Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում՝ առանց Ռուսաստանի՞
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հաղորդել է, որ տվյալներ ունի ռուս ֆուտբոլիստների՝ այդ թվում հավաքականի խաղացողների կողմից դոպինգի օգտագործման մասին, և պատրաստ է դրանք փոխանցել Միջազգային ֆուտբոլային ասոցիացիային (ՖԻՖԱ): Եթե կասկածները հաստատվեն, դա կարող է ավարտվել 2018թ-ի աշխարհի առաջնությունից Ռուսաստանի հավաքականի հեռացմամբ, որը պետք է կայանա այդ երկրում հաջոդ տարվա ամռանը:
Առաջին կասկածները
2017թ-ի ամռանը Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Մաքլարենը հայտարարեց, որ Ռուսաստանում գոյություն ունի ֆուտբոլիստների կողմից դոպինգի օգտագործման թաքուցման համակարգ: Նրա խոսքով՝ գոյություն է ունեցել «մաքուր» մեզի պահուստ, որն օգտագործվել է ֆուտբոլիստների դոպինգ-նմուշները փոխելու համար:
Դրանից մի քանի օր առաջ Daily Mail թերթը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի իր աղբյուրները, հաղորդել էր, որ ռուսական ֆուտբոլային հավաքականը ողջ կազմով կասկածվում է 2014թ-ի աշրահի առաջնությանը դոպինգ օգտագործելու համար:
Թերթի տվյալներով՝ ՖԻՖԱ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Ռուսաստանի 34 ֆուտբոլիստ (նրանցից 23-ը 2014թ-ի աշխարհի առաջնության մասնակից են) խախտել է հակադոպինգային կանոնները:
Նոր մեթոդներ, նոր վկաներ
Մաքլարենի հայտարարությանը և բրիտանական թերթի հրապարակմանը գրեթե զուգահեռ սկսվում էր Կոնֆեդերացիաների գավաթը, որին մասնակցում էր Ռուսաստանի հավաքականը: Բոլոր դոպինգ-նմուշները, որոնք վերցվել էին ֆուտբոլիստներից մրցաշարի մեկնարկից առաջ, բացասական էին:
Նոյեմբերի 26-ին Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի փաստաբանը հաղորդեց, որ իր վստահորդը պատրաստ է ՖԻՖԱ-ի հետ կիսվել ռուսական ֆուտբոլում դոպինգի մասին տեղեկատվությամբ: Ռոդչենկովի փաստաբանի խոսքով՝ վերջինս կարող է ապացուցել, որ տասնյակ ռուս ֆուտբոլիստներ արգելված դեղորայք են օգտագործել:
Դեկտեմբերի 9-ին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը Daily Mail-ին պատմեց, որ 2018թ-ի սկզբին ռուս ֆուտբոլիստների դոպինգ-նմուշների ևս մեկ՝ վերջնական, փորձաքննություն կանցկացվի: Ֆուտբոլի ֆեդերացիան կօգտվի այն մեթոդից, որը մշակել է Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանի օլիմպիական հավաքականի կողմից հակադոպինգային կանոնները խախտելը հետաքննելիս:
Ավելի վաղ մեթոդ, որը թույլ կտա որոշել, թե արդյոք ապօրինի կերպով բացվել են մեզի տարաները, չկար, այդ պատճառով էլ այսպիսի հետաքննություն հնարավոր չէր:
Ազգային հակադոպինգային գործակալությունների ինստիտուտի ղեկավար Ջոզեֆ դը Պենսյեն կոչ է արել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը հեռացնել 2018թ-ի աշխարհի առաջնությունից, եթե հաստատվի, որ այդ մարզաձևում Ռուսաստանում պետական դոպինգ-ծրագիր է գործել:
Դը Պենսյեն կարծում է, որ Ռուսաստանում առանց Ռուսաստանի հավաքականի մասնակցության աշխարհի առաջնության անցկացման հետ խնդիրներ չեն առաջանա:
Նախադեպ
Դեկտեմբերի 5-ին ՄՕԿ-ը որոշում էր կայացրել, որ Ռուսաստանի հավաքականը 2018թ-ի Օլիմպիական խաղերին չի մասնակցելու: Այդպիսի որոշումը Սոչիի Օլիմպիադայի ժամանակ ռուսաստանցի մարզիկների կողմից դոպինգի օգտագործման վերաբերյալ երկարատև հետաքննության արդյունք է:
Ինչպես պարզել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հանձնաժողովը, գոյություն է ունեցել դոպինգի կիրառման և դոպինգ-թեստերի արդյունքների թաքուցման համակարգ: Համակարգը ստեղծվել և համակարգվել է սպորտի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնյաների կողմից:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի Ռուսաստանում 2018թ-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Ռուսաստանի հավաքականը որպես մրցաշարի տանտիրոջ հավաքական պետք է դրան մասնակցի առանց ընտրական խաղերի: