: Նախորդ տարիներին կրոնական երիտասարդությունը Աշուրայի գիշերն աղմկոտ երթեր էր կազմակերպում շրջակա գյուղերից դեպի գլխավոր սրբավայր՝ շիաների ութերորդ իմամի քրոջ գերեզման Նարդարան ավանում: Նախորդ տարվա դեկտեմբերի իրադարձություններից հետո (Նարդարանի ապստամբություն ու դրա ճնշումը) հավատացյալներին արգելել են աղմկել, մզկիթում բարձրախոսի ձայնը նվազագույնի վրա են դրել: Մի խոսքով, ամեն ինչ անցկացվեց ոստիկանության խիստ վերահսկողության տակ:
Քաղաքի մնացած մզկիթներում սգո արարողություններ անցկացվեցին: Փողոցում բոլոր ցանկացողներին թեյ և թեթև հյուրասիրություն էին առաջարկում:
Ինչ վերաբերում է Աշուրայի պատմությանը, ապա այդ ամենը տեղի է ունեցել 680թ-ին, երբ Արաբական խալիֆայությունում պայքար էր գնում Հաշիմյանների և Օմայանների միջև: Մինչ այդ, նոմինալ խալիֆը Մուհամեդ մարգարեի զարմիկ և փեսա Ալի իբն Աբու Թալիբն էր: Սակայն նրա նախորդի՝ խալիֆ Ուսմանի սպանությունից հետո Օմայանների տան ղեկավար Մուավիան հրաժարվեց ճանաչել Ալիի իշխանությունը: Շուտով Ալին սպանվեց: Իշխանությանը հավակնում էր նրա որդի Հուսեյն իբն Ալին՝ մարգարեի թոռը: Սակայն Մուավիայի որդի Յազիդը զավթեց գահը: Հուսեյնն ընտրեց իր հավատարիմ 72 համակիրներին և արշավեց Յազիդի վրա: Եվ Քերբելա տեղանքում (այժմ՝ Իրաքի տարածք) նրանք շրջապատման մեջ ընկան: 10 օր տանջվեցին առանց ջրի: Սակայն չհանձնվեցին:
Մուհարրամ ամսվա տասներորդ օրը նրա ջոկատը ոչնչացվեց, ինքը Հուսեյնն ու նրա փոքր որդի Ալի Աքբարը նահատակվեցին: Այդ ժամանակից ի վեր մուսուլմանական աշխարհը երկու մասի է բաժանվում՝ շիաների և սունիների: Շիաներն ամեն տարի նշում են այս արյունոտ իրադարձությունը: Ընդ որում, մինչև հիմա շատ երկրներում անցկացվում է շախսեյ-վախսեյ արարողությունը (շահ Հուսեյն, վախ Հուսեյն), որի ժամանակ հավատացյալները շղթաներով իրենց արյան աստիճան հարվածներ են հասցնում: Ադրբեջանում Աշուրայից առաջ, որպես կանոն, հոգևորականությունը կոչ է անում ինքնախարազանման փոխարեն արյուն հանձնել հիվանդանոցներում:
Պաշտոնապես Աշուրան աշխատանքային և ուսումնական օր է Ադրբեջանում, սակայն դեպի մզկիթներ մուսուլմանների գիշերային երթերի պատճառով քաղաքի ենթակառուցվածքը այդ օրը միշտ «լարվում է»: Քաղաքի կենտրոնի խանութների մեծ մասը սովորական ռեժիմով էր աշխատում, փոխարենը Բաքվի ավաններում բոլոր խանութները մինչև երկուսը փակ էին: Եվ միայն Նոր Սուրախանների Վալեհը չէր ենթարկվել ընդհանուր տենդենցին և մինչև ժամը երկուսը մեկ ամսվա եկամուտ վաստակել:
Հրապարակվել է 12.10.2016