Խաղ «Անցյալում»՝ ճանապարհորդություն դեպի 19-րդ դարի Վրաստան
«Անցյալում» թվային կրթական խաղը 19-20-րդ դարերի Վրաստան մեկնելու և անհայտ կանանց պատմություններին ծանոթանալու հնարավորություն է։
Այս նոր թվային խաղը, որ նման է Escape Room-ին, ստեղծվել է երկու ընկերների՝ Մուրթազ Բոլկվաձեի և Սալոմե Կվիրիկաշվիլիի կողմից, մեզ է ներկայացնում անցյալ դարերի Վրաստանը, պատմում է այդ ժամանակաշրջանում ապրած կանանց և տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին։
«Անցյալում» խաղը նվիրված է կանանց թեմային, ֆեմինիզմին և պատմամշակութային հիշողությանը, և այն կարելի է խաղալ չորս լեզուներով (վրացերեն, անգլերեն, հայերեն, ադրբեջաներեն):
Խաղն ստեղծողները որոշել են զվարճալի և հետաքրքիր ձևով հնարավորինս շատ մարդկանց փոխանցել 19-րդ դարում ապրած երկու վրացուհիների՝ Կատո Միչելաձեի և Բարբարա Ջորջաձեի մոռացված, բայց ուշագրավ պատմությունները:
«Մենք որոշեցինք հնարավորինս շատ մարդկանց ներկայացնել վրացի կանանց, որոնք դարեր առաջ աչքի են ընկել իրենց առաջադեմ գաղափարներով և ակտիվ պայքար են մղել հանուն ազատության, հավասարության և արևմտյան արժեքների։ Հայտնվելով «Անցյալում»` խաղացողները կարող են բացահայտել այս զարմանահրաշ կանանց պատմությունները, ավելին իմանալ նրանց կյանքի, դարաշրջանների զուգահեռների և մարտահրավերների մասին, որոնք պետք է հաղթահարել՝ լուծելով հանելուկներ և կատարելով հետաքրքիր առաքելություններ, և անցնել խաղի հաջորդ փուլ։
Հուսով ենք, որ խաղն ակտիվորեն կօգտագործվի մարդու իրավունքներ դասավանդողների կողմից ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթական տարածքում»,- ասում են խաղի ստեղծողները։
Սալոմեն և Մուրթազը պատմում են, որ իրենց՝ որպես կանանց իրավունքներով հետաքրքրվող մարդկանց, խաղի վրա աշխատելու գործընթացն արկածներով լի է եղել։ Հին փաստաթղթերն ու ամսագրերը պարունակում են բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կանանց ակտիվության, պայքարի և այն մարտահրավերների մասին, որոնց նրանք մշտապես բախվել են:
Նրանց խոսքով’ այս փուլում հնարավոր է եղել խաղ ստեղծել ընդամենը երկու կանանց մասին, բայց հույս ունեն’ կկարողանան ապագայում խաղացողների հետ կիսվել բազմաթիվ այլ վրացուհիների անհայտ պատմություններով։
«Անցյալում» խաղը ստեղծվել է EVZ հիմնադրամի միկրոդրամաշնորհի շրջանակներում:
«Դեպի անցյալ» ճանապարհորդելու համար անցեք հղումով` https://bit.ly/3UhgjHN