Աննկատ բռնություն. ինչո՞ւ Հայաստանում չեն բացահայտվում թրաֆիքինգի դեպքերը
Երեխաների շահագործումը թրաֆիքինգի ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաթաքուն տեսակներից է, որովհետև սովորաբար իրականացվում է ծնողների կամ խնամակալների կողմից կամ նրանց իմացությամբ։ Եվ զոհը՝ երեխան, նման պարագայում չգիտի՝ ո՞ւմ դիմել, ումի՞ց պաշտպանություն հայցել:
Վերջերս Հայաստանում բացահայտվեց միանգամից երեք դեպք՝ կապված երեխաների նկատմամբ բռնության և նրանց շահագործման հետ:
30 և 54-ամյա կանայք ստիպել էին իրենց երեխաներին մուրացկանություն անել, հրաժարվելու դեպքում՝ խոշտանգել էին նրանց, անգամ՝ 2 տարեկան աղջնակին: Իսկ 35-ամյա տղամարդը շահագործել էր իր քաղաքացիական կնոջ որդուն և բռնություն գործադրել նրա նկատմամբ:
Աշխարհում թրաֆիքինգի զոհերի 30 տոկոսը երեխաներ են: Հայաստանում վերջին տարիներին գրանցվում են հատկապես երեխաներին աշխատանքի հարկադրելու դեպքեր:
Իրավիճակը Հայաստանում՝ բոլոր մանրամասներով, նաև շահագործման ենթարկված մի աղջկա պատմություն, որը կիսվել է իր հետ կատարվածով:
- Բուլինգի «հայկական առանձնահատկությունը»․ անհանդուրժողականություն տարբերվողների նկատմամբ
- Տաբուն հաղթահարված է․ Հայաստանում բացահայտ քննարկում են սեռական բռնության դեպքերը
- Միայնակ մայրեր․ պատմություններ կանանց մասին, որոնք համարձակվել են այդ քայլին
«Կամրջի վրա կանգնած մտածում էի՝ Աստված իմ, նշան տուր»
«Հորս մասին շատ բան չգիտեմ: Մայրս ասում է, որ նա մահացել է իմ ծնվելուց կարճ ժամանակ անց: Մանկությունից լավ հիշողություններ գրեթե չունեմ, վատերը՝ ինչքան ուզեք: Մայրս հոգեկան առողջության խնդիր ունի: Շատ լավն է, բարի, բայց, կարծես երեխա լինի, ընկնում է այլ մարդկանց ազդեցության տակ: Չեմ էլ հիշում, թե որ տարիքից է ինձ հետը մուրացկանության տարել։ Բայց հիշում եմ, որ ամեն օր մեր հավաքած գումարը բերում և տալիս էր այն կնոջը, ում տանը վարձով էինք ապրում»,- հիշում է Լուսինեն (անունը փոխված է):
Նրանք սկսել են մուրացկանություն անել այն ժամանակ, երբ հեռացել են մոր հայրական տնից և նկուղային մի սենյակ վարձակալել Երևանի արվարձաններից մեկում: Սենյակի վարձը տալու համար մուրացկանությամբ զբաղվելու միտքը տանտիրուհին է տվել:
«Տարեց կին էր, մի ժամանակ նրան տատիկ էի ասում: Վստահ եմ, որ մեր հավաքած գումարը շատ ավելին էր, քան այդ փոքրիկ սենյակի վարձը, բայց նա անընդհատ դժգոհում էր, նեղացնում ինձ ու մորս, ստիպում ամեն օր դուրս գալ մուրացկանության: Ես արդեն դպրոց էի գնում նույն թաղամասում, դասերից շատ էի բացակայում, որովհետև նա ստիպում էր մորս հետ փողոցում լինել:
Ես շատ էի ամաչում, երբ ինձ փող մուրալիս տեսնում էին ուսուցիչներս կամ դասընկերներս: Չեմ հիշում մի օր, որ մորս հետ վիճած չլինեմ այդ թեմայով: Ես ուզում էի դպրոց գնալ, սիրում էի սովորել, բայց մայրս ասում էր, որ «տատիկը» մեզ համար այդքան բան է անում, թույլ է տալիս իր տանն ապրել, սա նրան վարձահատույց լինելու տարբերակ է»,- հիշում է Լուսինեն:
Բարձր դասարաններում նրան հաջողվում էր համոզել մորն ու դպրոց գնալ: Գերազանց առաջադիմությամբ աղջկան բոլոր ուսուցիչներն էին սիրում, բայց որևէ մեկը չէր բարձրաձայնում երեխայի՝ հաճախակի բացակայությունների, կրթությունից դուրս մնալու կամ հարկադիր շահագործման մասին: Վիճակն ավելի անտանելի դարձավ, երբ Լուսինեի մոր կյանքում տղամարդ հայտնվեց.
«Երբ նա հայտնվեց մեր տանը, ես հասկացա՝ դա ոչ թե փրկություն է, այլ տառապանքի նոր փուլ: Նրան հաջողվում էր մայրիկիս իմ դեմ տրամադրել: Ես այլևս չէի կարողանում դպրոց գնալ, բայց արդեն ավարտական դասարանում էի, հասկանում էի, որ կրթությունն իմ միակ հնարավորությունն է այդ անդունդից դուրս գալու համար:
Մի օր, երբ հերթական անգամ ասացի, որ չեմ գնա մուրացկանության, որ ամաչում եմ, այդ մարդն ասաց. «Ուրեմն այլ կերպ կվաստակես կյանքիդ համար: Այս տանը ոչ ոք անվճար չի ապրելու»: Ես միանգամից չհասկացա՝ ինչ նկատի ունի, բայց երեկոյան, երբ տուն եկավ ու ասաց, որ ինձ տեղ է տանելու, ես ամեն ինչ հասկացա: Վախից քարացել էի, ուզում էի մեռնել:
Չգիտեմ էլ՝ ինչպես կարողացա փախչել տնից: Հիշում եմ, որ ուժեղ անձրև էր գալիս: Միակ տեղը, ուր կարող էի գնալ, դասընկերուհուս տունն էր: Զանգահարեցի, խնդրեցի, որ թույլ տան իրենց տանը գիշերել, սակայն դասընկերուհուս մայրն ասաց, որ տանտիրուհին դժվար թե թույլ տա: Երբ դա լսեցի, հասկացա, որ այլ ելք ուղղակի չունեմ: Գնացի, կանգնեցի կամրջի վրա ու մտածեցի՝ մեկ քայլ է ազատության և այն կյանքի միջև, որին ես երբեք չեմ համաձայնի:
Կամրջի վրա կանգնած մտածում էի՝ Աստված իմ, մի նշան տուր ինձ, միայն մեկ նշան: Այդ պահին զանգ եկավ. ընկերուհուս մայրն էր, ասաց, որ տանտիրուհին համաձայնել է ինձ գիշերելու տեղ տալ»:
Դասընկերուհու տանը հայտնվելուց հետո Լուսինեն ծանոթացավ տանտիրուհու հետ: Արտաքուստ խիստ կինը՝ լսելով երեխայի պատմությունը, միանգամից սիրեց աղջկան ու առաջարկեց ապրել իր տանը՝ այնքան, որքան պետք կլինի: Նրա խորհրդով և աջակցությամբ Լուսինեն դիմեց ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելով իրեն ու մորը շահագործող տղամարդու դեմ: Գործին ընթացք տրվեց, տղամարդը ձերբակալվեց:
Հենց այս տանը Լուսինեն ավարտեց դպրոցը, գտավ կազմակերպություն, որն աջակցում էր թրաֆիքինգի ենթարկված անձանց, ընդունվեց համալսարան, գտավ աշխատանք և նոր կացարան:
Անտարբերության ու չիմացության սահմանին
Հայաստանում թրաֆիքինգի ամենատարածված տեսակները սեռական և աշխատանքային շահագործումն են: Վերջին տարիներին ավելանում են աշխատանքային շահագործման դեպքերը:
Դրանցից շատերը ո՛չ արձանագրվում են, ո՛չ նույնականացվում, քանի որ թրաֆիքինգի ենթարկվողները հիմնականում չեն բարձրաձայնում իրենց նկատմամբ բռնության մասին՝ դա համարելով սովորական երևույթ:
Ոստիկանության տվյալներով` այս տարվա միայն առաջին 3 ամիսներին քննվել է թրաֆիքինգի փաստով 6 քրեական գործ: Նախորդ տարիների պատկերն այսպիսին է․
- 2020 թ.-ի ընթացքում հարուցվել է 10 քրեական գործ,
- 2019 թ.-ին՝ 8,
- 2018 թ.-ին` 10,
- 2017 թ.-ին` 17:
Հայաստանից սեռական թրաֆիքինգի հիմնական ուղղություններն են Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, աշխատանքային շահագործման վերջին կանգառները՝ Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելառուսը:
Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ պետքարտուղարության 2019 թ.-ի զեկույցում արձանագրվել է Հայաստանի հետընթացը՝ չնայած պետության գործադրած ջանքերին: Ըստ զեկույցի՝ խնդիրը հատկապես արդիական է գյուղական բնակավայրերում ապրող տղամարդկանց և խնամքի հաստատություններում՝ մանկատներում և գիշերօթիկներում ապրող երեխաների դեպքում։ Նրանց, սովորաբար, հարկադիր աշխատեցնում են անասնապահական և գյուղատնտեսական ֆերմաներում:
Այս դեպքերի մեծ մասը չի բացահայտվում՝ հասարակական անտարբերության կամ թրաֆիքինգի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածության պատճառով։ Օրինակ, մուրացկանություն անող կամ խանութում ֆիզիկական ծանր աշխատանք կատարող երեխան չի ընկալվում որպես թրաֆիքինգի զոհ, իսկ ֆերմայում առանց վարձատրության, միայն կացարանի համար աշխատանքը՝ որպես շահագործում:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ 2020-2022 թթ.-ի ազգային ծրագրում առաջին անգամ առանձնացվել է երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարի ընթացակարգը։ Հաշվի է առնվել նրանց կրկնակի խոցելիությունը, նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների լատենտությունը և պետության ստանձնած պատասխանատվությունը՝ նրանց նկատմամբ:
Ո՞վ և ինչպե՞ս է աջակցում թրաֆիքինգի ենթարկվածներին
Զոհ դարձած անձանց նույնականացումն իրականացվում է միայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի» կողմից: Դրանում ներգրավված են 3 պետական կառույց՝ ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաև՝ 3 կազմակերպություն հասարակական սեկտորից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանի խոսքով՝ թրաֆիքինգի ենթարկված անձանց համար պետական աջակցության 2 ծրագիր է գործում.
«Դրանցից մեկը վերաբերում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրմանը: 2020 թ.-ից ի վեր այս ծրագրի ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է պետական բյուջեից: Նախորդ տարիներին մենք ծրագիրն իրականացրել ենք գործընկեր ՀԿ-ների հետ համաֆինանսավորմամբ:
Կարևոր է, որ աջակցությունը տրամադրվում է ոչ միայն թրաֆիքինգի զոհերին, այլև հավանական զոհերին, այսինքն այն մարդկանց, ովքեր հանձնաժողովի կողմից չեն նույնացվել որպես զոհ: Սա արվում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովի եզրակացությունը կարող է որոշակի ժամանակ պահանջել, իսկ մարդկանց աջակցությունն անհապաղ է պետք»:
Թրաֆիքինգի զոհ դարձած անձանց տրամադրվում է՝
- կացարան,
- բնաիրային օգնություն,
- վերականգնվում կամ նորից կազմվում են անհրաժեշտ փաստաթղթերը,
- անհրաժեշտության դեպքում՝ նաև բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Թրաֆիքինգի զոհերին տրամադրվում է նաև իրավաբանական, փաստաբանական և հոգեբանական խորհրդատվություն, ինչպես նաև՝ աջակցություն կրթություն ստանալու հարցում այն երեխաներին, որոնց ծնողները թրաֆիքինգի են ենթարկվել և գտնվում են կացարանում:
Սոֆի Բոստանչյանի խոսքով՝ զոհի ցանկությամբ՝ նախարարությունն ուղղորդում է նաև աշխատանքի տեղավորման հարցում, քանի որ կացարանից դուրս գալուց հետո նրանք վերաինտեգրման խնդիր են ունենում:
Պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակում թրաֆիքինգի ենթարկված անձանց նաև դրամական միանվագ աջակցություն է տրամադրվում՝ 250 հազար դրամ՝ առաջին անհրաժեշտության կենցաղային կարիքները հոգալու համար: 2020 թ.-ից դրամական աջակցություն կարող են ստանալ նաև թրաֆիքինգի զոհ դարձած երեխաները:
«Գնացի, որ ասեմ՝ ես իրեն հաղթել եմ»
«Ինձ թվում է՝ այդ մեկ զանգը փոխեց կյանքս, դարձավ բոլոր տառապանքներիս պատասխանը: Ես չգիտեմ՝ ինչ կլիներ ինձ հետ, եթե ես չհանդիպեի այդ կնոջը, եթե այդ օրը որոշեի՝ քայլ անել դեպի անհայտություն: Այդ կինը փրկեց ինձ»,- ասում է Լուսինեն՝ հիշելով կյանքի ամենավատ օրը:
Նա շարունակում է շփվել մոր հետ, որն իրենից նեղացած է՝ ամուսնուն բանտ ուղարկելու համար: Շփում կա նաև նախկին տանտիրուհու հետ, որն իրեն դրդում էր մուրացկանության։
«Համալսարան ընդունվելուս օրը առաջին բանը, որ արեցի, գնացի այդ կնոջ մոտ: Նա ամբողջ կյանքում ինձ ասում էր, որ ես ոչինչի չեմ հասնի, որ ինձ մորս ճակատագիրն է սպասվում: Ես գնացի, որ ասեմ նրան․ ինքը սխալվել է, ես իրեն հաղթել եմ»,- ասում է Լուսինեն:
Սիրելի տղան գիտի Լուսինեի անցյալի մասին, նրա ընտանիքը՝ դեռ ոչ: Աղջիկը փորձում է հետ չնայել, գիտի՝ լավագույնն իրեն առջևում է սպասում, միայն երբեմն վախենում է՝ անցյալը չստվերի իր ապագան: