Անպարկեշտ պատկեր ստվարաթղթի վրա
Այս կանոնը, հավանաբար ուժի մեջ կմտնի շուտով: Ցխինվալի գլխավոր ճարտարապետ Մերաբ Տադտաևն ասում է, որ ցուցանակների վերահսկումն անհրաժեշտ է, քանի որ «քաղաքում, օրինակ, կարելի է հանդիպել սխալներով կամ ձեռքով ստվարաթղթի կտորի վրա գրված ցուցանակների, ինչը, համաձայնեք, անպարկեշտ տեսարան է»:
Թադտաևը հնարավոր սահմանափակումների ցանկում չընդգրկեց կոնկրետ բառեր կամ պատկերներ, սակայն չափանիշներն ըստ որոնց թույլատրվելու կամ արգելվելու է այս կամ այն անվանումը, պարզ չեն, հայտնի է միայն, որ «քաղաքապետարանը ցանկանում է փոխել քաղաքի տեսքը դեպի լավը»:
Ցխինվալի քաղաքապետ Ալան Ալբորովի կարծիքով, ցուցանակների հանդեպ վերահսկողությունը պետք է նույնիսկ ավելի լուրջ լինի: «Քաղաքապետարանը պարտավոր է լրջորեն հետևել մայրաքաղաքի արտաքին տեսքին: Խանութների անվանումները ռուսերենով են, հաճախ նույնիսկ անգլերենով: Եվ խանութների տերերը շատ հազվադեպ են ընտրում օսերեն անվանումներ», — ասում է նա:
Քաղաքապետարանը մտադիր է միանգամից երկու հարց լուծել՝ հանրայնացնել օսերենն ու դուրս բերել անգլերենը: Քաղաքապետարանն առաջարկում է օբյեկտների անվանումները գրել միմիայն օսերենով կամ ռուսերենով:
Քաղաքապետարանի աշխատակիցները պետք է շրջեն բոլոր խանութներով և գրանցեն՝ ինչ և որ լեզվով է գրված ցուցանակների ու գովազդային վահանակների վրա: Այդ շրջայցի ժամանակ խանութների տերերին համառորեն խորհուրդ են տալու ուղղել ցուցանակներում առկա բոլոր սխալները, փոխել անգլերենով անվանումները օսերեն ու ռուսերեն կամ ցուցանակին ավելի քաղաքակիրթ տեսք տալ:
IKEA խանութի վաճառող Ֆաթիմա Գուսսովա. «Մենք երկու շաբաթ առաջ ենք բացվել, խանութի անվանումը ոչ ոքի հետ չենք համաձայնեցրել: Մեր ցուցանակին IKEA ցանցի անգլերեն անվանումն է: Եթե քաղաքապետարանը հորդորի փոխարինել այն ռուսերեն տարբերակով, վստահ եմ, որ ղեկավարությունը կանսա»:
«Բազմաթիվ խանութների վրա «Փակ է» ցուցանակը միայն օսերենով է: Հնարավոր է, դա մանրուք է, բայց մանրուքիցներից են սկսում մայրենի լեզվի տարածման քայլերը», — ասում է 60-ամյա կին գնորդը, որը նախընտրել է անանուն մնալ: