Հայտնի են Արևելյան Ուկրաինայի երկնքում «Բոինգ» МН17-ի ոչնչացման ու 298 մարդու մահվան մեջ կասկածվողների անունները
Այն բանից հետո, երբ Malaysia Airlines-ի MH17 չվերթը խոցվել է Արևելյան Ուկրաինայի երկնքում 2014թ-ի հուլիսին, Միջազգային քննչական խումբը չորս կասկածյալի անուն է նշել, հաղորդում է Բի-Բի-Սին։
Քննչական խումբը (դրա կազմում են Նիդերլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները) պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է «Բուկ» հրթիռային կայանի միջոցով, որը պատկանում է ռուսական զինված ուժերի հակաօդային պաշտպանության 53-րդ բրիգադին։ Բրիգադը տեղակայված է ռուսական Կուրսկ քաղաքում։
Կասկածյալներից երեքը ռուսաստանցիներ են, ևս մեկը՝ Ուկրաինայի քաղաքացի։ Նրանց մեղադրում են այն բանի համար, որ հենց նրանք են բերել «Բուկ» հրթիռային կայանն Ուկրաինայի արևելքի շրջան և սպանել 298 ուղևորի և անձնակազմի անդամներին։
Նրանց բոլորի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված։
• Դա ինքնաթիռի դիտավորյալ ոչնչացում է: «Բուկը» ռուսական էր
Ովքե՞ր են այդ մարդիկ
Նրանցից ամենահայտնին է համարվում Իգոր Գիրկինը, որը նաև հայտնի է Ստրելկով ազգանվամբ։
Նա ռուսական հետախուզության (Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ)) նախկին գնդապետ է։ Գիրկինն Արևելյան Ուկրաինայի ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) պաշտպանության նախարար է եղել, որտեղ 2014թ—ից պատերազմ է։ Համարվում է, որ նա ԴԺՀ կոչումով ամենաբարձր զինվորականն է եղել և Կրեմլի հետ ուղիղ կապի մեջ է եղել։
Մյուս կասկածյալը՝ Սերգեյ Դուբինսկին, հայտնի է Խմուրի (Խոժոռ) մականունով։
Նա ռուսական ռազմական հետախուզության (Պետական հետախուզական վարչություն (ՊՀՎ)) նախկին աշխատակից է։ Դուբինսկին Գիրկինի տեղակալն է եղել և նույնպես կապ է պահել Կրեմլի հետ, պնդում է քննչական խումբը։
Երրորդ կասկածյալը Օլեգ Պուլատովն է, որը հայտնի է Գյուրզա մականունով։
Նա ռուսական ՊՀՎ պահեստազորի փոխգնդապետ է, Դոնեցկի հետախուզական ծառայության պետի տեղակալ։
Եվ չորրորդը Լեոնիդ Խարչենկոն է՝ Ուկրաինայի քաղաքացի։ Նա ինքնահռչակ ԴԺՀ հետախուզական ստորաբաժանման հրամանատարն է։
Քննչական խումբը կարծում է, որ Դուբինսկին, Պուլատովն ու Ստրելկովն այժմ ապրում են Ռուսաստանում, իսկ Խարչենկոն նախկինի պես Ուկրաինայի արևելքում է՝ մի տարածքում, որն Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ չէ։
Գործը փոխանցվելու է Հոլանդիայի դատարանին մինչև տարվա վերջ։ Առաջին դատական նիստը կանցկացվի 2020թ—ի մարտի 9-ին։
Ի՞նչ է ասում Ռուսաստանը
Հունիսի 19-ի մամուլի ասուլիսին քննչական խմբի ներկայացուցիչներն ասել են, որ չեն դիմելու Ռուսաստանի իշխանություններին այդ կասկածյալներին արտահանձնելու խնդրանքով, քանի որ ռուսական սահմանադրությունն արգելում է իր քաղաքացիների փոխանցումն այլ պետությունների։
Միաժամանակ քննչական խումբը ռուսական կողմին խնդրում է ինքնուրույն հարցաքննել գործում ներգրավվածներին։
Ռուսաստանը մինչ օրս հրաժարվում է պատասխանել քննչական խմբի հարցերին, ընդգծել է խմբի ներկայացուցիչը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ինքնաթիռի խոցմանը ռուս զինվորականների մասնակցությունն ու իրադարձությունների այլընտրանքային վարկածներ է առաջ քաշում։
Ի պատասխան Բի—Բի—Սիի հարցին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է․
«Ռուսաստանը [հետաքննությանը] մասնակցելու հնարավորություն չի ունեցել, թեև․․․ այդ ողբերգության առաջին իսկ օրերից նախաձեռնություն է ցուցաբերել․․․ փորձել է դառնալ այդ զարհուրելի աղետի հետաքննության մաս»։
Ինչպե՞ս է ոչնչացվել ինքնաթիռը
Սիլենա Ֆրեդրիքսը կորցրել է իր որդի Բրայսին։ Նա Բոինգ MH17-ի ուղևոր էր։
«Այս հինգ տարում զոհվածների որոշ ազգականներ մահացել են՝ չիմանալով ճշմարտությունը։ Մենք բոլորս մեծանում ենք․․․ Հուսով եմ, որ կիմանամ ճշմարտությունն աչքերս ընդմիշտ փակելուց առաջ», — ասել է նա հունիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին։
Ուղևորատար Բոինգ-777-ը թռել է Ամստերդամի օդանավակայանից 2014թ-ի հուլիսի 17-ին և պետք է ժամաներ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր հաջորդ օրը։
Այցից մի քանի ժամ անց ինքնաթիռը կորցրել է կապը դիսպետչերների հետ, դա տեղի է ունեցել ռուս—ուկրաինական սահմանից 50կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռը վայր է ընկել Դոնեցկի շրջանում՝ տարածքում, որը վերահսկվում ԴԺՀ ապստամբների կողմից։
2015թ-ի հոկտեմբերից Նիդերլանդների Անվտանգության խորհուրդը վստահությամբ հայտարարել է, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Բուկ» հրթիռով, որի հետևանքով մասերի է բաժանվել դեռ օդում։
Միջազգային քննչական խումբը (JIT) 2018թ—ի մայիսին հայտարարել է այն մասին, որ վստահ է՝ «Բուկ» հրթիռային համակարգը պատկանել է ռուսական 53-րդ զենիթահրթիռային բրիգադին։ Այն ժամանակ էլ ներկայացվեցին ապացույցներն ու Ռուսաստանի տարածքից դեպի Արևելյան Ուկրաինա հրթիռային համակարգի տեղափոխման երթուղին։