Ադրբեջանում առաջարկում են կտրուկ բարձրացնել նվազագույն աշխատավարձը
Աշխատավարձի կտրուկ բարձրացում Ադրբեջանում
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է երկրում նվազագույն աշխատավարձը հասցնել 500 մանաթի [մոտ 294 դոլար]։ Պատգամավոր Վահիդ Ահմեդովը կարծում է՝ այդ վարձատրությունը բնակչությանը նորմալ կյանքով կապահովի։ Իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչ, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին պնդում է, որ նվազագույն աշխատավարձի նման կտրուկ բարձրացումը գնաճի նոր ալիք կառաջացնի, Ադրբեջանի ժողովրդի ֆինանսական բարեկեցության համար տնտեսական այլ լծակներ են անհրաժեշտ։
- Բուհ ընդունվելու երկու հնարավորություն․ ի՞նչ է նախատեսում Հայաստանը
- Ադրբեջանում հրաժարվում են գրանցել անկախ լրատվամիջոցներին
- Թբիլիսիում հոսանքահարումից դեռահաս է մահացել․ ի՞նչ է հայտնի պատասխանատու ընկերության մասին
Ադրբեջանի Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) պատգամավոր Վահիդ Ահմեդովն առաջարկել է նվազագույն աշխատավարձը հասցնել 500 մանաթի [մոտ 294 դոլար]։ Վերջին անգամ երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 2022 թվականի հունվարի սկզբին, ներկայումս այն կազմում է 300 մանաթ [մոտ 176 դոլար]։
Փորձագետներն ասում են՝ տարեսկզբին նվազագույն աշխատավարձի բարձրացումն առաջացրեց գնաճի ալիք, որը գործնականում «խժռեց» կառավարության այս քայլի ողջ ազդեցությունը։
Ադրբեջանում գնաճը շարունակվեց ողջ տարվա ընթացքում։ Եվ, ինչպես նախագահ Իլհամ Ալիևը նշել է տեղական հեռուստաալիքներին տված իր հարցազրույցներից մեկում, այն «ներմուծված է»։ Այլ կերպ ասած՝ ինքը՝ ադրբեջանական տնտեսությունն ի վիճակի չէ գնաճի մակարդակը պահել ցանկալի մակարդակում՝ համաշխարհային շուկաներում տիրող անկայուն իրավիճակի պատճառով։
Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022 թվականի վերջին տարեկան գնաճը կլինի երկնիշ և կգերազանցի 10 տոկոսը։ Ըստ փորձագետների՝ գնաճը շատ ավելի բարձր է, քան հայտարարվում է։ Ի տարբերություն հարևան Թուրքիայի՝ Ադրբեջանում գնաճի անկախ գնահատում չի իրականացվում։ Օրինակ՝ Թուրքիայում անկախ փորձագետների կողմից գնաճի գնահատականները հաճախ երկու անգամ ավելի են պաշտոնական տվյալներից։
«Կառավարությունը պարտավոր է լուծել մի շարք այլ խնդիրներ»
«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նաթիգ Ջաֆարլին կարծում է՝ պատգամավորի առաջարկն արժանի է ուշադրության, քանի որ գնաճն ու թանկացումները «տանջել են մարդկանց», սակայն նման որոշում կայացնելուց առաջ կառավարությունը պարտավոր է լուծել մի շարք այլ խնդիրներ։
«Առաջին հերթին օրենսդրությունից պետք է հանել ֆիզիկական անձանց՝ կենսաթոշակային հիմնադրամին ուղղվող միջոցները նվազագույն աշխատավարձի հետ կապելու պահանջը։ Սա շատ անտրամաբանական է։ Օրինակ, անձը, որի ամսական շրջանառությունը կազմում է 500 մանաթ, կենսաթոշակային հիմնադրամին վճարում է նույնքան, որքան ֆիզիկական անձը, որի շրջանառությունը 10 անգամ ավելի է: Որովհետև, ըստ օրենքի, պահումներն արվում են նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի չափով։ Տնտեսության որոշ ճյուղերում այս ցուցանիշը հասնում է 50 տոկոսի։
Այս մոտեցումը սկզբունքորեն սխալ է։ Մենք առաջարկում ենք կենսաթոշակային հիմնադրամին հատկացումներ անել բիզնեսով զբաղվող անհատի ամսական շրջանառության երկու տոկոսի չափով»,- ասել է Ջաֆարլին։
Նա հավելել է, որ երկրում առկա տնտեսական համակարգի մյուս խնդիրը աշխատավարձերի և կենսաթոշակների աճի վրա գնաճային ճնշումն է.
«Միայն լուրերն այն մասին, որ շուտով նվազագույն աշխատավարձը բարձրանալու է, նպաստել են գրեթե բոլոր ապրանքների գնաճին:
Ուստի աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է իջեցնել հարկերի և մաքսատուրքերի մակարդակը՝ այդ կերպ կանխելով գնաճի նոր փուլը։
Ամիսներ առաջ մենք առաջարկել էինք տնտեսական միջոցառումներ, որոնք այսօր էլ արդիական են։ Սննդամթերքի և դեղերի ավելացված արժեքի հարկը ներկայիս 18 տոկոսից պետք է իջեցվի երկու տոկոսի, իսկ ներկրվող դեղերը պետք է ազատվեն մաքսատուրքից։
Այս քայլերով հնարավոր է հասնել ապրանքների կայուն գների, կտրուկ նվազեցնել գնաճը։
Եվ, իհարկե, պետք է համակարգային ու տնտեսական ճանապարհով լուծել մենաշնորհների խնդիրը, որը մեր տնտեսության «խոցն» է դարձել երկրի անկախության ողջ ընթացքում»,- ընդգծել է ընդդիմադիր գործիչը։
«Երկրում պետք է փոխվեն նաև կենսաթոշակային հիմնադրամի աշխատանքի կանոնները։ Այսօր այն իր հայեցողությամբ է տնօրինում մեր կենսաթոշակային խնայողությունները, բայց մեր միջոցները նույնիսկ ինդեքսավորված չեն, էլ չեմ խոսում դրանցով կատարված գործարքներից ստացված շահաբաժինների մասին։
Օրինակ՝ իմ կենսաթոշակային հաշվին արդեն կա մոտ 20000 մանաթ [մոտ 12000 դոլար]։ Բայց այս փողի գնողունակությունը տարեցտարի նվազում է, և խոսք չի գնում որևէ ինդեքսավորման մասին։
Եթե իմ նշած խնդիրները չլուծվեն, ապա նվազագույն աշխատավարձի հերթական բարձրացումը քաղաքացիների վրա իրական ազդեցություն չի ունենա»,- եզրափակել է Ջաֆարլին։
Աշխատավարձի կտրուկ բարձրացում Ադրբեջանում