Արցախցիները Գորիսում՝ պատերազմից հետո տուն վերադառնալու սպասումով․ լուսանկարներ
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Արցախում սկսված ռազմական գործողությունների արդյունքում բազմաթիվ մարդիկ անտուն են մնացել։ Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքով նրանց տները կամ հիմնովին քանդվել են, կամ վտանգավոր դարձել բնակիչների կյանքի համար։
Այս կապակցությամբ ոմանք՝ խոսքը գնում է հիմնականում կանանց և երեխաների մասին, ստիպված տեղափոխվել են այլ բնակավայրեր, մի մասը՝ Հայաստան։
Մի քանի ընտանիք ապաստանել է Հայաստանի հարավում գտնվող քաղաքներից մեկում՝ Գորիսում։ Ոմանք բնակվում են բարեկամների տանը, մյուսները տեղավորվել են հյուրանոցներում։
Լուսանկարներ Գորիսից՝ այստեղ տեղափոխված արցախցիների կյանքից։
11 տարեկան Արտյոմը պատմում է, որ տեղափոխվել է Գորիս Մարտունուց, եկել է այստեղ մայրիկի, տատիկի, քույրիկի և եղբոր հետ։
«Երբ եկանք, դեռ մեր տունը չէր քանդվել, իսկ հիմա մեր ամբողջ թաղամասն ավիրել են։ Չգիտեմ կոնկրետ մեր տունն ինչ վիճակում է։ Պապս է մնացել է այնտեղ, բայց կապ չկա, հայրիկն էլ սահմանում է», — ասում է տղան։
Արենը, Արսենը, Ջիվանը, Լևոնն ու Դենիսը եղբայրներ են, իրենք էլ իրենց մայրիկի հետ են եկել Գորիս։
«Սեպտեմբերի 26-ին երեք տղաներիս ծնունդ ենք նշել, իսկ 27-ի առավոտից սկսվել է հրետակոծությունը։ Ստեփանակերտից տեղափոխվեցինք Շուշի՝ հույս ունենալով, որ ամեն ինչ արագ կավարտվի ու կվերադառնանք տուն, բայց սկսեցին Շուշին էլ հրետակոծել։
Այնտեղից հասել ենք Բերձոր, հիմա էլ արդեն Գորիսում ենք։ Ամուսինս սահմանում է։ Նա տղաներին բացատրում է, որ հրետակոծության հետևանքով ջարդվել են մեր տան պատուհաններն ու դռները, այդ պատճառով նրանք դեռ չեն կարող հետ վերադառնալ», — պատմում է հինգ տղաների մայրը՝ Լենա Ղուլյանը։
Լենան այժմ մյուս մայրերի հետ միասին երեխաներին նոր երգեր է սովորեցնում։ Բոլորով փորձում են երեխաների օրը լցնել, զբաղեցնել, սթրեսից հանել։
Լենայի տղաներից մեկը վերջին օրերին պարտադրում է իրեն զինվորական համազգեստ հագցնել, հայրիկին է ուզում նմանվել։
«Չէի ուզենա տղաներիս կտրել իրենց հողից ու իրականությունից, բայց վտանգը գնալով մեծանում էր, իսկ երեխաներին ապաստարանում պահելը դժվար էր․ անընդհատ դուրս էին գալիս տեսնեն, թե հրթիռն ուր ընկավ։ Դրա համար էլ տեղափոխվեցինք Գորիս», — պատմում է Լենան։
Մարթա Միրզոյանը երկու երեխաների հետ եկել է Ստեփանակերտից։ Նա փորձում է 4 տարեկան Լիային զբաղեցնել բանաստեղծություններով և երգերով, բայց երեխան տխրում է։ Ասում է, իր տիկնիկին է կարոտել՝ Մաշային։
«Մինչև սեպտեմբերի 30-ը մնացինք քաղաքում, բայց հասկացանք, որ հակառակորդը չի դադարում թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Հայրս մեզ հասցրեց Գորիս ու վերադարձավ Ստեփանակերտ։ Ամուսինս առաջնագծում է։ Չեմ պատկերացնում, թե երբ այս ամենը կավարտվի, որ վերադառնանք մեր տները», — պատմում է Մարթան։
Արցախցի այս աղջիկներն իրենց համար զբաղմունք և ուրախանալու առիթ են գտել հյուրանոցի բակում, որտեղ այժմ ապրում են։
6-րդ դասարանցի Եվան Գորիսում դպրոց գնալ չի ուզում։ Սպասում է, երբ է վերադառնալու իր տունն ու իր դպրոցը։
14-ամյա Միհրանը գլուխը հեռախոսից բարձրացնում է միայն լուսանկարվելու պահին։ Անընդհատ լուրերն է կարդում․ հայրն ու հորեղբայրը սահմանում են։
Դավիթ Ասրյանը արցախցիներին ընդունած հյուրանոցի աշխատակիցներից է։ Ասում է, այս օրերի ընթացքում շատ է կապվել երեխաներին, և իրեն դժվար կլինի կտրվել նրանցից, երբ պատերազմն ավարտվի, ու նրանք վերադառնան տուն։
Գորիսի բնակիչները հաճախ են այցելում հյուրանոցում ապաստանած արցախցիներին։ Երիտասարդներից շատերը գալիս են այստեղ հատուկ երեխաներին զբաղեցնելու, նրանց օրը հետաքրքիր դարձնելու համար։
«Իմ հիշողությունից երբեք չի ջնջվում 90-ականների պատերազմի ռմբակոծության ձայներն ու ապաստարանի խոնավության հոտը։ Երեխաների հետ խոսելիս հասկանում ես, որ այս պատերազմը նույն ծանր ազդեցությունը նաև նրանց վրա է թողնում։
Ես էլ այս օրերին փորձում եմ նրանց հետ երգել, պարել, նկարել ու նրանց մի քանի ժամով կտրել այս դաժան իրականությունից», — պատմում է գորիսեցի երիտասարդներից Լուսինե Մուսախանյանը։